Հարց քաղաքացիներից` ինչպե՞ս է որոշվում երեխայի քաղաքացիությունը որդեգրման ժամանակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք, թե ինչպե՞ս է որոշվում երեխայի քաղաքացիությունը որդեգրման ժամանակ: Այսինքն՝ ցանկանում եմ իմանալ` ՀՀ քաղաքացիությունը որդեգրման դեպքում պահպանվո՞ւմ է, թե՞ ոչ:

Գայանե Իսկանդարյան (45 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ ՀՀ քաղաքացիների կողմից որդեգրած երեխան ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն:
Եթե երեխա որդեգրած ամուսիններից մեկը քաղաքացիություն չունեցող անձ է, իսկ մյուսը՝ ՀՀ քաղաքացի, ապա երեխան ձեռք է բերում ՀՀ քաղաքացիություն:

Եթե երեխա որդեգրած ամուսիններից մեկը օտարերկրյա քաղաքացի է, իսկ մյուսը՝ ՀՀ քաղաքացի, ապա երեխան ձեռք է բերում ՀՀ քաղաքացիություն, եթե՝

1) առկա է երեխան որդեգրած ամուսինների համաձայնությունը.

2) երեխան բնակվում է ՀՀ-ում եւ առկա է ՀՀ քաղաքացի հանդիսացող որդեգրած ամուսնու համաձայնությունը.

3) երեխան քաղաքացիություն չունեցող անձ է կամ ՀՀ քաղաքացիություն ձեռք չբերելու դեպքում դառնում է քաղաքացիություն չունեցող անձ:

Հայտնում ենք նաեւ, որ ՀՀ քաղաքացի հանդիսացող երեխան, որին որդեգրել են օտարերկրյա քաղաքացիները կամ այնպիսի ամուսիններ, որոնցից մեկը ՀՀ քաղաքացի է, իսկ մյուսը՝ օտարերկրյա քաղաքացի, պահպանում է ՀՀ քաղաքացիությունը: Նման դեպքում երեխան կարող է փոխել քաղաքացիությունը միայն որդեգրողների դիմումով:

«Ձեր իրավախորհրդատու» փաստաբանական ընկերություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ ՀՀ քաղաքացի հանդիսացող երեխան, որին որդեգրել են քաղաքացիություն չունեցող անձինք, կամ որդեգրած ամուսիններից մեկը քաղաքացիություն չունեցող անձ է, իսկ մյուսը՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի, պահպանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը:

ArmLur.am-ը շարունակում է ներկայացնել «Ժողովուրդ» օրաթերթին դիմած ընթերցողներին հուզող հարցերի պատասխանները: Ձեզ հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները ստանալու համար կարող եք դիմել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն՝ զանգահարելով (010, 093, 096) 546-423 հեռախոսահամարներին:

Կարող եք Ձեր հարցերն ուղարկել էլեկտրոնային տարբերակով՝ [email protected] հասցեին:




Լրահոս