ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԼՂՀ-ՈՒՄ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 4-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն` նվիրված Վարդենիս-Մարտակերտ մայրուղու կառուցման հետ կապված աշխատանքներին: Խորհրդակցությանը մասնակցել են ԼՂՀ  վարչապետ Արա Հարությունյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, պաշտոնատար այլ անձինք: Կարեւորելով մայրուղու ռազմավարական նշանակությունը՝  Բ. Սահակյանը հանձնարարականներ է տվել շահագրգիռ կառույցներին՝ աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:

ԿՊԱՐԶԱԲԱՆԻ
Այսօր՝ ժամը 20:00-ին, ՀՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի է ունենալու ՀՀԿ գործադիր մարմնի նիստը:  Սպասվում է, որ այդ նիստի ընթացքում Սերժ Սարգսյանը ԳՄ անդամներին կներկայացնի Խորվաթիա եւ Մոսկվա կատարած այցի մանրամասները եւ հատկապես այն, թե ինչու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել, որ «Հայաստանը ցանկանում է միանալ Մաքսային միությանը»:

ՊԵՏՔ Է ՀԵՌԱՆԱ

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է. «Գուբեռնատորի կարգավիճակ ինքնակոչ ստանձնած Սերժ Սարգսյանը պետք է հեռանա: Հակապետական հայտնի արձանագրություններից, կազմակերպված հանցագործությամբ գողացված ընտրություններից, հակաքաղաքացիական շարունակվող բռնաճնշումներից, իսկ հիմա էլ Կրեմլում մեր հանրապետության ինքնիշխանության դեմ միանձնյա արձակած որոշումից հետո՝ Հայաստանի Սահմանադրությունն ու ազգային շահը ստեղծված արտակարգ դրությունից այլ ելք չեն հանդուրժում: Հանուն Հայաստանի ու մեր ապագայի, մեր անկախության, արդարության եւ ազգային անվտանգության՝ նա պետք է ազատի իր գրաված աթոռը»: Ուշագրավ է, որ Հովհաննիսյանը հերթական անգամ քաղաքական հայտարարություն է տարածում ոչ թե իր ղեկավարած կուսակցության, այլ անձամբ իր անունից:

ՍԵՎԱՆԸ ՀԻՇԵՑԻՆ
Սեւանա լճի հիմնախնդիրների շուրջ Սերժ Սարգսյանը երեկ խորհրդակցություն է հրավիրել, որին մասնակցել են՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը, էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը եւ այլ պաշտոնյաներ: Քննարկվել են Սեւանա լճի էնդեմիկ ձկնատեսակների պոպուլյացիաների վերականգնման եւ լճի հիմնախնդիրներին առնչվող հարցեր: Ինչ խոսք, լավ է ուշ, քան երբեք, սակայն Սեւանի ձկնապաշարների եւ էկոլոգիայի հարցում իշխանություններն արդեն իսկ այնքան են ուշացել, որ ձկնապաշարների վերականգնման հարցում փորձագետներն ասում են` երբեք:

ԹԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
«Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը երեկ, անդրադառնալով «Փարքինգ սիթի սերվիս»-ի վճարովի ավտոկայանատեղիների ծառայությանը, նշել է դրա թերությունները: Մասնավորապես նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ օրինակ, 50 տարեկանից բարձր քաղաքացիների մեծ մասը չի կարողանում sms ուղարկել կամ նորագույն տեխնոլոգիաներով վճարման ծառայություններից օգտվել:




Լրահոս