Չի գալու մի ժամանակ, որ ասենք՝ կոռուպցիան ամբողջությամբ վերացված է, դա կասեմ, որ բացառվում է. Արթուր Նալբանդյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 12-ին ՀՀ կառավարության նիստի մեկնարկին Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր կոռուպցիայի դեմ անհաշտ պայքարի մասին. «Արագ, շոշափելի արդյունքներ գրանցելու համար կոռուպցիայի դեմ՝ պայքարն է: Նախ եւ առաջ, մենք պետք է սահմանենք երկու կարեւոր սկզբունք: Առաջինը` կոռուպցիոն երեւույթներն ըստ մարմինների պետք է դառնան առանձին չափման առարկա, այդ թվում՝ սոցիոլոգիական հարցումների միջոցով: Թե՛ մարմինների ղեկավարները եւ թե՛ կոռուպցիայի դեմ պայքարող իրավապահները պետք է հանրային հաշվետվություն ներկայացնեն այդ ցուցանիշների դինամիկայի հետ կապված»,- նշել էր վարչապետը:
Որտեղ է թաքնված կոռուպցիան, որ կառավարությունն այսքան տարի փնտրում է, սակայն այդպես էլ չի կարողանում գտնել եւ արմատախիլ անել: ArmLur.am-ի զրուցակիցն է ՀՀ Լոռու Մարզպետ Արթուր Նալբանդյանը:

-Պարո՛ն Նալբանդյան, ՀՀ կառավարությունը արդեն 15 տարի է, ինչ հայտարարում է կոռուպցիայի դեմ պայքարի մասին: Այդ նպատակով երեք ռազմավարություն մշակվեց եւ իբր կատարվեց, մեկն էլ՝ նախորդ տարի է հաստատվել: Ըստ Ձեզ՝ որտե՞ղ է այդ կոռուպցիան թաքնվել, որ այդպես էլ ոչ մի կերպ չեք կարողանում գտնել:

-Կոռուպցիայի դեմ պայքարը կառավարությունը նոր չի սկսել: Կառավարությունը դեռ շատ տարիներ առաջ կոռուպցիայի դեմ պայքար է սկսել, եւ եթե մենք համեմատական դնենք եւ մի քանի տարի հետ գնանք, ապա կտեսնենք, որ մեծ ծավալի աշխատանք է իրականացվել այդ ուղղությամբ: Համոզված եմ՝ հիմա առավելեւս տեմպերը կարագացվեն, որպեսզի կոռուպցիայի դեմ պայքարը տեսնի մեր ժողովուրդը եւ հատկապես լրատվությունը:

-Այսինքն՝ մինչ այս պայքարի տեմպե՞րն էին թույլ, իսկ ի՞նչն էր խանգարում, որ ավելի արագ տեմպերով այդ պայքարը տարվեր:

-Կոռուպցիայի դեմ պայքարը անընդհատ աշխատանք է, անընդհատ պայքար է, որ պետք է իրականացվի: Կոռուպցիայի դեմ պայքարում են աշխարհի ամենատարբեր երկրներում, եւ այնպես չի, որ զարգացած երկրներում կոռուպցիոն ռիսկեր չկան, դրա համար չի հասնելու, չի գալու մի ժամանակ, որ ասենք՝ կոռուպցիան ամբողջությամբ վերացված է, դա կասեմ, որ բացառվում է, դրա համար աշխարհում դրա դեմ անընդհատ պետք է պայքարել:

Քնար Մանուկյան




Լրահոս