Ի՞նչ է իրենից ներկայացնում համատեղ ՀՕՊ համակարգը. Հայաստանի և Արցախի անվտանգության երաշխիքները հաշվի առնող կա՞. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հատկապես ապրիլյան պատերազմից հետո Ռուսաստանի հետ կապված ցանկացած ռազմաքաղաքական նախաձեռնություն հայ հանրության կողմից ընդունվում է որոշակի կասկածանքով եւ թերահավատությամբ: Վերջին օրերին նոր մտահոգությունների առիթ է դարձել «ՀՀ եւ ՌԴ միջեւ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը, որը հունիսի 3-ին դրական եզրակացություն ստացավ ԱԺ արտաքին հարաբեությունների մշտական հանձնաժողովում եւ առաջիկա օրերին արդեն կքննարկվի Աժ լիագումար նիստի ընթացքում:

Թե ինչ է իրենից ներկայացնում այդ համակարգը, առայժմ բավականաչափ տեղեկացված չեն անգամ փորձագիտական շրջանակները, սակայն արդեն իսկ վերը նշված հանձնաժողովում տեղի ունեցած քննարկման ընթացքում հնչեցված ամենակարեւոր հարցը՝ ով է կայացնելու այդ ուժերը կիրառելու որոշումը Հայաստանում, մինչ օրս չի ստացել հստակ պատասխան:
Երեկ համատեղ ՀՕՊ համակարգի մասին Երեւանում խոսել է նաեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Նա, մասնավորապես, նշել է, որ արդեն իսկ կան ռուս-բելառուսական եւ ռուս-ղազախական նմանատիպ համատեղ համակարգեր, հիմա էլ ստեղծվում է ռուս-հայկական համատեղ ՀՕՊ: Նա նաեւ հավելել է, որ հետագայում առանձին այդ համակարգերը կմիավորվեն՝ դառնալով ՀԱՊԿ ամբողջական հակաօդային պաշտպանության համակարգ:
Ուշագրավ է, որ Բորդյուժան այդպես էլ չի անդրադարձել կարեւորագուն հարցին, թե, ի վերջո, որ երկիրն է տնօրինելու համատեղ այդ երկկողմ համակարգերը, մինչեւ որ կայանա իր նշած միասնական ՀԱՊԿ համակարգը: Իսկ առայժմ ռուսական կողմից ներկայացվող պարզաբանումը, թե որոշումները կայացնելու են ռուս զինվորականները՝ համաձայնեցնելով հայկական կողմի հետ, ավելի շատ հարցեր է առաջացնում, քան իրավիճակը հստակեցնում:

Առավել եւս, որ արդեն իսկ ընդգծվում է՝ այս համաձայնագիրը որեւէ կերպ չի առնչվելու Արցախին: Մինչդեռ Հայաստանը հանդիսանում է Արցախի անվտանգության երաշխավորը, եւ եթե իր հակաօդային պաշտպանության համակարգը հանձնում է ռուսների տնօրինմանը՝ այդպիսով գուցե ապահովագրելով իր սահմանների անվտանգությունը, հասկանալի չէ, թե ինչպես է անհրաժեշտության դեպքում իրականացնելու Արցախի անվտանգության երաշխավորի իր պարտավորությունները:

Ստացվում է, որ մեր հակաօդային պաշտպանությունն ամբողջովին դնելով Ռուսաստանից կախման մեջ՝ մենք ավտոմատ նաեւ Ռուսաստանին ենք վերապահում Արցախի անվտանգության երաշխավորի գործառույթները: Իսկ թե Ռուսաստանն ինչպիսի երաշխավոր կարող է լինել այդ հարցում, հատկապես ապրիլյան պատերազմից հետո, թերեւս, որեւէ մեկի մոտ այլեւս իլյուզիաների տեղ չի թողել:




Լրահոս