Չիլիում ընդունված բանաձևը կարևոր քաղաքական ազդակ է, որը հայկական դիվանագիտությունը պետք է փորձի խորացնել և ընդլայնել. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո հայկական դիվանագիտության պասիվ, եթե չասենք՝ իսպառ կաթվածահար վիճակում անտեսվեց եւ այդպես էլ բաց թողնվեց կատարվածի միջազգային հետաքննության պահանջով հանդես գալու հարցը: Մինչ հայկական լրատվամիջոցները հաղորդում էին Ադրբեջանի կողմից պատերազմի սանձազերծման մասին, բառացիորեն նույնաբովանդակ տեղեկատվությամբ ինչպես տեղական, այնպես էլ միջազգային լրահոսը հեղեղում էին ադրբեջանական քարոզչամիջոցները՝ կատարվածը ներկայցնելով որպես հայկական կողմից նախահարձակ գործողություն:

Ու թեեւ ՌԴ վարչապետ Դ. Մեդվեդեւն իր խոսքում նշեց, որ կատարվածի վերաբերյալ առկա են արբանյակային տեսագրությունները, թե ԱՄՆ պետդեպից այդ մասին հիշատակում եղավ, այդպես էլ միջազգային քաղաքական կենտրոնների կողմից որեւէ հասցեական եւ հստակ հայտարարություն չհնչեց առ այն, թե ի վերջո, որ կողմն էր նախահարձակ եղել:

Հայկական կողմից այս հարցի շուրջ ընդամենն ասվեց, որ միջնորդները չեն կարող, խախտելով իրենց միջնորդական անկողմնակալության ֆորմալ պարտավորությունը, նշել կոնկրետ մեկ կողմի անունը:

Թեեւ, ըստ Էդուարդ Նալբանդյանի՝ միջազգային հանրությունն ու միջնորդները շատ լավ գիտեն, թե ով է նախահարձակ եղել: Ասել, որ սա սխալ մոտեցում է, չափազանց քիչ է: Իրականում դա անթույլատրելի, անհեթեթ դիրքորոշում է, որը ԱԳՆ-ի անգործության հիմնավորումից բացի՝ որիշ որեւէ նպատակ չի հետապնդում: Եվ, ըստ ամենայնի, դա հասկացվել է նաեւ Ս. Սարգսյանի կողմից՝ Վիեննայում կայացած հանդիպումից հետո, որտեղ ինչպես նշեց հենց ինքը՝ Սարգսյանը, Իլհամ Ալիեւը նայելով միջնորդների աչքերի մեջ՝ ասել էր, որ հայկական կողմն է նախահարձակ եղել:

Երեկ այս առումով բավականին ուշագրավ զարգացում արձանագրվեց. Չիլիի Պատգամավորների պալատը բանաձեւ ընդունեց ապրիլի 1-2-ը Արցախում Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի մասին, որում հստակ արձանագրված է. «Ապրիլի 1-2-ի գիշերը Ադրբեջանի օդային եւ ցամաքային ուժերը լայնամասշտաբ հարձակում իրականացրին ԼՂՀ հետ սահմանագծում` ծանր հրետանու եւ վերջին սերնդի հրթիռների կիրառմամբ: Վերոնշյալ ագրեսիան 1994թ. կնքված զինադադարի, ինչպես նաեւ վեճերի խաղաղ լուծման վերաբերյալ ՄԱԿ-ի նորմերի ամենակոպիտ խախտումն է»:

Սա շատ կարեւոր քաղաքական ազդակ է, որը հայկական դիվանագիտությունը պետք է փորձի խորացնել եւ ընդլայնել՝ դրանում ներգրավելով նաեւ սփյուռքյան մեր ռեսուրսները: Եվ, ի վերջո, լավ է ուշ, քան երբեք սկզբունքով՝ ՀՀ-ն եւ ԼՂՀ պետք է դիմեն միջազգային հանրությանը՝ կատարվածի միջազգային հետաքննության պահանջով: Այնպես, ինչպես որ դա արվեց 2008թ. ռուս-վրացական պատերազմից հետո, երբ տարբեր երկրների ներկայացուցիչներից կազմավորված միջազգային քննիչ հանձնաժողովը՝ Շվեյցարիայի ներկայացուցիչ նախագահությամբ, ի վերջո, ներկայացրեց համապատասխան զեկույց, որում փաստերով ամրագրված էր, որ նախահարձակ կողմն, այնուամենայնիվ, եղել էր Վրաստանը:

 




Լրահոս