Բանակցություններ` առանց օրակարգի. հայկական կողմը մեկնել էր` չիմանալով` իրեն ինչ է սպասվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Վիեննայում Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ մեկնարկած բանակցությունները ամեն տեսանկյունից աննախադեպ բնույթ էին կրում: Այն, որ քառօրյա պատերազմից հետո տեղի ունենալիք բանակցությունները, երբ էլ դրանք անցկացվեին, չէին կարող հերթականը լինել, ակնհայտ էր: Սակայն հայկական կողմի մոտեցումը բանակցություններին, դրանց կայացման հարցում միջնորդների ներդրած ջանքերը հաստատ աննախադեպ էին:

Նախ հայկական կողմի մոտեցման մասին: Նախագահական գրասենյակը երեկ այսպիսի հաղորդագրություն տարածեց. «Սերժ Սարգսյանը ս.թ. մայիսի 16-ին աշխատանքային այցով կմեկնի Ավստրիայի Հանրապետություն՝ Վիեննա, որտեղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների նախաձեռնությամբ նախատեսված են մի շարք աշխատանքային հանդիպումներ»:

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ համանախագահները անցած հինգշաբթի հայտարարեցին, որ մայիսի 16-ին Վիեննայում նախատեսվում է կազմակերպել Սարգսյան-Ալիեւ հանդիպում: Այնուհետեւ մայիսի 13-ին ԱՄՆ պետդեպարտամենտը հաղորդագրություն տարածեց այն մասին, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին մայիսի 16-ին գտնվելու է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում, որտեղ նախատեսվում է Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը։ Երեկ էլ առավոտյան հայտնի դարձավ, որ Վիեննայում հավաքվել են աշխարհաքաղաքական բոլոր կենտրոնների արտաքին գործերի ղեկավարները: ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին Վիեննա էր ժամանել իր տեղակալ Վիկտորիա Նուլանդի հետ, Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի գլխավորած պատվիրակությունը եւս պակաս ներկայացուցչական չի եղել:

Բացի այդ՝ Վիեննա են ժամանել նաեւ Ֆրանսիայի պետնախարար Արլեմ Դեզիրը եւ Եվրամիության արտաքին քաղաքականության ու անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը եւս լրագրողների հետ զրույցում ուղղակի ասել էր, որ Սերգեյ Լավրովը եւ Ջոն Քերրին Վիեննայում քննարկելու են Լեռնային Ղարաբաղում, Սիրիայում եւ Ուկրաինայում ստեղծված իրավիճակը:
Այս ամենով հանդերձ նախագահականը Սերժ Սարգսյանի այցելության նպատակը ընդամենը բնորոշել էր «նախատեսված են մի շարք աշխատանքային հանդիպումներ» ձեւակերպմամբ:

Ակնհայտ է, որ հայկական կողմը բանակցությունների է մեկնել` չիմանալով, թե այնտեղ իրեն ինչ է սպասվում: Արդյունքում, նախագահականում նախընտրել են ընդամենը այցի փաստն արձանագրել, իսկ նպատակների վերաբերյալ պաշտոնական մեկնաբանությունները թողնել հետոյին` ըստ իրադարձությունների զարգացման ընթացքի: Հայաստանը մեկ անգամ արդեն մասնակցել է աշխարհի հզորների անմիջական ներգրավմամբ բանակցությունների, որի արդյունքում ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը 2009-ի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրեց «Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» եւ «Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների զարգացման մասին» խայտառակ արձանագրությունները:

Այդ փաստաթղթերը այդպես էլ մնացին թղթի վրա եւ կյանքի չկոչվեցին, բայց այդ ողջ գործընթացը Հայաստանի հեղինակությանը բավական լուրջ վնաս հասցրեց` արտաքին աշխարհի աչքերում մեր երկիրը դարձնելով թույլիկ, որի «թշերից» քաշքշելով՝ կարելի է պարտադրել ցանկացած փաստաթուղթ ստորագրել:

Ինչեւէ, երեկ մինչ երեկո դեռ անհայտ էր Իլհամ Ալիեւն, ի վերջո, ժամանել էր Վիեննա, թե ոչ: Այնուհետեւ հայտնի դարձավ, որ Երեւանի ժամանակով 21.30-ին պետք է տեղի ունենա Սերժ Սարգսյանի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրի հետ:

Ենթադրվում էր, որ ԱՄՆ պետքարտուղարն այնուհետեւ հանդիպելու էր նաեւ Իլհամ Ալիեւի հետ: Այդ երկու հանդիպումների արդյունքում պետք է նոր միայն որոշվեր՝ Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հանդիպումը, այնուամենայնիվ, տեղի կունենա, թե ոչ: Մինչ բոլորը սպասում էին Սարգսյան-Քերրի հանդիպմանը, հայտնի դարձավ, որ արդեն տեղի է ունեցել Եվրամիության արտաքին քաղաքականության ու անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հանդիպումը Սարգսյանի եւ Ալիեւի հետ:

ԱՄՆ պետքարտուղարի եւ Սերժ Սարգսյանի հանդիպումից մեկուկես ժամ անց` Երեւանի ժամանակով արդեն կեսգիշերին մոտ, մեկնարկեց Սարգսյան-Ալիեւ հանդիպումը, որին մասնակցեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների արտաքին գործերի նախարարները, ԵԱՀԿ ՄԽ համանախագահողները: Թե ինչ արդյունք է ունեցել այդ հանդիպումը, պարզ կդառնա այսօր: Սերժ Սարգսյանը երեկ ընդամենն ասել է, որ հանդիպումն անցել է «նորմալ»: Սպասվում էր, որ հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խումբը հանդես կգա հայտարարությամբ, սակայն, թերթը արդեն պատրաստ էր տպագրության, բայց այն դեռ չէր տարածվել:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս