Շահառուների կարծիքներն ու առաջարկությունները` առաջնային

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աղվերանում  մեկնարկել է ՀՀ ԿԳՆ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի կազմակերպված հանրակրթական դպրոցների վարկանիշավորման համակարգի քննարկմանը նվիրված աշխատաժողովը:

Աշխատանքային քննարկմանը մասնակցում են հիմնական, միջնակարգ և ավագ դպրոցների տնօրեններ՝ մարզերից և մայրաքաղաքից, Կրթության տեսչության, ՀՀ ԿԳՆ Ազգային ինստիտուտի, նախարարության ներկայացուցիչներ և  բոլոր  մարզերի հանրակրթության վարչության պետերը:

Աշխատաժողովի  հիմնական  նպատակն  է  ներկայացնել վարկանիշավորման  համակարգի  սկզբունքները,  մեթոդաբանությունը, ցուցանիշների  ու  հաշվարկի  մեխանիզմները  և  ստացված  նոր առաջարկությունների  հիման  վրա  լրամշակել  տարբերակները:

Դպրոցների վարկանիշավորման համակարգը Հայաստանում գործարկվել է երեք տարի առաջ՝  միջազգային վարկանիշավորման փորձի հիման վրա մշակած ազգային մեթոդաբանությամբ: Ներկայացնելով վարկանիշավորման  գործող համակարգը՝ ԿՏԱԿ տնօրեն Արտակ Պողոսյանը նշել է, որ այս տարիների ընթացքում վարկանիշավորման մեթոդաբանությունն անընդհատ կատարելագործվել է՝ նպատակ ունենալով այն համապատասխանեցնել կրթական կարիքներին. “Չնայած մեթոդաբանությունը հրապարակված է և բոլորին հասանելի, այնուամենայնիվ, շատ դեպքերում, երբ հրապարակվում են արդյունքները՝  դպրոցների մոտ առաջանում են ինչ-ինչ հարցեր:

Այս կարգի  մասնագիտական քննարկումներով մենք  նպատակ ունենք գնահատման սկզբունքներն ու ցուցանիշները  դպրոցների համար դարձնել ընկալելի, ինչու չէ, նաև դրանք վերանայել՝ հաշվի առնելով հենց  դպրոցների տնօրենների ու շահագրգիռ մյուս կառույցների  առաջարկություններն ու   մտահոգությունները: Մենք կարծում ենք, որ մեթոդաբանությունն ու ցուցանիշները առավել արդյունավետ կարող են կատարելագործվել՝ հաշվի առնելով առաջին հերթին շահառուների կարծիքներն ու առաջարկությունները: Մեր հիմնական խնդիրն է,  որպեսզի բոլոր դպրոցների համար պարզ, ընկալելի և ընդունելի  լինի, թե ինչն է գնահատվում, ինչպիսի ցուցանիշների հիման վրա և  ինչ մեթոդով”,- իր խոսքում նշել է Արտակ Պողոսյանը և հավելել, որ ակնկալում է, կոնկրետ առաջարկություններ, որոնք կօգնեն կատարելագործել համակարգը: Ա. Պողոսյանը նաև նշել է, որ վարկանիշավորման համար հիմք են հանդիսանում այն  ցուցանիշները, որոնք ներկայացնում են դպրոցները` համապատասխան հարցաթերթի լրացման միջոցով:

Գործող համակարգի համաձայն՝ վարկանիշավորումը կատարվում է ավելի քան 40 ցուցանիշների միջոցով, որոնք բաժանվում են հինգ հիմնական ուղղությունների՝ սովորողների ուսումնառության տվյալներ, ուսուցիչներ, դպրոցի ակտիվություն, ներդպրոցական ակտիվություն և կառավարման արդյունավետություն: “Վարկանիշի ձևավորման գերակա ուղղությունը մենք համարում ենք սովորողների ուսումնառության տվյալները, որով ձևավորվում է գնահատականի ավելի քան 50 տոկոսը: Այստեղ մենք հաշվի  ենք առնում, եթե օրինակ խոսքը միջնակարգ և ավագ դպրոցների մասին է, և՛ ավարտական գնահատականների արդյուքնները, և՛  ԳԹԿ-ի կազմակերպած միասնական քննությունների, և՛ դպրոցների  ավարտական  քննությունների արդյուքները,  ինչպես նաև դրանց համադրելիությունը”,- նշել է Ա. Պողոսյանը:

Գնահատումը կատարվում է  ըստ  դպրոցների տեղակայման վայրի,  սովորողների թվի, կազմակերպաիրավական ձևի և կրթական աստիճանների: Օրինակ՝ քաղաքային դպրոցը, ինչպես Ա. Պողոսյանն է նշել,  համեմատելի չի կարող լինել գյուղական  փոքր դպրոցի հետ: ԿՏԱԿ տնօրենի խոսքով՝  հաշի առնելով, որ դպրոցները որպես կանոն  վարկանիշավորման հարցաթերթը լրացնելիս ունենում են դժվարություններ՝ հատկապես ցուցանիշները ճիշտ  մուտքագրելու առումով,  որոշվել է թողարկել դպրոցների վարկանիշավորման ուղեցույց, որն առաջիկայում կհրատարկվի և կբաժանվի բոլոր դպրոցների տնօրեններին:

Դպրոցների տնօրեններից մեկը հարց է բարձրացել, որ կան դեպքեր, երբ ԿՏԱԿ-ի իրականացրած վարկանիշավորման արդյունքում որոշ դպրոցներ հայտնվում են առաջատար դիրքերում, մինչդեռ նույն դպրոցը Կրթության պետական տեսչության իրականացրած գնահատման արդյունքներով  վերջին տեղերում է գտնվում: Ըստ Արտակ Պողոսյանի՝ խնդիրն այստեղ  մեթոդաբանությունների տարբերությունների մեջ է. “Մենք պետք է հասկանանք, որ Կրթության տեսչությունը իր գնահատումն  իրականացնում է իր իսկ կողմից  իրականացրած ստուգումների հիման վրա,  հաշվի առնելով կրթական  օրենսդրության պահպանումը:

Բացի այդ՝ տեսչության  ստուգումները  յուրաքանչյուր տարվա կտրվածքով տարածվում են  հանրապետության դպրոցների որոշակի քանակի  վրա միայն, մինչդեռ վարկանիշավորման գործընթացում ներգրավված են բոլոր դպրոցները և հիմք են ընդունվում  բացառապես այնպիսի  ցուցանիշներ, որոնք ընդհանրական են բոլոր  դպրոցների  համար և ներկայացվում են հենց դպրոցների կողմից:  Շատ կարևոր է նաև, որ այդ ցուցանիշները լինեն ստուգելի և չափելի: Եթե հնարավոր լիներ  բոլոր դպրոցների  համար ունենալ տեսչական ստուգումների արդյունքներ, մենք անպայման դա կդարձնեինք վարկանիշավորման ցուցանիշ: Բայց քանի դեռ այս պահին դա հնարավոր  չէ իրագործել,   մենք տեսչավորման արդյունքները չենք ներառում վարկանիշավորման ցուցանիշների մեջ”,- նշել է Ա. Պողոսյանը և հավելել, որ վարկանաիշավորումն ու տեսչավորման գնահատումները միմյանց չեն խանգարում:

Քննարկման  ընթացքում մասնակիցները բարձրացրել են տարբեր հարցեր և առաջ քաշել տարբեր մոտեցումներ: Աշխատաժողովը շարունակվում է:




Լրահոս