ԻՆՉՈՒ ՉԻ ՀԱՋՈՂՎՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՍԵՐՆԴԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԱՆԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն հանգամանքը, որ Հայաստանի քաղաքական կյանքում պետք է սերնդափոխություն տեղի ունենա, եւ վաղուց արդեն իրենց սպառած քաղաքական գործիչները, հիմնականում խոսքը իշխանական դեմքերի մասին է, պետք է ասպարեզից հեռանան, վաղուց ձեւավորված հանրային պահանջ է:

Հարկ է նշել, որ իշխանական գործիչների սերնդափոխություն ասվածը չի կարելի շփոթել կոռումպացված պաշտոնյաներին` հատկապես նախարարներին եւ պատգամավորներին, իրենց զավակներով փոխարինելու հետ: Հայաստանի իշխանությունները նման տարբերակին ոչ միայն դեմ չեն, այլ նաեւ սկսել են գործուն քայլեր կատարել՝ նման փոփոխություն իրագործելու համար: Սակայն նման տեղափոխությունները Հայաստանում որակական ոչ մի փոփոխության չեն հանգեցնի, պետությունը նախկինի պես կշարունակի քայքայվել, մարդիկ էլ տասնյակ հազարներով կշարունակեն Հայաստանից արտագաղթել: Երբ խոսք է գնում քաղաքական դաշտում սերնդափոխության մասին, դա առաջին հերթին ենթադրում է իշխանափոխություն, որի իրականացնողները չեն լինի ընդդիմադիր դաշտի հին խաղացողները: Ի դեպ, ընդդիմադիր դաշտի հներին փոփոխությունների հնարավորությունից տարանջատելը չի նշանակում նրանց արհեստական դաշտից դուրս նետել: Պարզապես այլեւս ակնհայտ է, որ նրանք ի վիճակի չեն փոփոխություններ բերել` իշխանափոխություն իրականացնել, առաջին հերթին այն պարզ պատճառով, որ իշխանությունների հետ չափից ավել շատ են կապված: Այլ կերպ ասած՝ սերնդափոխությունն իշխանափոխության հասնելու համար անհրաժեշտ շրջափուլերից է:
Նոր գործիչներից կազմված ընդդիմադիր քաղաքական թիմերը թերեւս կարող են ձեւավորվել, եթե Հայաստանի անկումը դադարեցնել ցանկացող երիտասարդները սկսեն անդամագրվել ընդդիմադիր կուսակցություններին եւ իրենց ներկայությամբ որակապես փոխեն նախ ընդդիմադիր քաղաքական դաշտը, այնուհետեւ հասնեն իշխանափոխության: Թերեւս շատ քչերի մտքով կանցնի, որ դեռեւս մեկ-երկու տարի առաջ Հայաստանի իշխանությունները գործուն քայլեր են կատարել երիտասարդության մուտքը «ֆիլտրելու» համար: Ինչպես հայտնի է՝ փոփոխված Սահմանադրության 48-րդ հոդվածի համաձայն՝ պատգամավոր կարող են դառնալ միայն ՀՀ քաղաքացիություն ունեցող, 25 տարին լրացած անձինք, իսկ երկքաղաքացիները նման իրավունք չունեն: Նույնը վերաբերվում է նաեւ կառավարության անդամներին` վարչապետին եւ նախարարներին: Այս մոտեցման պաշտոնական պատճառաբանությունն այն էր, թե քանի որ մենք գրեթե բոլոր երկրներում համայնք ունենք, նման սահմանափակումը պետական անվտանգության հարց է:
Մենք սովոր ենք, որ ՀՀ իրավապահները եւ հատկապես ԱԱԾ-ն ողջ օրը զբաղվում են ընդդիմության ներկայացուցիչներին գաղտնալսելով եւ նրանց ամեն մի տեղաշարժը վերահսկելով: Բայց պետությանը լրտես պաշտոնյաներից հեռու պահելը հենց ԱԱԾ-ի գործն է: Ինչպես կարելի է ավելի քան ութ միլիոնանոց սփյուռքի մեր հայրենակիցների առջեւ դուռը փակել, ինչ է, թե մենք վստահ չենք, որ մեր ԱԱԾ-ն չի թերանա եւ կկարողանա կանխել լրտես գործիչների մուտքը Հայաստանի քաղաքական դաշտ: Ավելին՝ եթե որեւէ երկրի հատուկ ծառայություն ցանկանա նման խնդիր լուծել, ապա ինչն է նրա գործակալին խանգարում դառնալ միայն ՀՀ քաղաքացի: Այլ կերպ ասած՝ երկրորդ քաղաքացիությամբ սահմանված արգելքը ոչ մի վտանգ էլ չի չեզոքացնում:
Պարզվում է՝ վերջին 10 տարիներին հատկապես արտերկրում կրթություն ստացած երիտասարդների շրջանում մեծ թիվ են կազմում երկքաղաքացիները: Իրենց բնագավառում արդեն կայացած մասնագետներից շատերը երկրորդ քաղաքացիություն են ստացել արտերկրում ազատ աշխատելու, առանց վիզայի եվրոպական կամ այլ երկրներ գնալ-գալու համար: Սակայն ՀՀ իշխանությունները գրչի մեկ հարվածով կադրային այդ բազան կտրեցին եւ դեն նետեցին:
Համաձայնեք, որ իր ոլորտում կայացած ոչ մի մասնագետ չի ցանկանա զբաղվել քաղաքականությամբ՝ ի սկզբանե իր համար քաղաքական առաջընթացը բացառելով: Այսինքն՝ ՀՀ իշխանությունները փաստացի թույլ չեն տվել, որպեսզի ընդդիմադիր կուսակցությունների կադրային բազան երկքաղաքացիների հաշվին ընդլայնվի: Ավելին՝ լուրջ կասկածներ կան, որ նման մոտեցումը հենց այնպես` ապագայում իշխանությանը սպառնացող հնարավոր վտանգները կանխելու մղումով չի ծվնել, այլ արտերկրում կայացած եւ Հայաստանի քաղաքական կյանքում ներգրավվել ցանկացող կոնկրետ անձանց ճանապարհը փակելու համար է արվել:
Այս մոտեցմամբ ստացվում է, որ հայկական հին եւ նոր սփյուռքի ներկայացուցիչներին Հայաստանում միայն որպես փողի քսակ ենք դիտարկում` նրանց համար բացառելով Հայաստանում քաղաքական կարիերա անելու հնարավորությունը:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 
ՍԱՐՔՈՎԻ ՔԱՐՈԶ
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի կողմից ծառայողական ավտոմեքենաները կրճատելու մասին հայտարարությունից հետո այդպես էլ չպարզաբանված մնաց՝ ի վերջո, ինչն են պատրաստվում կրճատել: Այժմ արդեն կարող են արձանագրել, որ պետական հիմնարկները որոշել են իրենց աղբից ազատվել, ձեռի հետ էլ քարոզչություն են անում, թե իբր ծառայողական ավտոմեքենաները կրճատում են: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ անշարժ գույքի կառավարման վարչությունը սկսել է վաճառքի հանել «կրճատված» ավտոմեքենաները, որոնք հիմնականում ռուսական հին արտադրության ավտոմեքենաներ են: Օրինակ՝ վաճառում են 2002-ի արտադրության «ՎԱԶ 21213», 1991-ի՝ «Իժ-27151», 1990-ի՝ «Ուազ-33-03» եւ 2002-ի՝ «ՎԱԶ 21214» եւ այսպես շարունակ: Այսինքն՝ կառավարությունն աղբից եւ մետաղի ջարդոններից է ազատվում:

 

 

ՀԵՐԹՈՎ ՀԱՐՑԱՔՆՆՈՒՄ ԵՆ
Մարտի 8-ին ոստիկանության Գորիսի բաժնի պետ Գեւորգ Ազիզյանի մասնակցությամբ ծեծի գործով ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում քննությունը շարունակում Է: Ինչպես հայտնի է՝ Գորիսի «Դիանա» ռեստորանի բակում Գորիսի ոստիկանապետ Գեւորգ Ազիզյանը վիճել Էր իր տեղակալի՝ Մուշեղ Գեւորգյանի եղբոր՝ Արթուր Գեւորգյանի հետ: Գեւորգյանները՝ տեսնելով, որ քննությունն ընթանում է ոստիկանապետի արարքն արդարացնելու ուղղությամբ, նամակով դիմել էին Սերժ Սարգսյանին, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին եւ ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանին: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՔԾ-ն սկսել է հերթով հարցաքննության կանչել դեպքի օրը ռեստորանում եղած անձանց: Իսկ այդ օրը՝ մարտի 8-ը, ռեստորանում նշել է 50-ից ավել անձ, եւ բոլորը ստիպված են ցուցմունքներ տալ:

 

 

ՆՈՐ ՔԿՀ ՊԵՏԸ
Ինչպես հայտնի է՝ վերջերս «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ նշանակվեց ոստիկանության նախկին պաշտոնյա Սերոբ Հարությունյանը, որը մարտի 2-ին ազատվել էր ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետի պաշտոնից` քրեական տարրերի հետ «սեղան նստելու համար»: «Նուբարաշեն» ՔԿՀ-ի նորանշանակ պետը կալանավայրի նիստուկացում որոշ փոփոխություններ է իրականացրել, ինչն այդքան էլ դատապարտյալների սրտով չէ: Մասնավորապես, նա հրահանգել է դռների դիտանցքները փակ պահել: Հատկապես առաջին հարկի խցերի համար այդ ճեղքերի բացվածքը կարեւոր է, քանի որ օդափոխության հնարավորություն է տալիս: Ուստի նոր պետի խստացումը դատապարտյալների շրջանում արդեն իսկ լուրջ դժգոհություններ է առաջացրել: Սա էլ դեռ քիչ է, Սերոբ Հարությունյանը դատապարտյալների առաջ պայման է դրել, եթե նրանք քրեակատարողական հիմնարկի տրամադրած ուտելիքը չվերցնեն, ապա դրսից ուղարկված ուտելիք եւս չեն ստանա: Արդյունքում դատապարտյալները պարտադրված վերցնում են ՔԿՀ-ի տրամադրած ուտելիքը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում դատապարտյալների հարազատները հայտնեցին, որ ՔԿՀ-ի տրամադրած սնունդը այնքան վատն է, որ անհնար է ուտել, եւ բոլորը սնվում են դրսից ուղարկած սնունդով, իսկ ՔԿՀ-ի տրամադրած սնունդը լցնում են զուգարաններ:

 
ԿԸՆԴԼԱՅՆԵՆ
ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնմանն ուղղված աշխատանքներն առաջ են ընթանում: Այդ մասին ադրբեջանական APA գործակալությանն ասել է ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը: Նա նշել է, որ առաջիկա օրերին Վիեննայում ԵԱՀԿ-ի անդամ երկրներին է ներկայացնելու գրասենյակի ընդլայնման ծրագիրը՝ այդ թվում բյուջեն եւ վերջնական եզրակացությունը:
 

ԱՅՍՊԵ՞Ս ԵՔ ՊԱՅՔԱՐՈՒՄ
Ստվերը եղել է ու այսօր տնտեսության տարբեր ճյուղերում կա, սակայն կառավարությունը պայքարում է ստվերի դեմ: Երեկ նման հավաստիացումներ է հնչեցրել ՊԵԿ փոխնախագահ Արմեն Ալավերդյանը՝ միաժամանակ արդարանալով. «Շատ դժվար է իսպառ վերացնել ստվերը: Կան բիզնեսի ոլորտներ, որոնք անհամեմատ ավելի շատ եկամուտներ են ստանում, քան ցույց են տալիս: Այս երեւույթը բնական է բոլոր երկրներում», – ասել է նա: Հարցին` քաղաքացիներին հասու կդառնա՞, թե որ ավտոմեքենայի համար որքան մաքսավճար պետք է վճարել, Ալավերդյանը պատասխանել է. «Ինչ պարտադիր է, որ գրենք, կպցնենք թերթերին: Հացի, դեղորայքի մասին չեք խոսում, միշտ կպնում եք այդ ավտոմեքենաներին, ի՞նչ եք ուզում»:

 

 

ՄԵԿՆԵՑ
Սերժ Սարգսյանը երեկ աշխատանքային այցով մեկնել է Լյուքսեմբուրգ՝ մասնակցելու Եվրոպական ժողովրդական կուսակցության 40-ամյակին նվիրված հոբելյանական գագաթնաժողովին:

 

 

ՀԱՆԳԻՍՏ Է ԵՂԵԼ
Մայիսի 29-ի լույս 30-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական հանգիստ իրադրությունը: Կրակի դադարեցման պայմանավորվածությունը հակառակորդի կողմից հիմնականում խախտվել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից: Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում եւս օպերատիվ իրավիճակը հանգիստ է եղել: Արձանագրվել են միայն ադրբեջանական կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից արձակված անկանոն կրակոցներ:

 

 

ՄԻՆՉԵՎ ԹԱԼԻՆ ԵՎ ԳՅՈՒՄՐԻ
Հյուսիս-հարավ մայրուղու Արտաշատից Աշտարակ «Տրանշ 1» ճանապարհի շինարարությունը ավարտվել է։ Այժմ իրականացվում է հաջորդ՝ «Տրանշ 2»-ի շինարարությունը, որը ճանապարհը Աշտարակից շարունակում է Թալին: Այդ մասին երեկ հայտարարել է տրանսպորտի եւ կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը: Բացի այդ, ըստ պաշտոնյայի՝ մեկնարկել է նաեւ «Տրանշ 3»-ի շինարարությունը, որը ենթադրում է Թալինից դեպի Գյումրի ճանապարհի շինարարություն: Ընդհանուր առմամբ այս ճանապարհի 39 կմ հատվածի շինարարության վրա 60 մլն ԱՄՆ դոլար է ծախսվել:




Լրահոս