Անկանխակալ և անպատասխանատու պահվածք. կոռուպցիայի մեջ թաթախված իշխանությունը չի կարող պայքարել ինքն իր դեմ. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն, որ հանրությունը չի հավատում կառավարության հայտարարած կոռուպցայի դեմ պայքարին, թերեւս գաղտնիք չէ որեւէ մեկի, այդ թվում եւ՝ կառավարության ներկայացուցիչների համար: Պատճառներն, իհարկե, բազմաթիվ են, նախ եւ առաջ պայմանավորված են այն պարզ տրամաբանությամբ, որ կոռուպցիայի մեջ թաթախված իշխանությունը չի կարող պայքարել ինքն իր դեմ:

Սակայն հենց նույն կառավարությունում կան պաշտոնյաներ, որոնց կոռումպացված լինելու մասին այսօր չեն կարող պնդել անգամ ամենաարմատական ընդդիմադիրները կամ լրատվամիջոցները: Եվ երբ նման եզակի պաշտոնյաներից որեւէ մեկը հայտարարություն է անում, թերեւս արժի խորամուխ լինել ասվածի էության մեջ, քանի որ կոռուպցիայի եւ մենաշնորհների դեմ պայքարի մասին ամենաբարձր հայտարարությունները կարող են անել ամենակոռումպացված պաշտոնյաները՝ «գողն առաջինն է գոռում՝ գողին բռնե՛ք» սկզբունքով, իսկ, այ, ոչ ամբոխահաճ, սակայն գործնական առումով արդյունավետ տարբերակներ կարող են առաջարկել քչերը:

Մասնավորապես էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը երկուշաբթի օրը, խոսելով մենաշնորհների դեմ պայքարի մասին, ասել էր. «Մենք պետք է հայեցակարգ ընտրենք, թե որ սկզբունքով պետք է շարժվենք: Կան ոլորտներ, որտեղ պետությունը պետք է ասի՝ ես հանդուրժում եմ այստեղ մենաշնորհը, բայց քո վրա պետք է դրվի այս սոցիալական բեռը, դու պետք է ապահովես հրապարակայնություն, թափանցիկություն եւ լինես հանրային ընկերություն»:

Որպես օրինակ նա բերել էր շաքարի ներմուծումը.«Շաքարի գործարանն աշխատում է իր հզորությունների 25-30 % չափով եւ հումքը վերամշակում է, ստանում շաքարավազ,հարց է՝ ճի՞շտ է, որ չթողնես իրեն այդ 25-30 % չափով աշխատի, թե՞ ավելի լավ է օրենքով ճանաչես մենաշնորհ, բայց պայմաններ առաջադրես, որ պետք է աշխատես առնվազն 90 % հզորությամբ, աշխատատեղ ստեղծես այսքան, պետական բյուջեի այսքան մուտքեր, թափանցիկություն ապահովես, բաժնեմասի 20 % շրջանառես բորսայում: Այդ դեպքում, անկախ նրանից, թե ով է սեփականատերը, գուցե պետությունն աջակցի նաեւ արտահանում կազմակերպել: Սրանք հարցեր են, որ պետք է քննարկվեն»,- նշել էր Մինասյանը:

Նրա այս հայտարարությունը, սակայն, արժանացավ չափազանց բուռն քննադատության, այն աստիճանի, որ Մինասյանն, ի վերջո, ստիպված եղավ երեկ հանդես գալ հերքմամբ` պարզաբանելով. «Չեմ ասել, թե օրենքով պետք է ճանաչել մենաշնորհ ու արտոնություններ տալ: Ասել եմ, որ իրականությունն ու օրենքը պետք է համապատասխանեն իրար, անհրաժեշտ է այդ մենաշնորհի կարգավիճակը ստանա ոչ թե առավելություններ ունենալու, այլ հավելյալ պարտավորություններ դնելու համար»:

Արդյոք Մինասյանի այս առաջարկը առողջ մոտեցում չէ ՀՀ նման փոքր տնտեսության համար, որտեղ, ինչքան էլ ուզենք, գոնե հիմա չկա 2-րդ շաքարի գործարան: Պատասխանը ակնհայտ է, սակայն պետք է այն տեսնելու եւ դրա մասին բարձրաձայնելու ցանկություն:




Լրահոս