Սերժ Սարգսյանը չի՞ հետևում շախմատային լեզվով ասած` «ձեռք ես տվել, պետք է խաղաս» սկզբունքին. ՀՀ անլուրջ խաղացողի տպավորություն կստեղծի. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երբ ապրիլի 4-ին Սերժ Սարգսյանը ԵԱՀԿ երկրների դեսպանների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց, թե հրահանգել է ՀՀ ԱԳՆ-ին՝ ԼՂՀ հետ փոխօգնության պայմանագիր մշակել, դա պաշտոնական քարոզչության կողմից ներկայացվեց որպես ԼՂՀ անկախությունը ճանաչելու հիմք կամ առաջին քայլ: Մինչդեռ այդ հայտարարության հաջորդ օրն արդեն որոշ փորձագետներ նշեցին, որ նման բան առհասարակ հնարավոր չէ, քանի որ իրավական տեսանկյունից «նոնսենս» է փոխգործակցության պայմանագրի կնքումը մի սուբյեկտի հետ, որի ինքնիշխանությունն ու անկախությունը պայմանագիրը կնքողի՝ Հայաստանի կողմից ճանաչված չէ: Ասել է, թե Հայաստանը նախ պետք է ճանաչեր Արցախի անկախությունը, ապա միայն կնքեր ռազմական փոխօգնության պայմանագիր:

Բացի այն, որ այս պնդումներին ի պատասխան՝ որեւէ պաշտոնական հակափաստարկ չներկայացվեց, հաջորդող օրերին այդ պայմանագրի մասին պաշտոնական մակարդակով խոսակցություններն առհասարակ դադարեցին: Փոխօգնության պայմնագրին միայն մեկ անգամ բարձր մակարդակով անդրադարձ եղավ՝ շուրջ մեկ ամիս առաջ ԱԺ-ում հարցուպատասխանի ընթացքում, երբ պատասխանելով ընդդիմդիր պատգամավորներից մեկի հնչեցրած հարցին՝ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանն ասաց, որ պայմանագիրը մշակվում է, եւ կյանքի կկոչվի «հարմար պահի»: Սրա հետ կապված ԱԱԾ նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը հայտարարեց, թե նման պայմանագիր մշակելու համար «միջին դիվանագետին անհրաժեշտ է 12 ժամ, եւ եթե այդ պայմանագրի ստորագրումը ձգձգվում է, ապա դա խոսում է այն մասին, որ Հայաստանին ուղղակի թույլ չեն տալիս նման բան անել»:

Նախօրեին էլ Արցախում պատասխանելով լրագրողների հարցերին՝ ՀՀ իշխող քաղաքական ուժերի՝ ՀՅԴ-ի եւ ՀՀԿ-ի ներկայացուցիչները տարբեր պատասխաններ տվեցին: ՀՅԴ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանն ասաց, որ պայմանագիրն արդեն իսկ պատրաստ է, իսկ ահա ՀՀԿ ներկայացուցիչ Արմեն Աշոտյանն ավելի զգուշավոր պատասխան տվեց՝ նշելով, թե այդ գործընթացը մոտենում է ավարտին: Ընդ որում, երկուսն էլ կարեւորեցին անհրաժեշտ քաղաքական իրավիճակի առկայությունը: Ասել է, թե այս պայմանագիը կարող է առհասարակ մնալ արտգործնախարարության գզրոցներում եւ այնտեղից դուրս բերվել միայն լայնածավալ պատերազմական գործողությունների վերսկսման դեպքում:

Բայց այդ դեպքում հարց է առաջանում՝ իսկ ո՞ւր է մնում Սերժ Սարգսյանի խոսքի կշիռը, ի վերջո, եթե Արցախի ճանաչման դեպքում նա հստակ ասել էր, որ Հայաստանը կճանաչի ԼՂՀ անկախությունը, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի, ապա ռազմական փոխօգնության պայմանագրի հետ կապված որեւէ նման պայման չէր առաջադրվել: Եվ ուրեմն՝ Ս. Սարգսյանի սիրած շախմատի լեզվով ասած՝ գործում է «ձեռք ես տվել, պետք է խաղաս» սկզբունքը, որի խախտման դեպքում ՀՀ շուրջ անլուրջ խաղացողի տպավորություն կստեղծվի՝ այդտեղից բխող բոլոր հետեւանքներով:




Լրահոս