ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանը վաղն աշխատանքային այցով մեկնելու է Սանկտ-Պետերբուրգ` հանդիպելու ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւին: Այս մասին այցից երեք օր առաջ տեղեկացնում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը: Առհասարակ կայացած նախագահական ինստիտուտներ ունեցող երկրներում պետության ղեկավարի այցերի մասին հանրությունը   տեղեկացվում է  պատշաճ կերպով եւ պատշաճ ժամկետներում: Մի ժամանակ այդպես էր նաեւ Հայաստանում: Սակայն  վերջին տարիներին մեր երկրի «պետականության ամրապնդմանը» զուգահեռ  Հայաստանում   ավանդույթ դարձավ այն, որ ՀՀ նախագահի աշխատանքային այցերի մասին հանրությունը տեղեկանում է լավագույն դեպքում  այցից ընդամենը 2-3 օր առաջ: Ընդ որում` հաճախ ոչ թե սեփական երկրի ԱԳՆ-ից կամ նախագահի մամլո  գրասենյակից, այլ օտարերկրյա դիվանագիտական գերատեսչություններից կամ ԶԼՄ-ներից: Օրինակ` եթե թերթում ենք վերջին երեք տարվա ընթացքում Սերժ Սարգսյանի` Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցերի մասին տեղեկատվությունը, տեսնում ենք, որ առավել հաճախ դրանց մասին տեղեկատվություն է տարածել ռուսական կողմը: Եվ եթե հաշվի ենք առնում նաեւ այն, թե այցից որքան ժամանակ առաջ է այդ տեղեկատվությունը հրապարակվել, պարզ է դառնում, որ Ռուսաստանի արտգործնախարարությունը չի էլ փորձել դրանք   ներկայացնել իբրեւ  մեկ այլ  ինքնիշխան պետության  ղեկավարի այցելություն: Նման ոչ արարողակարգային գործելակերպով ռուսներն ավելորդ անգամ  հասկացնում են, որ իրենք ցանկացած պահի կարող են կանչել իրենց ֆորպոստի ղեկավարին հերթական հրահանգները տալու նպատակով: Ավելին, անգամ եղել են դեպքեր, երբ ռուսական կողմը հայտարարել է ՀՀ նախագահի ՌԴ կատարելիք այցի մասին, իսկ այդ ընթացքում Հայաստանի նախագահի մամլո գրասենյակում դեռ տեղյակ էլ չեն եղել, որ իրենք պատրաստվում են աշխատանքային այցով մեկնել Ռուսաստան: Այսինքն` ՌԴ -ում պարզապես մոռացել են տեղյակ պահել` այդպիսով մի ողջ երկրի նախագահական գրասենյակի անհարմար  վճակի մեջ դնելով: Բայց դե կարելի է հասկանալ. նրանք ինչո՞ւ պիտի հավասարը հավասարին վերաբերեն ՀՀ նախագահականին, որի ղեկավարն իրենց շեֆի կողմից հրապարակավ «կանչվում է քաղաքական կոնսուլտացիաների»: Եթե ժամանակին Վլադիմիր Պուտինը հայտարարում էր, որ ինքն առաջիկայում քաղաքական կոնսուլտացիաների համար Մոսկվա կկանչի ՀՀ այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ապա «միակ տղամարդու»  կոմպլեքսներ չունեցող Սերժ Սարգսյանն ինքն է ռուսական «Էխո Մոսկվի»-ին տված հարցազրույցում  հայտնում իր «կանչվելու» պատրաստակամության մասին: Ընդ որում 25 օրը մեկ  անգամ: Ու թեեւ այս անգամ նա մի փոքր խախտել է 25-օրյա ռեժիմը, դրա մեղավորը հաստատ ինքը չէ… Եվ եթե այսպես շարունակվի, չի բացառվում, որ առաջիկայում ՀՀ մամլո գրասենյակը նախագահի այցերի մասին հայտնի արդեն հետին թվով:




Լրահոս