Ռուսաստանի պայմաններն անբարենպաստ են ՀՀ գործարարների համար. ՏՄՊՊՀ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 18-ին եռօրյա աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնություն է մեկնել ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը՝ մասնակցելու Սանկտ-Պետերբուրգում ընթացող Միջազգային իրավական համաժողովին: Իր ձևաչափով եզակի այս Համաժողովը համարվում է խոշորագույն հարթակ՝ աշխարհի տարբեր երկրների տնտեսական, քաղաքական եւ իրավական կարեւոր հարցերի քննարկման համար: Այս տարի համաժողովին մասնակցում են աշխարհի ավելի քան 60 երկրներից ժամանած պաշտոնյաներ: Հանդիսավոր բացմանը ներկա էր նաև ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:

Ա. Շաբոյանը ներկայացրել է Հայաստանից ԵԱՏՄ անդամ երկրներ ապրանքների արտահանման ոլորտում իրականացված ուսումնասիրությունը

Համաժողովի շրջանակում տեղի է ունեցել Հակամենաշնորհային մարմինների համատեղ նիստը, որի ընթացքում Ա. Շաբոյանը հանդես է եկել ելույթով՝ անդրադառնալով ԵԱՏՄ անդամակցության շրջանակներում մեր երկրի ինտեգրման գործընթացին՝ այդ համատեքստում կարևորելով հատկապես ՀՀ արտահանման ընդլայնման հնարավորությունները: ՏՄՊՊՀ նախագահը ներկայացրել է նաև Հայաստանից ԵԱՏՄ անդամ երկրներ արտահանման ոլորտում իրականացված ուսումնասիրությունը, որի նպատակը ոլորտում առկա խոչընդոտների բացահայտումն ու դրանց լուծման ուղղությամբ տարվող քայլերի իրականացումն է:

«Ուսումնասիրությունն ընդգրկել է մեկ տասնյակից ավելի ոլորտներ, որոնց ընդհանուր մասնաբաժինը ՀՀ-ից դեպի ՌԴ արտահանման կառուցվածքում կազմում է շուրջ 75 տոկոս: Խոսքը վերաբերում է մասնավորապես դեղորայքի, ոգելից խմիչքների, ծխախոտի, պահածոների, շինանյութերի, կաթնամթերքի, միրգ-բանջարեղենի, ձկնամթերքի և այլ ոլորտներին»,-ներկայացրել է Ա. Շաբոյանը՝ մանրամասնելով ուսումնասիրության արդյունքում բացահայտված խնդիրները: «Տնտեսվարողները փաստում են, որ ՌԴ առևտրային ցանցերը իրենց հետ ուղղակիորեն համագործակցելու փոխարեն գերադասում են աշխատել միջնորդների հետ: Այլընտրանք չունենալով մեր տնտեսվարողները համաձայնվում են վերջինների առաջարկած պայմաններին, որոնք, մեղմ ասած անբարենպաստ են գործարարների համար: Օրինակ, մատակարարվող ապրանքների դիմաց վճարումները անհարկի ձգձգվում են, ապրանքները պատշաճ կերպով չեն ներկայացվում սուպերմարկետներում, կամ ապրանքների իրացման շուրջ պայմանավորվածությունների ընթացքում ստեղծվում են արհեստական դժվարություններ»: Ա. Շաբոյանն այս խնդիների հետ կապված կարևորել է ՌԴ-ում գործող խոշոր տնտեսվարողների կողմից հավասար և ոչ խտրական պայմանների կիրառումը ապրանքներ մատակարարող ընկերությունների նկատմամբ: ՏՄՊՊՀ նախագահն իր ելույթում նշել է նաև, որ որոշակիորեն արտահանման խոչընդոտ է հանդիսացել նաև ռուսական ազգային արժույթի արժեզրկումը, որը հանգեցրել է արտահանվող հայկական ապրանքների թանկացմանը և մրցունակության անկմանը:

Ա. Շաբոյանը ընդգծել է առևտրային ցանցերի և մատակարարների հարաբերությունների կանոնակարգման անհրաժեշտությունը.

«Առաջարկում եմ երկու կողմերի համար հստակ մշակել և կիրառել բարեխիղճ վարքագծի կանոններ, որով իրավական հիմքի վրա կդրվի և կկանոկարգվի նրանց փոխհարաբերությունները: Մասնավորապես, պետք է հստակ լինեն մատակարարներից ձեռքբերվող ապրանքների պայմանները, թե ինչ ժամկետներում պետք է կատարվեն վճարումները, ինչպիսի միջոցառումներ պետք է իրականացնեն առևտրային ցանցերը ապրանքների առաջմղումը և ներկայացվածությունը ապահովելու համար, մատակարարների և առևտրային ցանցերի միջև վեճերի առաջացման դեպքում լուծման ճանապարհները և այլն: Այդ կանոնները պետք է լինեն միասնական ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների տարածքում»,-շեշտել է ՏՄՊՊՀ նախագահը:

ՌԴ հակամենաշնորհային ծառայության ղեկավար Ի. Արտեմևը իր գոհունակությունն է հայտնել և ընդգծել իր պատրաստակամությունը՝ խնդրի շուտափույթ իրավական կարգավորման համար:

ՌԴ խոշոր առևտրային ցանցերի ներկայացուցիչները կժամանեն Երևան՝ տեղում քննարկելու բոլոր խնդիրները

Այցի շրջանակներում Ա. Շաբոյանը հանդիպել է նաև «ՌԴ առևտրային ցանցերի ասոցիացիայի» նախագահ Լոմակին Ռումյանցևի, ինչպես նաև մի շարք խոշոր առևտրային ցանցերի ներկայացուցիչների հետ և քննարկել հայ գործարարներին հուզող խնդիրներն ու դրանց լուծման ուղիները: Ա. Շաբոյանը նրանց հրավիրել է Երևան՝ անձամբ հանդիպելու արտահանմամբ զբաղվող տնտեսվարողներին և տեղում քննարկելու բոլոր մտահոգություններն ու խնդիրները:




Լրահոս