Ո՞ւր մնաց հայկական կողմի կոշտացրած դիրքորոշումը. Վիեննայի հանդիպումից հետո ձեռքբերումները նկատելի չեն. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլյան քառօրյա պատերազմից ամիջապես հետո հայկական կողմի կոշտացրած դիրքորոշումը օրեր անց ոչ միայն փափկեց, այլեւ հնչեցին հայտարարություններ, որոնք ուղղակիորեն հակասում էին մինչ այդ առաջադրված պայմաններին: Սերժ Սարգսյանը, ինչպես հիշում ենք, խոսեց բանակցությունների շարունակության հնարավորության մասին բացառապես շփման գծի` մինչ ապրիլի 1-ը եղած վիճակի վերականգնման դեպքում: Սակայն ինչպես որ հաճախ է լինում Ս. Սարգսյանի դեպքում, արված հայտարարությունները մոռացության տրվեցին, եւ ընդամենը օրեր անց շփման գծի վերականգնման փոխարեն մենք լսեցինք 800 հա կորսված հայկական տարածքների ռազմավարական անկարեւորության մասին մեկնաբանություններ:

Իհարկե, հասկանալի է, որ առկա իրավիճակում ՀՀ-ի հակազդեցության ռեսուրսները սահմանափակ են, եւ Վիեննայի հանդիպումը, որը լավագույն դեպքում կարելի էր կոչել բանակցություններ` բանակցությունները վերսկսելու հնարավորության մասին, ավելի նախընտրելի էր, քան սահմանին նոր լարվածությունը: Հարցն այն է, թե դրանով ինչ խնդիր լուծվեց եւ ինչպիսի ժամկետի համար: Վիեննայից հետո ողջ իշխանական վերնախավը, չթաքցնելով հրճվանքը, նշում է, թե Ս. Սարգսյանի առաջադրած 3 պայմաններից առնվազն 2-ը եռանախագահների կողմից ընդունվել են: Սա, իհարկե, տարակուսելի է, քանի որ եռանախագահները երբեւէ հանդես չեն եկել 94-95թթ համաձայնագրերի վերանայման կամ սահմանային հետաքննության մեխանիզմների ներդրման դեմ: Դրանց դեմ է հանդես եկել բացառապես Ադրբեջանը, որին էլ առաջադրված էին այդ նախապայմանները: Իսկ Ադրբեջանը Վիեննայում ընդամենը հավաստիացրել է, որ խաղաղության է ձգտում, ինչը, հենց Ս. Սարգսյանի գնահատմամբ, առանձնապես ոգեւորվելու առիթ չէ, քանի որ Ադրբեջանն առաջին անգամը չէ, որ նման հայտարարություններ է անում, սակայն հետո դիմում սադրանքների:

Եվ ուրեմն, հայկական կողմի` Վիեննայում ունեցած ձեռքբերումների մասին կարելի էր խոսել միայն մեկ դեպքում. եթե Ղարաբաղը վերադառնար բանակցային սեղան: Նման բան, սակայն, տեղի չունեցավ: Եվ չէր էլ կարող, քանի որ Ս. Սարգսյանը, ինչպես գիտենք, ոչ միայն իր 3 առաջարկներում նման պահանջ չէր դրել, այլեւ հենց Վիեննա մեկնելուց ժամեր առաջ հրահանգել էր Արցախի ճանաչման մասին օրինագիծը տապալել Աժ-ում՝ թույլ չտալով, որ այն անգամ օրակարգ մտնի: Իհարկե, ամենեւին չենք բացառում, որ այդ պահին դա կարող էր լինել ամբողջական տեղեկատվությանը տիրապետելու արդյունքում կայացված ճիշտ որոշում: Բայց դրան գոնե ֆորմալ մակարդակով պետք է ընդդիմանար Արցախը: Առհասարակ, ներկայիս իրավիճակում ԼՂՀ ինքը պետք է սկսի առավել բարձր հայտարարել բանակցային սեղանին վերադառնալու իր իրավունքի մասին` ընդհուպ գնալով պաշտոնական Երեւանի հետ տեսանելի հակադրության:
Մինչդեռ առայժմ ԼՂՀ ԱԳՆ-ն հանդես է գալիս Վիեննայում կայացված համաձայնությունը ողջունող հայտարարությամբ:




Լրահոս