Ալիևը փոխել է տակտիկան. բանակցային «կանոնների» խախտումն իրականացվում է Ռուսաստանի միջոցով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հասարակական-քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովը հայտարարել է, որ իրենք ստիպված են եղել դադարեցնելու ապրիլի սկզբին բռնկված պատերազմական գործողությունները, քանի որ այդ հարցում միջամտել են ՄԱԿ-ի, ԱԽ-ի եւ ԵԱՀԿ ՄԽ անդամ երկրները՝ հավելելով, որ այդ հարցում հիմնական դերը խաղացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Ինչպես երեւում է՝ կրակի դադարեցման նախաձեռնողականության հարցում Բաքվի եւ Մոսկվայի դիրքորոշումներն ու մոտեցումները համընկնում են: Այսպես՝ Հասանովը նշում է երկու հեղինակավոր միջազգային կառույցի մասին, որոնց կողքին կարեւոր դերը հատկացնում է Ռուսաստանի նախագահին: Սրանով Բաքուն փորձում է ընդգծել այդ երկրի դերը արցախա-ադրբեջանական հակամարտության շրջանակներում՝ միջազգային հանրությանը հասկացնելով, որ ինքն այս կոնֆլիկտում որպես հարակից սուբյեկտ, ճանաչում է Ռուսաստանի Դաշնությանը՝ իր բոլոր հետեւավանքներով (հարակից սուբյեկտն այն է, որն ունի թեեւ ոչ անմիջական, սակայն ռեալ ներգրավվածություն, հստակ շահեր, որի հետ հաշվի են նստում կողմերը եւ որի մասնակցությունն ունի էական ազդեցություն կոնֆլիկտի գործընթացի փոփոխության վրա): Մյուս կողմից, այս հայտարարությունն արվում է բրյուսելյան հանդիպումից հետո, որտեղ ներգրավված էին այնպիսի հեղինակավոր միջնորդներ, ինչպիսիք են ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին եւ ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերի բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին: Իսկ ինչո՞ւ Բաքուն կարող էր գնալ նման քայլի: Այստեղ առանձնացնենք երկու կարեւորագույն պատճառ:

Նախ՝ Ադրբեջանի նախագահի օգնականի խոսքը հստակ մեսիջ է Ռուսաստանին՝ ադրբեջանական քարտ-բլանշի տեսքով: Հավանաբար, Ալիեւին չեն բավարարել Վիեննայի արդյունքները, որտեղ որոշվել է ընդլայնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի գրասենյակի լիազորությունները եւ միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման պահանջը, որով, փաստացի, Բաքուն զրկվում է ռազմական սրացումներով դիվանագիտական դիվիդենտներ կորզելու հեռանկարից: Ինչպես հայտնի է՝ այդ մեխանիզմների գործարկումով ակնհայտ ֆիքսվելու է խախտող կողմը, եւ այլեւս անհնար է լինելու անհասցե հայտարարությունների մարտավարությունը: Գաղտնիք չէ, որ այդպիսի մեխանիզմների ներդրման անհրաժեշտության գաղափարն արեւմտյան է, որը Ռուսաստանին նույնպես ձեռնտու չէ: Պատահական չէր նաեւ Վիեննայից հետո Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովի հնչեցրած այն միտքը, որ իրենք Կասպրշիկի գրասենյակի լիազորությունների ընդլայնման հարցով պարտավորություններ չեն ստանձնել (ճիշտ է՝ հետագայում այդ նույն պաշտոնյան ինքն իրեն հերքեց՝ ասելով, որ նման պայմանավորվածություն կա, սակայն, ինչպես ասում են, դա պատահական չէր, եւ փորձ էր արվել դնելու պարտավորություններից խուսափելու մեկնարկը):

Երկրորդ պատճառն այն է, որ հետաքննող սարքերի ներդրման դեպքում, ինչպես նշեցինք, արցախա-ադրբեջանական հակամարտությունում արեւմտյան ազդեցությունը կուժեղանա, ինչը չի կարող ձեռնտու լինել Մոսկվային, որովհետեւ դա նշանակում է զենքի վաճառքի տեմպերի թուլացում: Իսկ ռազմական մատակարարման քաղաքականությամբ Կրեմլը, ըստ էության, կարողանում է Հայաստանի ու Ադրբեջանի ռազմական բալանսի խաղարկմամբ պահպանել իր ազդեցությունը հակամարտության լուծման գործընթացում (չնայած Լավրովը Երեւանում հայտարարեց, որ անհրաժեշտ է ներդնել հետաքննության մեխանիզմները, որով կարող է զբաղվել Գերմանիան, բայց դա ավելի շատ այդ հարցը տապալելուն էր ուղղված, քանի որ այդ երկիրը շատ քիչ ազդեցություն ունի կողմերի վրա, հետեւաբար նրա միջնորդությունը կարող է տապալվել, ինչն էլ Ռուսաստանի համար եւս մեկ կանաչ լույս կվառի՝ որպես միջնորդ): Ահա, թե ինչու է Արեւմուտքի համար վստահության մեխանիզմների ներդրումը կարեւոր, որը կսահմանափակի Մոսկվայի մանեւրի դաշտը: Սա գիտակցելով էլ Ալիեւի վարչակազմը անում է Կրեմլի համար ցանկալի հայտարարություններ՝ ակնկալելով նրա միջամտությունը:

Այսպիսով պետք է արձանագրենք, որ Ադրբեջանը խաղը տանում է դեպի Ռուսաստան, որը ոչ միայն կարող է խախտել նախօրոք ձեռքբերված պայմանավորվածությունները, այլեւ ապակայունացնել փխրուն խաղաղությունը: Ակնհայտ է, որ այդ երկիրը չէր կարող մեկ օրում կերպափոխվել եւ դառնալ խաղաղ բանակցային սուբյեկտ, ուղղակի ռազմաճակատում իր պլանների ձախողումը եւ միջազգային հանրության ճնշումները, այդ թվում նաեւ՝ Ռուսաստանի, նրան ստիպեցին հանդես գալու բանակցողի կարգավիճակում: Իսկ բանակցությունը, համաձայն դասական սահմանման, ենթադրում է կողմերի միջեւ որոշակի հարցի նկատմամբ փոխադարձ պայմանավորվածություն, եթե այդ փոխադարձության սկզբունքը խախտվում է, ապա դադարում է բանակցություն կոչվել ցանկացած հանդիպում: Եւ հիմա Ադրբեջանում ձգտում են բանակցային «կանոնների» խախտումն իրականացնել մեկ այլ սուբյեկտի՝ Ռուսաստանի միջոցով:

Արման Սահակյան




Լրահոս