ՆՈՐ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊՆ-ՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ երեկ երեկոյան ՀՀ պաշտպանության նախարարությունում նոր ձերբակալություններ են եղել: Ու դարձյալ միջին կամ մանր «ձկներն» են ուռկանում հայտնվել: Մեր տեղեկություններով՝ ձերբակալվածների թվում են ՀՀ զինված ուժերի սպառազինության վարչության պետ, գեներալ-մայոր Մելս Չիլինգարյանը, ՀՀ ԶՈւ սպառազինության վարչության ավտոծառայության պետ, գնդապետ Դավիթ Աբրահամյանը եւ Մհեր Պապյանը, որի ճշգրիտ պաշտոնը երեկ մեզ չհաջողվեց ճշտել:
Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործով ՀՀ ԶՈւ սպառազինության վարչության ավտոծառայության պետ, գնդապետ Դավիթ Աբրահամյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով՝ իշխանությունը չարաշահելու համար, ինչն առաջացրել է նյութական ծանր հետեւանքներ: Դավիթ Աբրահամյանը մեղադրվում է այն բանում, որ ընդգրկված լինելով ՀՀ ԶՈՒ սպառազինության վարչության մշտական գործող հանձնաժողովի կազմում՝ շահադիտական դրդումներով այնպես է արել, որ կնքված պայմանագրերին կից տեխնիկական բնութագրերին չհամապատասխանող գործիքներն ու սարքավորումներն ընդունվեն հանձնաժողովի կողմից:
«Ժողովուրդ» օրաթերթն ավելի վաղ հայտնել էր, որ վերը նշված գեներալների պաշտոնանկության հարցում որոշիչ դերակատարություն են ունեցել ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության կողմից ՀՀ ՊՆ-ում անցկացված ստուգման արդյունքները: Եւ պաշտոնանկությունների հարցում առանցքային դերակատարներից մեկը եղել է ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, որն անձամբ է Սերժ Սարգսյանին զեկուցել կոռումպցիոն սխեմայի մասին: Բայց նկատենք, որ բոլոր ձերբակալվածները նախկին պաշտոնյաներ են, այսինքն` ՊՆ գործող որեւէ պաշտոնյա դեռ պատասխանատվության չի ենթարկվել: Հավանաբար թույլ չի տրվում ավելի առաջ անցնել: Թեեւ բոլորին էլ հասկանալի է, որ չնայած ձերբակալվածների զբաղեցրած դիրքին, այնուամենայնիվ, նրանք միայնակ, առանց բարձրադիր գեներալների աջակցության չէին կարող հանցանք գործել: Եւ ուրեմն ինչո՞ւ են կալանավորվում միայն «մանր ու միջին» ձկները, եւ ինչպե՞ս են մանեւրում խոշորները: Թեմայի մանրամասները` վաղվա համարում:

 

 

 
90-ականների վերջերին եւ 2000-ականների սկզբներին Հայաստանում նոր կուսակցությունները ստեղծվում էին մեծ կուսակցությունների տրոհման արդյունքում: Հետո օլիգարխները կամ մեծահարուստ պաշտոնյաները սկսեցին կուսակցություններ ստեղծել: Միայն վերջին մեկ տարում ԲՀԿ-ի տրոհման արդյունքում 1 կուսակցություն արդեն ստեղծվել է, 2-ն էլ առաջիկայում կստեղծվեն: Այժմ էլ նոր կուսակցությունը ստեղծելու «մենաշնորհը» սկսել է անցնել քաղաքացիական ակտիվիստների խմբերին: Առաջիկայում եւս մեկը կհիմնադրվի, որը սակայն կլինի մարզային կուսակցություն: Հուլիսի 1-ին Գյումրիում տեղի կունենա «Գաղափարակից լիբերալների ալյանս» կամ նույնն է, թե ԳԱԼԱ հեռուստաընկերության կուսակցության հիմնադիր համագումարը: Այն գիտակցումը, որ Հայաստանի քաղաքական կյանքում սերնդափոխությունն անխուսափելի է, շատ մարդկանց մոտ ազնիվ մղումներ է առաջացրել` փորձել իրենց ուժերը քաղաքական դաշտում:

 

 

 
ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի հետ կապված քաղաքական դաշտում հայտնի պատմություններից մեկն այն մասին է, որ նա եւ իր եղբայրը՝ Վահագն Մկրտչյանը, փաստացի տարբեր իշխանական կուսակցությունների անդամ են: Մասնավորապես, Լեւոն Մկրտչյանը դաշնակցական է, իսկ նրա եղբայրը ՀՀԿ-ական թիմում է: Համենայնդեպս, 2003-ի նախագահական ընտրությունների ժամանակ հենց Վահագն Մկրտչյանն էր Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբի քարոզչության պատասխանատուն: «Ժողովուրդ»-ը Լեւոն Մկրտչյանից փորձեց պարզել, թե ներկայումս նրա եղբայրն ինչո՞վ է զբաղվում եւ արդյոք շարունակում է մնալ ՀՀԿ անդամ: «Բիզնեսով, նա զբաղվում է գործարարությամբ, որեւէ կուսակցության անդամ չի հաստատ»,- պատասխանեց ԿԳ նախարարը: Հիշեցնենք, որ Մկրտչյան եղբայրների բիզնեսները սկսեցին ծաղկել 2000-ականների սկզբից, երբ ավագ եղբայրը՝ Լեւոն Մկրտչյանը, 2001-ին երկրորդ անգամ նշանակվեց ՀՀ ԿԳ նախարար:

 

 

 
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Հովհաննես Հովսեփյանի ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ նշանակվելուց հետո հարկային ծառայության շարքերում մի տեսակ «անգործություն» է տիրում: Բանն այն է, որ հարկային ծառայության աշխատակիցների հիմնական «գործերից» մեկը տնտեսվարողների մոտ ստուգումներ անցկացնելն է: Սակայն Հովսեփյանի նշանակվելուց հետո, այսպես ասած, «շարքային» ստուգումների հանձնարարականների թիվը կտրուկ պակասել է: Եւ հարկայինի տեսուչները չգիտեն ինչով զբաղվել: Իհարկե, այդ պարապուրդը չի վերաբերում խոշոր ձեռնարկություններում նախատեսված ստուգումներին, դրանք սովորականի պես շարունակվում են: Փոխարենը փոքր եւ միջին ձեռնարկությունների դեպքում մի տեսակ «զինադադար» է: Եւ հիմա հարկային ծառայությունում աշխատակիցները փորձում են հասկանալ. նման մոտեցումը ժամանակավո՞ր բնույթ է կրում, թե՞ հետայսու այդպես է լինելու:

 

 

 
ՁԵՎԸ ԳՏԱՆ
ՀՀ արդարադատության ոլորտի 25 տարվա բարեփոխումների վերաբերյալ համաժողովի ընթացքում երեկ բավականին կոշտ ելույթով է հանդես եկել ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին: Անդրադառնալով մեր երկրում արդարության պակասին՝ Սվիտալսկին ընդգծել է, որ ՀՀ արդարադատության համակարգի բարեփոխումների նպատակով միայն վերջին 10 տարիների ընթացքում Եվրամիությունը հատկացրել է 45 միլիոն եվրո.«Դուք չեք կարող ունենալ արդյունավետ ժողովրդավարություն, եթե մարդիկ, ովքեր պատասխանատու են ընտրությունների կեղծման համար, պատասխանատվության չեն ենթարկվում: Դուք չեք կարող ունենալ օրենքի գերակայության գործուն համակարգ, եթե դատարանները չեն կարողանում պայքարել կոռուպցիայի դեմ, եթե երկրի որոշ քաղաքացիներ իրենց ավելի հավասար են զգում, քան մյուսները»,- ասել է Սվիտալսկին՝ այդպիսով, ըստ էության, արձանագրելով, որ Եվրամիության հատկացրած միլիոնավոր եվրոները նպատակին չեն ծառայել:
Հիշեցնենք, որ վերջերս էլ անդրադառնալով ՀՀ կառավարության կողմից տարվող կոռուպցիայի դեմ պայքարին՝ Սվիտալսկին նշել էր, որ ԵՄ-ն այդ նպատակով հատկացրած ունի 15 մլ եվրո, որը, սակայն, կբաշխվի միայն հստակ, տեսանելի արդյունքների առկայության դեպքում: Ասել է, թե Եվրամիությունը, դեսպան Սվիտալսկիի շուրթերով, իր թերահավատությունն է հայտնում վարչապետ Հ. Աբրահամյանի նախաձեռնած հակակոռուպցիոն պայքարի արդյունավետության վերաբերյալ:
Ինչ վերաբերում է կոնկրետ արդարադատության համակարգում առկա խնդիրներին, ապա Սվիտալսկու արձանագրած իրողությունները ՀՀ որեւէ քաղաքացու համար նորություն չեն, եւ այնպես չէ, որ մեր պաշտոնյաները՝ երկրի նախագահից սկսած, ժխտում են, որ ՀՀ-ում ապահովված չէ քաղաքացու արդար դատաքննության իրավունքը: Այս առումով բավական է հիշել հենց նույն Սերժ Սարգսյանի՝ անցած նոյեմբերին արած հայտնի հայտարարությունը. իրեն մոտեցած քաղաքացու բողոքին, թե ՀՀ-ում դատարանները չեն գործում, Սարգսյանը միանգամայն անվրդով տոնով պատասխանել էր՝ շատ հնարավոր է: Սարգսյանն, իհարկե, հավելել էր, թե հենց դրա համար էլ փոխում են Սահմանադրությունը, որ այդուհետ դատավորներն առավել անկախ լինեն: Մի բան, որը մենք չենք տեսնում նաեւ այս նոր Սահմանադրության ընդունումից հետո՝ հենց թեկուզ ընտրական կոռուպցիայի գործերով դատավարությունների ընթացքում:
Իսկ ինչ վերաբերում է ՀՀ վարչապետի հայտարարած մոնոպոլիաների դեմ պայքարին, ապա Էկոնոմիկայի նախարար Ա. Մինասյանի երեկվա հայտարարությունը՝ շաքարի ներկրման մենաշնորհն օրենքով ամրագրելու հնարավորության մասին, ավելորդ անգամ եկավ ապացուցելու, որ ՀՀ-ում ոչ թե ընթանում է կոռուպցիայի կամ մոնոպոլիայի դեմ պայքար, ոչ թե իրականացվում է արդարադատության համակարգի բարեփոխում, այլ առավելագույնը փնտրվում են եղանակներ՝ առկա ապօրինի երեւույթներին օրինական ձեւակերպումներ տալու ուղղությամբ:




Լրահոս