Մայիսի 12-ին Երեւանում կայացել է Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ հարաբերությունների նոր իրավական հիմք ձեւավորելու շուրջ բանակցությունների հերթական` երրորդ փուլը։ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանի եւ Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Արեւելյան գործընկերության բաժնի տնօրեն Դիրկ Շուբելի նախագահությամբ անցկացված բանակցությունների ընթացքում քննարկվել են քաղաքական երկխոսության, բարեփոխումների, արդարադատության եւ ազատությունների ոլորտներում համագործակցության գլուխների դրույթները: Այնուհետեւ տեղի է ունեցել լիագումար նիստ, որի ընթացքում ամփոփվել են ոլորտային ու առեւտրի եւ ներդրումների հարցերին նվիրված մինչեւ օրս եվրոպական կողմի հետ անցկացված բանակցությունների արդյունքները, ինչպես նաեւ նախանշվել են ապագա քննարկումների շրջանակն ու ժամանակացույցը։
Եթե եվրամիության հետ այս բանակցությունները ընթանային մինչեւ ապրիլը, բնականաբար Հայաստանում դրանց հանդեպ հետաքրքրությունը բոլորովին այլ կլիներ, քանի որ ԵՄ հետ հարաբերությունների խորացումը կարեւոր դերակատարություն կարող էր ունենալ մեր երկրի ապագայի համար: Մինչդեռ պատերազմական այս իրավիճակում ԵՄ հետ բանակցությունների մասին տեղեկատվությունը երեկվա լրահոսում երրորդական տեղ էր զբաղեցնում, քանի որ առկա իրավիճակը բոլորովին այլ առաջնահերթություններ է թելադրում:
Այս առումով դժվար է ասել՝ արդյոք իրավիճակը կլիներ այնպիսին, ինչպես որ հիմա է, եթե, այնուամենայնիվ, չլիներ 2013թ. սեպտեմբերի Սերժ Սարգսյանի «մեկ գիշերում» կայացրած որոշումը: Ինչ խոսք, Եվրոպական ինտեգրացումը շատ ավելի նախընտրելի ուղղություն էր եւ շարունակում է այդպիսին լինել Հայաստանի համար՝ հեռանկարային առումով: Մյուս կողմից էլ անցած մեկուկես տարին ցույց տվեց, որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը զուտ տնտեսական առումով անշահավետ քայլ էր, իսկ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ակնհայտ դարձավ, որ այն նաեւ քաղաքական առումով միանգամայն անհեռանկար ուղղություն է:
Այդքանով հանդերձ, սակայն, դժվար թե գլոբալ առումով մեր վիճակն ավելի լավ լիներ, եթե Հայաստանը ստորագրեր ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիրը: Ի վերջո, Եվրամիությունը երբեւէ չի առաջարկել անվտանգության որեւէ երաշխիք կամ թեկուզ աջակցության մեխանիզմներ, որոնց կիրառմամբ Հայաստանը հնարավորություն կունենար հավասարակշռելու ռուսական ազդեցությունն այս հարցում: Իսկ ԵՄ առաջադրած՝ «կամ-կամ»-ի վերջնագիրն էլ պարզապես Հայաստանի իշխանություններին զրկեց մանեվրելու որեւէ հնարավորությունից:
Եվ ուրեմն Հայաստանը ստիպված էր անվտանգության՝ թեկուզ ոչ հաստատուն հնարավորություններ ընձեռող համակարգը գերադասել առհասարակ որեւէ համակարգի բացակայությունից: