Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունումն իրականում հանգուցային իրադարձություն էր, որից հետո Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի ամբողջականացման համար, թերեւս, մնում է ընդամենը մեկ կետ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների ճանաչումը: Իհարկե, դեռ կան էլի երկրներ, օրինակ՝ Մեծ Բրիտանիան, որի ճանաչումը եւս կարեւոր է, բայց գլոբալ իմաստով Օսմանյան Կայսրության դաշնակից Գերմանիայի կողմից սեփական մեղսակցության մասին բարձրաձայնումը չափազանց կարեւոր պատնեշ կոտրեց, եւ Գերմանիայի ճանաչումը պատմական ճշմարտության եւ արդարության հաղթանակի տեսանկյունից ինչ-որ տեղ անգամ ավելի կարեւոր էր, քան ԱՄՆ-ի ճանաչումը:
Եվ եթե Հռոմի Պապի կողմից 2015թ. ապրիլին Հայոց ցեղասպանությունը որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն որակելը ամբողջականացրեց միջազգային ճանաչման հոգեւոր կողմը, ապա Գերմանիայի ճանաչումը գրեթե ավարտին հասցրեց ճանաչման քաղաքական կողմը:
Եվ ուրեմն հիմա ժամանակն է մտածելու արդեն խնդրի իրավական կողմի մասին: Իսկ ինչ է անում այդ ուղղությամբ Հայաստանի Հանրապետությունը: Մեծ հաշվով՝ ոչինչ: Մինչ օրս պաշտոնական մակարդակով պահանջատիրության կամ փոխհատուցման մասին թերեւս միակ բարձրաձայնումը եղել է նախորդ տարի հունվարին ընդունված ցեղասպանության մասին համահայկական հռչակագիրը, որի 6-րդ կետում կար հիշատակում՝ խնդրի իրավական լուծումների նպատակով համապատասխան թղթածրար պատրաստելու մասին:
Անցել է արդեն մեկուկես տարի, սակայն որեւէ լուր չկա, թե ինչ եղավ այդ թղթածրարը: Դրա մասին մամուլը վերջին անգամ հիշատակեց անցած տարի սեպտեմբերին, երբ նշվեց, որ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը համապատասխան մասնագետների կողմից պատրաստված իրավական քայլերի փաթեթը փոխանցել է իշխանություններին: Իսկ թե դրանից հետո ինչ եղավ այդ թղթածրարը, դրան ինչպիսի ընթացք տրվեց, հայտնի չէ. ո՛չ թուղթը կա, ո՛չ ծրարը:
Մինչդեռ հիմա ճիշտ ժամանակն է, որպեսզի պաշտոնական Երեւանը մեջտեղ հանի այդ թղթածրարը եւ վերջապես սկսի կոնկրետ քայլեր անել՝ փոխհատուցման իրավական ընթացակարգեր սկսելու ուղղությամբ: Ի վերջո, եթե այդ թղթածրարն այդքան երկար ժամանակ անտեսված չլիներ, եւ հայկական կողմն արդեն իսկ այն գործի դներ, չի բացառվում, որ հենց նույն Գերմանիայի Բունդեսթագի ընդունած բանաձեւում որոշ հանձնարարականներ ունենային այլ ձեւակերպումներ: Բայց քանի դեռ Հայաստանի Հանրապետությունը ձկան նման լուռ է, որեւէ այլ պետություն չի կարող եւ չպետք է անի ավելին, քան խնդրի բուն հասցեատերը:
Եվ ուրեմն, քանի որ, ինչպես նշվեց, ճանաչման գործընթացը մոտենում է վերջնական հանգրվանին, հայկական կողմն ուղղակի իրավունք չունի դանդաղելու հաջորդ՝ փոխհատուցման փուլին նախապատրաստվելու հարցում: