ALDE-ի խորհրդի նիստում մեր տարածաշրջանին վերաբերող հարցեր են ընդունվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 4-ին Վիլնյուսում տեղի է ունեցել Եվրոպայի Լիբերալների և Դեմոկրատների Միություն կուսակցության (ALDE) խորհրդի նիստը, որին մասնակցել է ALDE-ի անդամ Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը:

Խորհրդի նիստի օրակարգում են եղել եվրոպական երեք նոր կուսակցությունների անդամակցությունը ALDE-ին: Խորհրդի քվեարկության համաձայն` ALDE-ի նոր անդամներ են դարձել Իսպանական Ciudadano ընդդիմադիր կուսակցությունը, որն ունի 40 պատգամավոր Իսպանիայի խորհրդարանում, Լեհական Nowoszesna ընդդիմադիր կուսակցությունը (28 մանդատ Լեհական Սեյմում) և Ուկրաինական Civic Position կուսակցությունը: Այսպիսով ALDE-ի անդամ է եվրոպական 59 կուսակցություն:

Խորհրդի նիստում ընդունվել են նաև 6 քաղաքական բանաձևեր, որոնցից 3-ը վերաբերում են մեր տարածաշրջանին: Մասնավորապես «Աջակցություն Ադրբեջանի քաղաքացիական հասարակությանը. կոչ եվրոպական ինտիտուտներին» բանաձևով խստորեն դատապարտվում է Ալիևի աճող բռնատիրական գործողությունները, մասնավորապես` երիտասարդ ակտիվիստների նկատմամբ վերջերս հաճախակի դարձած հետապնդումները: Բանաձևով կոչ է արվում Եվրոպայի Խորհրդին` դադարեցնել ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության քվեարկության իրավունքը, իսկ Եվրապական Խորհրդարանում ALDE խմբակցությանը` առաջարկել Եվրոպական Խորհրդարանին ընդունել նպատակային պատժամիջոցներ Ադրբեջանի նկատմամբ:

«ԵՄ-Թուրքիա փախստականների հարցով համաձայնագրի դադարեցում» բանաձևը քննադատում է Թուրքիայի կեցվածքը Սիրիայի փախստականների ընդունման հարցում, բացասական է գնահատում ԵՄ-Թուրքիա փախստականների հարցով համաձայնագիրը` կոչ անելով ԵՄ-ին` միջազգային ստանդարտներին համապատասխանող նոր փաստաթուղթ ստորագրել Թուրքիայի հետ:

«Անհապաղ միջոցներ Ուկրաինայի և Վրաստանի նկատմամբ ԵՄ մուտքի արտոնագրի ազատականացման մասին» բանաձևով կոչ է արվում ԵՄ համապատասխան կառույցներին ըստ ժամանակացույցի հաստատել առանց վիզաների կարգավիճակը Ուկրաինայի և Վրաստանի համար:




Լրահոս