Մանվել Գրիգորյանի գյադիզմն` ընդդեմ Արցախի. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գեներալ Մանվել Գրիգորյանի հետ կապված վերջին միջադեպը, որի մասին օրերս բարձրաձայնեց Արցախի Մարտական խաչի ասպետ, հրամանատար Վահան Բադասյանը, ոչ միայն խիստ տհաճ է, այլեւ չափազանց վտանգավոր: Հիշեցնենք, որ ըստ Բադասյանի՝ գեներալ Մանվելը մայիսի 9-ին Հադրութում հայհոյել էր իր շարասյան ճանապարհը նեղացրած զինվորներին, իսկ նրա թիկնապահները ավտոմատներով սպառնացել էին դեպի դիրքերը գնացող տղաներին: Սա առիթ էր դարձել, որպեսզի վրդովված Արցախի հրամանատարը վերհիշեր նաեւ գեներալ Մանվելի` 90-ականների գործունեությունը եւ հայտարարեր, որ նա արցախյան պատերազմի տարիներին հիմնականում զբաղված է եղել թալանով եւ ավարառությամբ:

Ասել, որ գեներալ Մանվելի անվան շուրջ նման խոսակցությունները նորություն են, եւ այդ մասին չեն վկայում արցախյան պատերազմին մասնակցած ինչպես ղարաբաղցի, այնպես էլ հայաստանցի բազմաթիվ ազատամարտիկներ, երեւի թե կարող են միայն Մանվել Գրիգորյանի ԵԿՄ-ական ենթակաները կամ կուսակցական ընկերները: Սակայն մի կողմ թողնելով այդ խոսակցությունների իսկությունը 22 տարի անց քննելու անշնորհակալ գործը` անդրադառնանք այն ոճին, որով Բադասյանի հայտարարությունից երկու օր անց, ի վերջո, որոշեցին հերքմամբ հանդես գալ գեներալի թիմակիցները` մրցավազքի մեջ մտնելով, թե ով ավելի թունդ կհայհոյի Բադասյանին:

ԵԿՄ անվերջ փոխնախագահ Արա Կետիկյանն ուղղակիորեն վիրավորեց արցախցի գործչին, իսկ ԵԿՄ լրատվության բաժնի պատասխանատու Վարդան Վարդանյանն էլ, ոչ ավել, ոչ պակաս, հայտարարեց, թե գեներալ Մանվելի դեմ գործում է մի հանցախումբ, որի նպատակն է վարկաբեկել Գրիգորյանին: Ըստ երեւույթին, իր ղեկավարի վարքականոնից որոշ տարրեր փոխառած օգնականը նաեւ դիմեց ԼՂՀ վարչապետի մամուլի խոսնակին` վերջինիս վրա հոխորտալով, թե` Արցախի վարչապետի մարդն ասում է` տեղյակ չեմ, բայց դատապարտում է: Դու` վարչապետի մամուլի քարտուղա՛ր, որ տեղյակ չես, ո՞նց ես դատապարտում, ա՛յ տղա: Նկատենք, որ ԼՂՀ վարչապետի մամլո խոսնակ Արտակ Բեգլարյանը նշել էր, որ տեղյակ չէ միջադեպի մանրամասներից, սակայն ով էլ լինի, պետք է իրեն կոռեկտ պահի:

Ըստ ամենայնի, գեներալ Մանվելին եւ նրա թիմակիցներին թվում է, թե դեռ 90-ականներն են, կամ էլ նրանք Հադրութը շփոթել էին էջմիածնի հետ, որտեղ գեներալի շարասյան ընթացքը խոչընդոտելու համար բազմաթիվ նման միջադեպեր են եղել, ընդհուպ հոգեւորականի ծեծի ենթարկելը: Եվ հատուկ պատերազմի եւ հերոսության կնիքը դեմքին կրող ԼՂՀ վարչապետի մամուլի խոսնակին «այ տղա»-ով դիմող գեներալի օգնականի համար նշենք, որ ամենեւին էլ կարիք չկա որեւէ «հանցախմբի» գործունեության` գեներալ Մանվելի կերպարը հանրությանը ներկայացնելու համար: Հայաստանը փոքր երկիր է, եւ բոլորն էլ շատ լավ գիտեն` ով ով է եւ ինչ ճանապարհով է դարձել միլիոնատեր:

 




Լրահոս