ԵՂԵԼ ԵՆ ՀԱՄԵՐԳՆԵՐ, ՈՐՈՆՑ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

90-ականներին հայ երիտասարդությունը լսում էր մի խումբ երգիչների, որոնք այսօր ոչ միայն համերգներով հանդես չեն գալիս, այլեւ եթերում չեն երեւում: Դրանք էին «Արձագանք» ստուդիայի մեներգիչները` Լիլիթ Կարապետյանը, Արման Բարդումյանը, Օլգա Այվազյանը, Սրբուհի Քեքեջյանը, Արփինե Բեկջանյանը:Մենք կարողացանք կապ հաստատել Օլգա Այվազյանի հետ: Նա ասաց, որ հիմա ոչ մեկին հարցազրույց չի տալիս, Արման Բարդումյանը նույնպես հրաժարվեց խոսել, իսկ ահա  Լիլիթ Կարապետյանը սիրով պատասխանեց մեր հարցերին: – Իմ պասիվ գործունեությունը վերջին մի քանի տարիների ընթացքում կապված էր որդուս ծնունդով,- ասաց Լիլիթը,- ի դեպ,  որդիս երկու անուն ունի` Ալեքս-Կարեն: Էնպես ստացվեց, որ 2009 թվականին գործի բնույթով (տեսահոլովակ պետք է նկարահանեի)  մեկնել էի ԱՄՆ, հետո ինձ մոտ ի հայտ եկան առողջական խնդիրներ, ու բժիշկները թույլ չտվեցին ինձ վերադառնալ: Վիճակս բավականին լուրջ էր:Բժշկական ստուգումներից հետո ինձ ասացին, որ պետք է  պառկած ռեժիմ պահպանեմ, դրա համար էլ մնացի էնտեղ, իրավունք չունեի ինքնաթիռ նստել: Բալիկս էնտեղ էլ ծնվեց, եւ, ինչպես կարգն է, սպասեցի մինչեւ նա դառնա 3-3.5 ամսական, հետո միասին վերադարձանք:Այս մի քանի տարիների ընթացքում ես հասցրել եմ բավական թվով  երգեր ձայնագրել, ալբոմն ավարտին հասցնելու համար մնացել է մի երգ: Պարապ չեմ եղել, հավատացե՛ք, պարզապես տեսահոլովակ չեմ նկարել ու եթերում շատ չեմ երեւացել: Երբ ալբոմս թողարկեմ, կնկարեմ նաեւ տեսահոլովակ: Հիմա աշխատում եմ շատ չերեւալ ու դեռ նոր երգերս չհնչեցնել: Ուզում եմ անակնկալ լինի իմ երկրպագուների համար:  Նույնիսկ այն ժամանակ, երբ «Արձագանք» ստուդիայի երգիչները կարծես թե շատ չէին երեւում, ես էլի գործ էի անում: Խնդիրս եթերային է եղել, բայց ժողովրդի սիրել- չսիրելու հետ դա կապված չէ: Եղել են համերգներ, որոնց մասնակցել եմ: Իսկ  եթերում չլինելուս պատճառը… դուք էլ լավ գիտեք` հիմա ինչ պրոբլեմներ կան: Տարիներ առաջ տեսահոլովակ էի նկարել կյանքի գնով, մի անգամ եթեր էին տալիս ու հետո դադարեցնում: Ես ել փորձում էի պայքարել ու նորն էի նկարում: Այդ ժամանակ էլ մի քանի հեռուստաընկերություններում, երբ հյուր էի լինում, ասում էի, որ նման պրոբլեմ կա, ու երեւի թե իմ այդ խոսքերն ինչ-որ բան փոխեցին, ու իմ «Սիրո պատմություն» տեսահոլովակը մի պահ սկսեց շատ երեւալ եթերում: Ու իմ արած գործը մի 20 տոկոսով արդարացավ: Ձայներիզից բացի պատրաստելու եմ նաեւ տեսաերիզ, որը երբեք չեմ ունեցել: Ուզում եմ դրա մեջ հավաքել իմ բոլոր նյութերն ու այն նվիրել եղբորս: Եթե մի քիչ սպասեք, շուտով կարդարացնեմ լռությունս` ձայներիզի ու տեսաերիզի տեսքով: Հստակ չեմ կարող ասել, թե որ  օրը կլինի շնորհանդեսը: Ինչ եկել եմ, ամիս եմ ասում, բայց ես հասկացա, որ երեխայի հետ ուղղակի իրավունք չունեմ որեւէ կոնկրետ ժամկետ ասելու: Մոտավորապես ամռան սկզբին  կարող եմ ներկայացնել: Տա Աստված` հենց տղայիս ծննդյան օրն  էլ լինի: Ինքս էլ անհամբեր սպասում եմ այդ օրվան:Հ.Գ. Մեր հայ երգչուհիներից շատերը գերադասում են երեխա ունենալ ԱՄՆ-ում, երգչուհի Արմինկան էլ իր որդուն` Ալեքսին, ունեցավ Ամերիկայում: Եվ պատճառն ամենեւին էլ այն չէ, որ մեր բժիշկները վատն են, այլ այն, որ իրենց երեխան միանգամից ստանա ԱՄՆ-ի քաղաքացիություն եւ հետագայում այնտեղ ապրելու, սովորելու կամ աշխատելու խնդիր չունենա: Շատ հեռատես են մեր շոուբիզնեսի մայրիկները: ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս