Երեկ առավոտից Գողթ համայնքի բնակիչները փակել էին Գողթ-Գառնի ճանապարհը՝ պահանջելով չեղարկել Գեղարդալճից ինքնահոս ոռոգման եղանակով Կոտայքի մարզի մի քանի համայնքներին ջրի մատակարարման ծրագիրը: Նշենք, որ այս ծրագիրն էլ, ինչպես Գառնիից Ազատ գետի ջուրը Քաղցրաշեն հասցնելու ծրագիրը, իրականացվում է Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ: Մի քանի ամիս տեւած պայքարի արդյունքում եւ հատկապես ապրիլի կեսերից Գառնի-Երեւան զբոսաշրջային ճանապարհը չորս անգամ փակելու գնով գառնեցիները, ի վերջո, կարողացան հասնել այն բանին, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ինքն այցելելով Գառնի՝ հայտարարեց ծրագրի դադարեցման մասին:
Սա ուշագրավ քայլ էր, քանի որ Քաղցրաշենի ոռոգման ծրագիրը կապվում էր հենց Հովիկ Աբրահամյանի անվան հետ եւ նշվում էր, որ այդ ծրագրի նպատակը վերջինիս, ինչպես նաեւ գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանին եւ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին պատկանող տասնյակ հետկարների հողատարածքները ոռոգելն է՝ ի հաշվի գառնեցիներին այնքան անհրաժեշտ ջրային պաշարների: Գեղարդալճի դեպքում էլ գողթեցիները հայտարարում են, որ նպատակը ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանին պատկանող հողատարածքները ոռոգելն է, եւ պնդում՝ պայքարելու են մինչեւ վերջ:
Այս իրավիճակում կա երկու ուշագրավ հանգամանք. նախ՝ ՀԲ-ն, իհարկե, իրականացնում է ֆինանսավորումը, սակայն թե հատկացված 30 միլիոն դոլարի վարկը կոնկրետ որ ծրագրերի իրագործման համար պետք է տնօրինվի, որոշել է կառավարությունը: Ասել է, թե այստեղ խոսքը շատ կոնկրետ կոռուպցիոն ռիսկի կամ գոնե դրա հետ կապված հանրային կասկածի մասին է:
Տակավին օրերս Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, թե Հայաստանում չկան մենաշնորհներ, սակայն սոցիալական նշանակութուն ունեցող որոշ կարեւորագույն ոլորտներ հանրության կողմից ընկալվում են որպես մենաշնորհ: «Պատճառն այն է, որ այս ապրանքային շուկաներում առկա է կենտրոնացվածության բարձր աստիճան, ինչը բերում է այնպիսի ռիսկերի, ինչպիսիք են մրցակցության խաթարումը, փոքր եւ միջին ձեռնարկատերերի շուկայից դուրս մղումը եւ նորերի մուտքի սահմանափակումը, սպառողների շահերի ոտնահարումը, կոռուպցիան, գների անհիմն տատանումները եւ, ի վերջո, երկրում համախառն տնտեսական վնասի առաջացումը»,- նշել է վարչապետը եւ կարեւորելով այդ ամենի վերացումը՝ հանձնարարեց ՊԵԿ-ին եւ Էկոնոմիկայի նախարարությանը մշակել մեխանիզմներ հավասար մրցակցության համար:
Արդ՝ ինչն է խանգարում, որ Հովիկ Աբրահամյանը նույն կերպ փորձի փարատել հանրային ընկալումներում առկա մտահոգությունը նաեւ այս ջրագծերի հարցում: Ի վերջո, այստեղ էլ է փորձ արվում մենաշնորհային դիրքերի հասնել՝ խաթարելով ազատ եւ հավասար մրցակցության սկզբունքը: Գյուղատնտեսությամբ հարստանալը, իհարկե, վատ բան չէ, եթե դա չի արվում փոքր եւ միջին գյուղատնտեսների ոռոգման ջրի հաշվին: