Մայիսի 25-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում ստորագրվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ճապոնիայի կառավարության միջև հայտագրերի փոխանակման ձևով կնքվող դրամաշնորհի» համաձայնագիրը:
Հայկական կողմից համաձայնագիրն ստորագրեց ՀՀ ԱԻ փոխնախարար Հ. Մխիթարյանը, իսկ ճապոնական կողմից՝ ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Է. Տագուչին: Փաստաթղթի համաձայն՝ Ճապոնիայի կառավարության կողմից Հայաստանին կտրամադրվի 2 մլն ԱՄՆ դոլարի դրամաշնորհ, որը կուղղվի ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացմանը՝ մասնավորապես արտակարգ իրավիճակների դեմ պայքարին:
Համաձայնագրի ստորագրման արարողությունից հետո ՀՀ կառավարության և ԱԻ նախարարության անունից շնորհակալություն հայտնելով Է. Տագուչիին և Ճապոնիայի կառավարությանը՝ փոխնախարար Հ. Մխիթարյանը նշեց, որ Հայաստանի համագործակցության աշխարհագրությունը սկսվում է ԱՄՆ-ից ու հասնում մինչև Ճապոնիա, բայց այն ծրագրերը, որոնք մեր երկիրն իրականացնում է ճապոնական կողմի հետ, առանձնանում են բարձր արդյունավետությամբ:
– Դեռևս 2010 թ. դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում Ճապոնիայի կառավարությունը հրշեջ-փրկարարական 28 նոր մեքենա հատկացրեց ՀՀ ԱԻ նախարարությանը: 2012 թ. սկսած՝ թե մարզերում, թե Երևանում մեր ճապոնացի գործընկերների հետ մեծ աշխատանքներ են տարվում աղետների ռիսկի նվազեցման և սեյսմիկ պաշտպանության ուղղությամբ: Այժմ ճապոնացի գործընկերների հետ մեծ աշխատանք է տարվում սողանքային ռիսկերի կառավարման ոլորտում: Ակտիվ համագործակցություն է ձևավորվել անձնակազմի մասնագիտական պատրաստության առումով: ՀՀ ԱԻՆ աշխատակիցները կատարելագործվում և վերապատրաստվում են Ճապոնիայում: Այսպիսով` մեր համագործակցությունը շարունակական և շատ արդյունավետ է,- ասաց Հ. Մխիթարյանը:
Շնորհակալություն հայտնելով ՀՀ ԱԻ և ԱԳ նախարարներին՝ ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Է. Տագուչին հույս հայտնեց, որ փոխգործակցությունը հետագայում ևս կլինի նույնչափ արդյունավետ:
– Ինձ համար մեծ պատիվ է Ճապոնիայի կառավարության անունից ստորագրել այս փաստաթուղթը՝ սոցիալ-տնտեսական զարգացման դրամաշնորհային ծրագրի շրջանակներում: Այս ծրագրով Ճապոնիան Հայաստանին տրամադրում է 2 մլն ԱՄՆ դոլարի դրամաշնորհ, որի միջոցով Հայաստանը ձեռք կբերի տարբեր տեսակի սարքավորումներ, որոնք հիմնականում արտադրված են Ճապոնիայի՝ 2011 թ. ցունամիից տուժած շրջաններում: Սրա հիմնական նպատակը Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացումն է, բայց այն կնպաստի նաև աղետից տուժած Ճապոնիայի արևելյան շրջանների զարգացմանը: Վստահ եմ, որ սա մի նոր քայլ է՝ ընդլայնելու հայ-ճապոնական համագործակցությունը, ոչ միայն կառավարությունների մակարդակով, այլև՝ երկու ժողովուրդների միջև,- եզրափակեց Է. Տագուչին:
Հայ-ճապոնական հարաբերությունները՝ հատկապես ԱԻ կանխման և հետևանքների վերացման բնագավառներում, վերջին տարիներին բավականին աշխուժ են: Սա առաջին հերթին պայմանավորված է երկու պետությունների՝ արտակարգ իրավիճակներին, բնական և տեխնածին ռիսկերին նույնավեկտոր մոտեցմամբ:
Նշենք, որ ճապոնական կողմը պարբերաբար աջակցում է ՀՀ ԱԻ նախարարությանը նորագույն տեխնոլոգիաների ձեռքբերման, ոլորտի մասնագետների վերապատրաստման և այլ հարցերում: Այս ծրագրերն իրականացվում են ոչ միայն միջնորդավորված (ՄԱԿ-ի ծրագրերով), այլև ուղղակի՝ փոխայցելությունների ու հանդիպումների միջոցով: Հայաստանն ու Ճապոնիան ունեն երկրաշարժերի բարձր ռիսկայնություն, որը ևս երկկողմ համագործակցության խթան է: