Գեղարքունիքի մարզի Փամբակ–Դարանակ գյուղի միջնակարգ դպրոցում կայացել է աշակերտների իրականացրած համայնքային ծրագրի շրջանակներում վերանորոգված դահլիճի բացման արարողությունը: Աշակերտական հասարակական կազմկերպությունը՝ «ԱՀԿ»-ն, ստեղծվել է «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության «Ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթություն» ծրագրի շրջանակներում՝ որպես առաջնահերթ լուծում պահանջող համայնքային հիմնախնդիր ընտրելով դպրոցի միջոցառումների դահլիճի վերանորոգումը: Հիմնախնդրի լուծման նպատակով, «Հայաստանի պատանեկան նվաճումները» դեռևս մարտ ամսին Փամբակ–Դարանակի պատանի հասարակական գործիչներին տրամադրել էր 150 հազար դրամի չափով դրամաշնորհ: Դրամաշնորհային մրցանակն աշակերտներին հանձնվել էր ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի կողմից: Հենց այդ գումարով էլ ԱՀԿ անդամաները ձեռնարկեցին վերանորոգման աշխատանքները` ներկեցին դահլիճի պատերը, գնեցին վարագույրներ և նորոգեցին հատակը:
Մարտի 15-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում կայացած՝ «Ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթություն» ծրագրի՝ ԱՀԿ-ին դրամաշնորհների տրամադրման միջոցառման ընթացքում, կազմակերպիչների հրավերով միջոցառմանը ներկա գտնվող՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հայտարարել էր, որ ծրագրի իրականացման նպատակով, «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության դրամաշնորհ ստացած 12 ԱՀԿ-ից յուրաքանչյուրին կտրամադրի 100 հազարական դրամ՝ իր ընտանիքի միջոցներից:
Վերանորոգված դահլիճի բացմանը մասնակցել է նաև ՎիվաՍել–ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: «Ձեռնարկատիրությունը պահանջում է գիտելիքներ և փորձ: Դրանք ձեռք են բերվում համառ աշխատանքի շնորհիվ՝ քայլ առ քայլ: Վաղ տարիքում, թեկուզև փոքր դրամագլխով, բիզնես գործունեություն ծավալելը մեծ հիմքեր է ստեղծում հետագայում, ավելի մեծ մասշտաբի գործարարությամբ զբաղվելու համար: Առավել գնահատելի է այն, որ աշակերտները՝ գումար վաստակելով, իրենց առջև դրել և իրագործել են չափազանց կարևոր նպատակ` դպրոցի դահլիճի վերանորոգումը: Ինձ համար, որպես գործարարի, հատկապես կարևոր է այն հանգամանքը, որ աշակերտներին հաջողվել է կազմել բիզնես-պլան՝ թիմային աշխատանքի միջոցով, ինչը ապագայի չափազանց կարևոր փորձառություն է՝ հաշվի առնելով հայկական միջավայրի առանձնհատկությունները», – ասել է Ռալֆ Յիրիկյանը:
«Ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթություն» ծրագրի առաջին հատվածում աշակերտները հնարավորություն են ունեցել ծանոթանալու ձեռներեցության հիմունքներին, հիմնելու գործարար ընկերություն և զբաղվելու ձեռներեցությամբ: Այդ ընթացքում նրանք կատարել են շուկայի հետոզոտություն և պահանջարկի ուսումնասիրման արդյունքում որոշում են կայացրել արտադրել մարզում մեծ պահանջարկ վայելող «Գավառի փախլավա» անուշեղենը: Որպես մարքեթինգային գործիք` պատանի ձեռներեցները սպառողներին անվճար տրամադրել են հայտնի փախլավայի բաղադրատոմսը, իսկ տանտիրուհիներին առաջարկել են գնել փախլավան պատրաստելու «լրացնող արտադրանքը»` խոհանոցային սրբիչ և գոգնոց:
Գործարարության հիմունքներն ուսումնասիրելիս աշակերտները ոչ միայն հնարավորություն են ունեցել ձեռք բերել տնտեսագիտական և ֆինանսական կայուն գիտելիքներ, այլ նաև միաժամանակ ծանոթանալ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) հայեցակարգին և մշակել իրենց աշակերտական գործարար ընկերության ԿՍՊ ռազմավարությունը: Այդ կապակցությամբ էլ պատանի ձեռներեցներն իրենց գործարար շահույթից 10 հազար դրամ հատկացրել են իրենց նախաձեռնած՝ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրի իրականացման համար և այդ գումարն ավելացրել այն միջոցներին, որոնք պետք է ուղղվեին դահլիճի վերանորոգմանը:
Ծրագրի երկրորդ հատվածում աշակերտներն իրենց գործարար ընկերությունը վերափոխել են հասարակական կազմակերպության և ձեռնամուխ եղել համայնքային վերոհիշյալ խնդրի լուծմանը: Բազմաթիվ համայնքային խնդիրներից պատանի հասարակական գործիչներն ընտրել և ցանկացել են լուծել հատկապես դահլիճի խնդիրը: Աշակերտական հասարակական կազմակերպության նախագահ Արմինե Դաշյանն այդ առնչությամբ ասել է. «Դահլիճը գտնվում էր այնպիսի անմխիթար վիճակում, որ միջոցառումներ կազմակերպելը դարձել էր գրեթե անհնար: Այդ պատճառով բավականին երկար ժամանակ դպրոցում ոչ մի միջոցառում չէր կազմակերպվում: Աշակերտներն անհամբերությամբ էին սպասում բացման արարողությանը և արդեն մշակել են միջոցառումների անցկացման խիտ ժամանակացույց: Մեր ունեցած միջոցներն ուղղել ենք կոսմետիկ նորոգման աշխատանքների իրականացմանը»:
«Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության կողմից ներկայումս հանրապետության ավելի քան 150 դպրոցում իրականացվող «Ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթություն» ծրագրի առաքելությունն է` Հայաստանի խոցելի համայնքների երիտասարդների շրջանում հավատ սերմանել սեփական ուժերի և վաղվա օրվա հանդեպ: «Ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթության» նպատակը ոչ միայն այդ համայնքների երիտասարդներին տնտեսագիտական հիմնարար գիտելիքներ հաղորդելն է, այլև շուկայական տնտեսության սկզբունքներին ծանոթացնելը, անհրաժեշտ ձեռնարկատիրական և ֆինանսական հմտություններով և կարողություններով զինելը: Ծրագիրը հատուկ ուշադրություն է դարձնում նաև մասնակիցների շրջանում նորարարական և ստեղծագործական մտածելակերպի զարգացմանը, ինչպես նաև կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հիմունքների դասավանդմանը: Ծրագրի շնորհիվ մասնակիցները լավագույնս կհասկանան, թե ինչ է քաղաքացիական հասարակությունը և ինչպես կարելի է դառնալ այդ հասարակության լիարժեք անդամ:
Հասարակական կազմակերպությունների գործունեությանը և դրանց հիմնադրման գործընթացին ծանոթանալը հավելյալ խթան է մասնակիցների համար՝ դպրոցական և համայնքային խնդիրների լուծման գործընթացում ընդգրկվելու և կամավորական աշխատանքների հանդեպ դրական վերաբերմունք ձևավորելու հարցում:
ՎիվաՍել-ՄՏՍ… Դու գիտես, որ կարող ես: