ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» 2016թ.-ի բնակարանաշինության ծրագիրը՝ Արագածոտնի մարզում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» համագործակցության արդյունքում, 2015թ.-ին 10 ընտանիքի բնակարանի խնդիր է լուծվել միայն Արագածոտնի մարզի Մելիք, Ուջան, Կաքավաձոր, Շղարշիկ, Գետափ համայնքներում: Ընթացիկ տարում այս մարզից ևս 4 ընտանիք է ընդգրկվել ծրագրում: Դրանցից 2-ը՝ Ավան համայնքում:

Համագործակցող կողմերի ղեկավարներն ու աշխատակիցներն Ավան համայնքում մասնակցել են Սարգսյանների ընտանիքի կիսակառույց տան շինարարությանը: Կամավորներն ընտանիքին օգնել են ծածկի բետոնացման աշխատանքները կատարելու հարցում:

Սարգսյանների երեք երեխաները ծնվել են ընտանիքի հոր՝ Նորիկի ծնողների տանը: Այստեղ նրանք  ապրել են  չորս հորեղբայրների հետ. ինը անձ՝ երեք սենյակում: Նորիկը տարիներ շարունակ ջանացել է տարրական նվազագույն պայմաններ ստեղծել իր ընտանիքի համար, սակայն քսանմեկ տարի առաջ կառուցած անշուք սենյակներից բացի՝ այլ հարմարություն չի կարողացել ստեղծել: Սենյակներից մեկը տարիներ շարունակ ծառայել  է և՛ որպես խոհանոց,  և՛ որպես լոգարան:

5ea96c74-478c-4551-a5a0-bef16edfa479

«Բոլոր այս տարիներին երազել եմ տան մասին: Երեխաներիս հասակ առնելուն զուգահեռ, մեծացան նաև ընտանիքի ծախսերն,  ու այդպես էլ չկարողացա ավարտել տան շինարարությունը: Բայց հպարտ եմ, որ այս պայմաններում անգամ երեք զավակներս էլ առաջադեմ գտնվեցին ուսման մեջ և անվճար բարձրագույն կրթություն ստացան: Երախտապարտ եմ բոլոր նրանց, ում աջակցությամբ, այսքան տարիներ հետո,  վերջապես հնարավորություն կունենանք ապրելու կենցաղային բավարար պայմաններում»,- ասել է Նորիկ Սարգսյանը:

0b9589ce-57f3-4f72-a356-dd47dfe253a9

«Դժվարությունը, խնդիրները ստիպում են ամրանալ և պայքարել՝ հաջողության հասնելու համար: Սա կյանքի փորձով ապացուցված ճշմարտություն է: Բայց երբ այդ խնդիրները դառնում են տևական՝ թուլանում է նպատակին հասնելու կամքը: Նման դեպքերում՝ ցանկացած աջակցություն կարևոր ու անգնահատելի է դառնում: Բնակարանաշինության ծրագրով մենք այդ աջակցող ձեռքի դերն ենք ստանձնում:

Պիտի ասեմ, որ այս ծրագրի շնորհիվ իրականացվում է ոչ պակաս կարևոր ևս մեկ առաքելություն. Կամավորության գաղափարի շուրջ համախմբվելու ձգտումը: Արդյունքում երջանկության զգացում է ապրում և՛ ամուր տանիքի տակ հայտնված ընտանիքը, և՛ նրան այդ հնարավորությունն ընձեռող կողմը: Ուրախ եմ այս համագործակցության և աշխատակիցների պատրաստակամության համար»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

68c87229-a606-4583-a222-397d2320beb3

«Հինգերորդ տարին է, ինչ ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ իրականացվում է բնակարանաշինության ծրագիրը, որի արդյունքում  հարյուրից ավելի ընտանիքների համար լուծվել է բնակարանի խնդիրը: Իհարկե, ծրագրի հիմնական շեշտը դրված է սահմանամերձ գյուղերի վրա, սակայն աշխատում ենք աչքաթող չանել այսպիսի ծանր պայմաններում ապրողներին ևս: Այս ընտանիքը մեկն է երջանիկ այն 41-ից, որն անցյալում  է թողնելու տնազրկության ծանր հոգսը»,- ասել է «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

ca3ca40d-2788-4bbb-b2d2-2a06daf326dd

2016թ. ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ը բնակարանաշինության ծրագրի համար հատկացրել է  գրեթե 105 մլն. ՀՀ դրամ /2015թ.-ին՝ 100 մլն. ՀՀ դրամ/: 2007թ.-ից իրականացվող բնակարանաշինության ծրագրի շրջանակներում, մինչև տարեվերջ, աջակցություն ստացած ընտանիքների թիվը կհասնի 134-ի:

ՎիվաՍել-ՄՏՍ… Դու գիտես, որ կարող ես:




Լրահոս