Սերժ Սարգսյանը երեկ կատարեց հերթական անսպասելի կադրային նշանակումը՝ այս անգամ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար նշանակելով նախկին փոխվարչապետ, Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գեւորգյանին: Իհարկե, Գեւորգյանի համար ԱԱԽ քարտուղարի պաշտոնը նոր չէ, հիշեցնենք, որ նա դեռեւս 2007թ. մինչեւ 2008 թվականի ապրիլը զբաղեցրել է այդ պաշտոնը եւ զուտ մասնագիտական պատրաստվածության եւ պրոֆեսիոնալիզմի տեսանկյունից, ինչ խոսք, սա պատճառաբանված նշանակում է:
Այլ հարց է, թե ինչու այս նշանակումը կատարվեց հենց հիմա. մի ժամանակահատվածում, երբ կրկին քաղաքական խմորումներ են ընթանում նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջ: Մասնավորապես՝ նրա մերձավորներից Վարդան Օսկանյանը նոր կուսակցություն է ստեղծում, Հայաստան է վերադառնում Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը, ով եւս ակնարկում է այդ կուսակցությանն իր աջակցության մասին, ապա մեկնում Արցախ՝ այդտեղ որոշակի ներքաղաքական խմորումներ սկսելով, եւ, ի վերջո, կայանում է Սերժ Սարգսյան-Լեւոն տեր-Պետրոսյան համաձայնությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման տեսլականի շուրջ: Դրանից հետո էլ, ինչպես հիշում ենք, անսպասելիորեն կառուցողական հարցազրույցով հանդես եկավ այդ համաձայնությունից դուրս մնացած Ռոբերտ Քոչարյանը, ով մինչ այդ այցելել էր Արցախ եւ հանդիպում ունեցել Բակո Սահակյանի հետ:
Եվ, ահա, այս ամենի խորապատկերին կարեւոր պաշտոնի է նշանակվում Ռոբերտ Քոչարյանի վարչակազմի ամենակարկառուն դեմքերից մեկը՝ Արմեն Գեւորգյանը, եւ դժվար է պատկերացնել, որ ավելի քան երկու տարի ԱԱԽՔ-ի պաշտոնը թափուր պահող Սերժ Սարգսյանի կողմից հենց հիմա արված այս նշանակումը կարող է դուրս լինել ընթացող խոշոր քաղաքական խաղից եւ դրա շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունից:
Այս առումով, սական, իրավիճակի նրբությունն այն է, որ Արմեն Գեւորգյանը, հանրային տիրույթում ընկալվելով որպես «Քոչարյանի մարդ, իրականում ճիշտ նույնքան, եթե ոչ ավելի «Սերժ Սարգսյանի մարդն» է: Ի վերջո, շուրջ 10 տարի աշխատելով Քոչարյանի հետ՝ նա ամբողջ 7 տարի եղել է Սերժ Սարգսյանի իշխանության կարեւոր դեմքերից մեկը: Եվ ուստի դժվար է միանշանակ ասել՝ արդյոք այս նշանակմամբ Սերժ Սարգսյանն ուժեղացրեց Ռոբերտ Քոչարյանի դիրքերը, թե հակառակը՝ դրանով շատ կարեւոր եւ լուրջ հարված հասցրեց այդ դիրքերին: Թեեւ շախմատի սիրահար Սերժ Սարգսյանի պարագայում ավելի հավանական է, որ այս նշանակմամբ նա միաժամանակ ունենալով «երկուսը՝ մեկի մեջ»՝ չի բացառում թե՛ մեկը, թե՛ մյուսը, նայած իրավիճակի: