Ինքնաթիռում Սերժ Սարգսյանի տված հարցազրույցից հետո հայկական կողմի պայմանները փոխվեցի՞ն. ինչ ակնկալիքներով է Էդվարդ Նալբանդյանը մեկնել Փարիզ. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսoր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպելու նպատակով Փարիզ կմեկնի ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ հանդիպման նպատակը հունիսին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝ սպասվող հանդիպման նախապատրաստական աշխատանքների իրականացումն է: Հիշեցնենք, որ երեք օր առաջ էլ Բրյուսելում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին հանդիպեց Ադրբեջանի արտգործնախարար Է. Մամեդյարովը՝ նույն նպատակով: Եվ, ահա, Ալիեւ-Սարգսյան ակնկալվող այդ հանդիպման վերաբերյալ նախօրեին ուշագրավ հայտարարություններ են արել ինչպես Մամեդյարովը, այնպես էլ ԵԱՀԿ Միսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

Առաջինը ՆԱՏՕ-Ադրբեջան համաժողովում նախօրեին հատարարել էր, թե հունիսին կայանալիք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումն Ադրբեջանը շատ է կարեւորում եւ ակնկալում է ստատուս-քվոյի փոփոխության հարցում զգալի տեղաշարժ: Երեկ էլ Ջեյմս Ուորլիքն է հայտարարել, թե «առաջիկա հանդիպումը կողմերի համար կլինի շատ կարեւոր հանդիպում՝ հրադադարի ռեժիմի ամրապնդման, հետաքննությունների մեխանիզմի շուրջ համաձայնագրին եւ բանակցությունների համար համաձայնության հասնելու տեսանկյունից, որոնք կարող են հանգեցնել համապարփակ կարգավորման»:

Հիշեցնենք, որ «համապարփակ կարգավորման» մասին Ուորլիքը խոսել էր նաեւ դրա նախորդ օրը՝ ասելով, թե. «Մենք Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ քննարկել ենք ԵԱՀԿ հետաքննությունների մեխանիզմի ստեղծման մասին առաջարկը, ինչպես նաեւ համապարփակ կարգավորման տարրերը»:

Այսպիսով՝ ինչ ակնկալիքների շուրջ են ընթանում առաջիկա հանդիպման կազմակերպչական աշխատանքները: Դատելով «ստատուս քվոյի փոփոխության» եւ «համապարփակ կարգավորման» մասին հայտարարություններից՝ առաջիկա հանդիպման ընթացքում, այնուհանդերձ, սեղանին լինելու է կոնկրետ բանակցվող փաստաթուղթ, մի բան, որ հայկական կողմը փորձ է անում հերքել:

Մեր իշխանական քարոզչությունն ու ՀՀԿ-ական պաշտոնյաները թե՛ Վիեննայի, թե՛ առաջիկա հանդիպումը որակում են որպես «բանակցություն՝ բանակցային գործընթացը վերսկսելու շուրջ», եւ ոչ ավելին: Անգամ չի նշվում՝ արդյոք կողմերը դեռ Մադրիդյան սկզբունքներն են դիտարկում որպես աշխատանքային բանակցային փաստաթուղթ, թե այն այլեւս ուժի մեջ չէ:

Ամեն դեպքում՝ հայկական կողմը կարծես թե առաջադրել էր նախապայման մինչ այդ հանդիպումը սահմանային հետաքննության մեխանիզմների ներդրման ուղղությամբ, սակայն կարծես թե ինքնաթիռում Ս. Սարգսյանի տված հայտնի հարցազրույցից հետո պաշտոնական Երեւանն այլեւս այդ նախապայմանի մասին չի հիշեցնում, ինչը բավականին մտահոգիչ է ադրբեջանական կողմի «առաջընթացի հասնելու ակնկալիքների» ֆոնին:




Լրահոս