ՔՐԵԱԿԱՆ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅԱՆՆ ՈՒ ՆՐԱ ՈՐԴՈՒՆ ԱԶԱՏԱԶՐԿԵՑԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2015թ. քրեական հեղինակություն համարվող Ավետիս Գրիգորյանը, որը առավել հայտնի է Ղռերի Ավո մականունով, ինչպես նաեւ նրա որդին մարդ առեւանգելու համար հայտնվել էին դատարանում: Եվ, ահա, մեկ տարի տեւած քննությունից հետո քրեական հեղինակությունն ու նրա որդին դատապարտվեցին ազատազրկման:

100 հազար դրամ պարտքը
Եվ այսպես՝ ի՞նչ հանցանք էին գործել քրեական հեղինակությունն ու իր որդին, որ հայտնվել էին իրավապահների ուշադրության կենտրոնում: Պարզել էինք, որ քաղաքացի Արամ Պողոսյանի մտերիմներից մեկը` Սարգիս Զազյանը, մոտ 100.000 դրամ պարտք էր ունեցել քրեական հեղինակությանը: Մեկ անգամ Պողոսյանը ներկա էր եղել վերջիններիս հեռախոսային խոսակցությանը, որի ժամանակ նրանք վիճել էին: Արդյունքում՝ Արամը անհանգստանալով Սարգիսի ձեռքից վերցրել էր հեռախոսը, ներկայացել որպես Սարգիսի ընկեր եւ առաջարկել էր լուծել այդ խնդիրը: Ավետիսը նրան ասել էր, որ Սարգիսն իրեն խաբել է, մեկ-երկու ամիս առաջ պետք է իրեն գումար տար, սակայն չի տալիս: Եվ Արամ Պողոսյանի մտերիմն այնքան էր ուշացրել գումարը, որ Ղռերի Ավոն իր որդու` Արմեն Գրիգորյանի հետ որոշել էր գնալ «Հայբուսակ» համալսարան, որտեղ կարող էր տեսնել Արամ Պողոսյանին եւ նրա միջոցով ստիպել հետ տալ իր պարտքը:

Նստեցրել է մեքենան ու տարել
Նրանց հանդիպման ժամանակ խոսակցությունն այն աստիճան էր թեժացել, որ քրեական հեղինակությունը ստիպողաբար Արամ Պողոսյանին իր ավտոմեքենայով առեւանգել էր ու տարել անհայտ ուղղությամբ: Պարզվում է՝ Ավետն ու իր որդին Պողոսյանին տարել էին անհայտ վայր, մի քանի օր պահել, ծեծի ենթարկել, սակայն տեսնելով, որ այդ ճանապարհով էլ չի ստացվում իրենց գումարը hետ ստանալ, նրան բաց էին թողել: Սակայն, ինչպես ցույց են տվել հանգամանքները, այս միջադեպից հետո նրան հենց այնպես բաց չէին թողել, այլ նրա ձեռքից վերցրել էին ավտոմեքենան:
Արամ Պողոսյանն իրավապահներին հայտնել էր, որ իրեն բաց թողնելուց հետո զանգահարել է Ավետին՝ ասելով, որ կմոռանա կատարվածի մասին, եթե իրեն հետ վերադարձնի ավտոմեքենան, սակայն վերջինս ասել է, որ չի պատրաստվում ավտոմեքենան հետ տալ, այլ կվաճառի՝ պարտքի փոխարեն:

Ոստիկանությունը գործել է
Արամը դեպքի օրը չի դիմել ոստիկանություն, քանի որ մտածել է, որ հաջորդ օրը Ավետը կվերադարձնի իր ավտոմեքենան, դրա համար էլ անիմաստ է համարել ավելորդ քաշքշուկի մեջ հայտնվել: Բայց երբ զանգահարել է Ավետին եւ նրանից տեղեկացել, որ ավտոմեքենան չի վերադարձվելու իրեն, որոշել է դիմել ոստիկանություն: Այդպես էլ գործին իրավական ընթացք է տրվել:
Եվ, ահա, գործը նախագահող դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը, լսելով բոլոր կողմերին, 2016 թվականի մայիսի 12-ին վճռեց Ավետիս Գրիգորյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի` Օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելու կիրառմամբ դատապարտեց ազատազրկման 2 տարի ժամկետով: Իսկ նրա որդուն՝ Արմեն Գրիգորյանին, մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Մարդուն առեւանգելը)՝ դատապարտելով ազատազրկման 4 տարի ժամկետով:

Ինչով է հայտնի Ղռերի Ավոն
Ավետիս Գրիգորյանի անունը շրջանառվել է Հոկտեմբերի 27-ի ոճրագործության հետ կապված: Գրիգորյանը դեռեւս 1999 թվականի ԱԺ ընտրություններում պատգամավորի թեկնածու է առաջադրվել, եւ նրա վստահված անձը եղել է Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը կատարած խմբի անդամներից Դերենիկ Բեջանյանը: Հոկտեմբերի 27-ին, երբ Նաիրի Հունանյանը եւ նրա հանցախումբը դեռեւս ԱԺ նիստերի դահլիճում են եղել, Դերենիկ Բեջանյանը զանգահարել է հենց այն խորտկարանը, որտեղ այդ պահին եղել է Ավետիս Գրիգորյանը: Այս փաստը բազմաթիվ կասկածների եւ քննարկումների առիթ էր դարձել: Հոկտեմբերի 27-ի գործը քննող իրավապահները լուրջ կասկածներ են ունեցել, որ Ավետիս Գրիգորյանը եւ նրա հետ այդ օրը խորտկարանում եղած մարդիկ առնվազն նախապես տեղեկացված են եղել, թե Նաիրի Հունանյանը եւ նրա հանցախումբը ինչ են պատրաստվում անել:

Պետության հովանավորյալը
Ի դեպ, նշենք, որ Ավետիս Գրիգորյանը ակտիվորեն մասնակցել է ՀՀ եւ Արցախի պաշտպանական մարտական գործողություններին, որոնց համար պարգեւատրվել է: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ 2002թ. մայիսի 2-ի հրամանագրով նա պարգեւատրվել է «Արիության» մեդալով, ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի՝ 2004թ. մայիսի 5-ի հրամանագրով պարգեւատրվել է «Անդրանիկ Օզանյան» մեդալով, Արցախի ազատության պայքարի կատարած հատուկ ծառայության համար ԼՂՀ մայրության կոմիտեի նախագահի կողմից 2004թ. մայիսի 9-ին պարգեւատրվել է «Մայրական երախտագիտություն» մեդալով, ՀՀ նախագահի՝ 2006թ. սեպտեմբերի 18-ի հրամանագրով պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կողմից 2012թ. հունվարի 19-ին պարգեւատրվել է «ՀՀ Զինված ուժեր 20 տարի» հոբելյանական մեդալով:
Թերեւս այս մեդալների առատությունն է նրան «թեւեր» տվել 100 հազար դրամի համար մարդ առեւանգել ու ավտոմեքենա հափշտակել:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԿԴԻՄԻ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանի եղբայրը` 38-ամյա Արթուր Ավագյանը, 2015 թվականի օգոստոսի 23-ին Երեւանի Աճառյան պողոտայում` «Մուլտի գրուպ» ՍՊԸ-ի բենզալցակայանի դիմաց, վրաերթի էր ենթարկել հետիոտն, 28-ամյա Էդգար Սնխչյանին: Գրել էինք, որ Սնխչյանը պնդում է, թե իրեն համապատասխան օգնություն չեն ցուցաբերել, եւ դիմել էր դատախազություն, որպեսզի պատշաճ քննություն տարվի, եւ, ամենակարեւորը, Ավագյանի եղբայրը փոխհատուցի իր կրած վնասը:
ՀՀ գլխավոր դատախազը վերացնել էր տվել ՀՀ քննչական կոմիտեի քննիչի` գործի կարճման մասին որոշումը եւ ցուցում տվել հարուցել քրեական գործ՝ 242 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը պատժվում է ազատազրկմամբ 3 տարի ժամկետով) եւ տանել օբյեկտիվ ու բազմակողմանի քննություն:
«Ժողովուրդ»-ը Էդգար Սնխչյանից պարզեց, որ հարուցված քրեական գործը եւս կարճվեց: «Արթուր Ավագյանը բացարձակ նոր հեքիաթ է պատմել, նոր ցուցմունք է տվել, որ ընդհանրապես չի համապատասխանում իր նախկին ցուցմունքներին, թե իբր ինչ-որ ջիպ է հայտնվել իր դիմացը, ջիպը խանգարել է, եւ ինձ ավտովթարի է ենթարկել: Առաջին ցուցմունքում չի ասել, որ ջիպն է խանգարել, որն այդքան կարեւոր էր ցուցմունքի համար»:
Եվ, ահա, Սնխչյանը՝ տեսնելով, որ իրավապահներն ամեն կերպ փրկում են պատգամավորի եղբորը պատասխանատվությունից, պատրաստվում է 2-րդ անգամ դիմել Սերժ Սարգսյանին:

 

 

ԻՆՉՈ՞Ւ Է ՁԳՁԳՎՈՒՄ
2015թ. նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշ վարչական շրջանում ազգային անվտանգության ծառայության կողմից վնասազերծված հանցավոր խմբի գործով նախաքննությունը փակուղի է մտել: Այս մասին բարձրաձայնում են մի շարք փաստաբաններ: «ժողովուրդ»-ի հետ զրույցում այդ գործով կալանավորված Արթուր Վարդանյանի փաստաբան Լեւոն Բաղդասարյանը եւս հայտնեց, որ ինքը նույնպես հակված է կարծելու, որ նախաքննությունը ձգձգվում է. «Այնքանով, որքանով որ նախաքննություն է գնում, ես դժվարանում եմ եւ չեմ կարող ասել, թե ինչն է պատճառը, նախաքննությունն ինչու է այսքան երկար գնում: Եթե ես նախաքննության ավարտից հետո գործին ծանոթանամ, միանշանակ իմ դիրքորոշումը կհայտնեմ»:
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ի կողմից վնասազերծված «հանցավոր» խմբի գործով իրավապահներին նոր տվյալներ էին հայտնի դարձել, ինչի արդյունքում ԱԱԾ-ն կալանավորվածների կալանքի ժամկետները երկարաձգելու միջնորդությամբ դիմել էր դատարան, եւ դատարանը բավարարել էր գրեթե բոլոր միջնորդությունները: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ նման միջնորդությամբ նախօրեին դատարան է դիմել Վաղինակ Ստեփանյանի պաշտպան Մարինե Ֆարմանյանը, որի միջնորդությունը դատարանը դեռեւս չի քննել: Չի բացառվում, որ առաջիկայում պարզ կլինի՝ արդյո՞ք հանցավոր խմբի գործով կալանավորվածներից որեւէ մեկը գրավի դիմաց ազատ կարձակվի, թե՞ ոչ:

 

 

 

 

ՇՈՐԹՄԱՆ ԳՈՐԾՈՎ
ՀՔԾ-ն հանդես է եկել հաղորդագրությամբ, որում ասված է. «analitik.am լրատվական կայքի աշխատակիցների կողմից ԱԺ պատգամավորից գումար շորթելու վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձերբակալվել է Վանոյի Արտակ մականունով հայտնի Արտակ Գալստյանը՝ 2015թ. աշնանը analitik.am կայքի տնօրենի հետ նախնական համաձայնությամբ, խմբով, քաղաքացուց առանձնապես խոշոր չափի շորթում կատարելու կասկածանքով: Նախաքննությամբ ձեռք բերված տվյալներով՝ Ա. Գալստյանը տնօրինում եւ կազմակերպում է ինչպես analitik.am, այնպես էլ crimenews.am, armcrimenews.com լրատվական կայքերի գործունեությունը: Հիշյալ հանգամանքները հիմք են տալիս կարծելու, որ վերը նշված առանձնապես խոշոր չափի շորթումը վերոհիշյալ լրատվական կայքերի աշխատակիցների եւ Արտակ Գալստյանի ապօրինի գործունեության միակ դեպքը չէ: Ուստի հորդորում ենք բոլոր այն քաղաքացիներին, ովքեր տուժել են Արտակ Գալստյանի եւ վերջինիս տնօրինման տակ գտնվող կայքերի աշխատակիցների ապօրինի գործունեությունից, դիմեն ՀՀ հատուկ քննչական ծառայություն»:

 

 

ՊԱՇՏՈՆ ՉԿԱ
«Փոքր Մհեր» կրթահամալիրում երեկ կայացած «Վերջին զանգի» արարողությանը մասնակցող պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը լրագրողներին ասել է, թե վերջին շրջանում սահմանին իրավիճակը լարված չէ եւ գնահատվում է խաղաղ: Անդրադառնալով 800 հեկտար կորցրած տարածքների հարցին՝ Օհանյանը հայտարարել է, թե ինքը բազմիցս է ասել, որ այդ տարածքները գտնվում են Արցախի համապատասխան ստորաբաժանումների հսկողության ներքո: ԼՂՀ նախկին Պնախարար Սամվել Բաբայանին վերադարձից հետո որեւէ պաշտոնում նշանակելու հարցի հետ կապված էլ Օհանյանն ասել է, թե ինքն իրավասու չէ պաշտոններ տալ՝ հավելելով, որ ՊՆ-ում բոլոր պաշտոններն այս պահին համալրված են:

 

 

ՄԵՐԺԵՑԻՆ
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Գուրգեն Արսենյանի որդին՝ 21-ամյա Գուրգեն Արսենյանը, կշարունակի մնալ կալանքի տակ: Վերաքննիչ քրեական դատարանը երեկ մերժել է Արսենյանի պաշտպանների բողոքը: Փաստաբան Հայկ Ալումյանի ներկայացմամբ՝ դատախազը նույնիսկ չի առարկել գրավի միջնորդության դեմ. «Բայց դատարանը փաստորեն դատախազությունից ավելի մեղադրական դիրքերում հայտնվեց: Այսինքն՝ եթե դատախազությունը չի առարկում գրավի կիրառման դեմ, ընդհանրապես հասկանալի չէ դատարանի տրամաբանությունը, որով ինքը գրավը մերժեց: Այստեղ են ասում՝ Հռոմի պապից ավելի կաթոլիկ են ոմանք ուզում թվալ»,- ընդգծել է Ալումյանը՝ հավելելով, որ այդ որոշումը կբողոքարկվի Վճռաբեկ դատարան:




Լրահոս