Հունիսի 7-ից 9-ը ԱԻ նախարարությունը Շվեյցարիայի զարգացման գործակալության հետ համատեղ ՀՀ Շիրակի մարզում իրականացնում է 5 փրկարարական ջոկատների՝ «Երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացումը և կազմակերպումը» թեմայով հրամանատարաշտաբային ուսումնավարժություն:
Ուսումնավարժության նպատակն է ուժեղ երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպման և իրականացման գործում ՀՀ պետական կառավարման մարմինների հմտությունների ու ունակությունների կատարելագործումը, կառավարման մարմինների միջև փոխգործակցության կազմակերպումը, «ՈՒժեղ երկրաշարժի դեպքում ՀՀ պետական կառավարման մարմինների գործողությունների» պլանի իրատեսության ստուգումը, ինչպես նաև՝ միջազգային օգնության դիմելու հայտը կազմելու և ներկայացնելու հետ կապված խնդիրների քննարկումը:
Հունիսի 8-ին ուսումնավարժությանը ներկա էին նաև ԱԻ փոխնախարար Հայկարամ Մխիթարյանը և ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության դեսպան Լուկաս Գասսերը:
Հայկարամ Մխիթարյանը իր խոսքում բարձր գնահատեց ՀՀ-Շվեյցարիա համագործակցությունը արտակարգ իրավիճակների բնագավառում:
ԱԻ փոխնախարարը մասնավորապես ասաց.
«Այսօր մենք այստեղ ենք ամփոփելու ևս մեկ ծրագիր, այն է՝ տարածքային արագ արձագանքման խմբերի ստեղծում, որը հաջողությամբ իր ավարտին է հասցվում Շվեյցարիայի համագործակցության և զարգացման գործակալության աջակցությամբ: Սա առաջին ծրագիրը չէ, որը մենք իրականացնում ենք Շվեյցարիայի հետ միասին: Դեռևս 2004 թվականին ստորագրվել է համապատասխան համաձայնագիր և իրականացվել են բազմաթիվ ծրագրեր, մասնավորապես «Արձագանք» ծրագրի շրջանակներում վերապատրաստվել են շուրջ 2200 փրկարարներ և կամավորներ, որոնք վերապատրաստվելուց հետո դարձել են ոչ միայն փրկարարներ, այլ նաև փորձագետներ, «Արձագանք բուժմիավորում» ծրագրի շրջանակներում վեց մարզերում 800 բուժաշխատողներ են վերապատրաստվել, կահավորվել է ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը: Մեր խնդրանքով ժամանեցին փորձագետներ, և նաև Շվեյցարիայի աջակցությամբ ստեղծվեցին արագ արձագանքման որոնողափրկարարական թիմերը»:
Հայկարամ Մխիթարյանը, շնորհակալություն հայտնելով Շվեյցարիայի կառավարությանը նշեց, որ Շվեյցարիայի Համադաշնության և ՀՀ ԱԻՆ կողմից ձեռք բերված փոխադարձ համաձայնությունից հետո իսկապես լուրջ ծրագրեր են իրականացվել:
ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության դեսպան Լուկաս Գասսերն իր խոսքում անդրադարձավ համագործակցության պատմությանը և փաստեց, որ բազմաթիվ ուղղություններով առկա են ձեռքբերումներ, մասնավորապես՝ շվեյցարացի մասնագետների կողմից վերապատրաստվել են հրշեջ-փրկարարներ, հրշեջ-փրկարարական ջոկատները համալրվեն են գույքով, վերապատրաստվել են բուժծառայության աշխատակիցները և այլն: Դեսպանը հույս հայտնեց, որ այսուհետ ևս համագործակցությունը հաջողությամբ կշարունակվի:
Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը իր խոսքում նշեց, որ Արտակարգ իրավիճակների նախարարությունը ոչ միայն մեր երկրում, մեր հողի վրա, այլև տարածաշրջանում և դրանից դուրս այլևս ներկայանալի է աշխարհին և իր հզոր տեխնիկական հագեցվածությամբ, և իր հրշեջ-փրկարարների կամային, ֆիզիկական և մասնագիտական պատրաստվածությամբ: Շվեյցարիայի Համադաշնության ամենակարևոր ներդրում այն էր, որ այսօր ՀՀ ԱԻՆ-ը ունի 3000-ից ավելի լավ մարզված, պատրաստված հրշեջ-փրկարարներ:
Այնուհետև տարածքների և բնակչության պաշտպանության վարչության պետ Հովհաննես Եմիշյանը ներկայացրեց ուսումնավարժության սցենարը: Հովհաննես Եմիշյանը ներկայացրեց ուսումնական տեղամասերում կատարվող աշխատանքները, շեշտելով, որ մեր 5 որոնողափրկարարական թիմերը կարող են 10 օր շարունակ 24 ժամյա ռեժիմով իրականացնել յուրաքանչյուր բարդության տեղանքում փրկարարական աշխատանքներ: Այնուհետև ՀՀ ԱԻ փոխնախարար Հայկարամ Մխիթարյանը, ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության դեսպան Լուկաս Գասսերն, ինչպես նաև նախարարությունների քաղպաշտպանության և լրատվական ծառայությունների ներկայացուցիչները հնարավորություն ունեցան շրջել ուսումնավարժության գործնական աշխատանքների տեղամասերում և ծանոթանալ փրկարարների կողմից իրականացվող գործողություններին:
Ըստ վարժանքի սցենարի` ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության սեյսմոլոգիական ցանցի կողմից հունիսի 07-ին ժամը 07:30-ին գրանցվել է 6,5 մագնիտուդով (ըստ Ռիխտերի սանդղակի) երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է ՀՀ Շիրակի մարզում, Գյումրի քաղաքից 9 կմ հյուսիս-արևմուտք, հիպոկենտրոնը գտնվում է 15 կմ խորության վրա: Գյումրիում և հարակից համայնքներում ինտենսիվությունը ըստ MSK-64 սանդղակի կազմել է 8-9 բալ: Նախնական տվյալներով ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի մի շարք թաղամասերում, Ազատան, Ախուրյան և Աշոցք համայնքներում կան շենք-շինությունների ավերածություններ, ստեղծվել է ծանր ինժեներական, բժշկական և հրդեհային իրավիճակ:
Վարժանքի առաջին փուլի ժամանակ իրականացվեց իրավիճակի համակողմանի գնահատում և որոնողափրկարարական անհետաձգելի գործողությունների կազմակերպում, որոշում կայացվեց ներկայացնել միջազգային օգնության հայտ:
Լոռու, Տավուշի, Սյունիքի և Երևանի քաղաքային որոնողափրկարարական թիմերը ուղարկվել էին ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաք: Զուգահեռ նախապատրաստվեց Միջազգային օգնության հայտը և քննարկվեց դրա ձևաչափի հետ կապված հարցեր:
Գործի դրվեց և փորձարկվեց ուժեղ երկրաշարժի դեպքում տեղեկատվական հոսքերի կառավարման, տեղեկատվական, հասարակության իրազեկման պլանը:
Գործողության մեջ են դրվում «Ուժեղ երկրաշարժի դեպքում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմնի գործողությունների պլանը և փոխգործողությունների պլանները:
Վարժանքի երկրորդ փուլի ընթացքում իրականացվում են տուժած բնակչության տարհանման և կենսաապահովման միջոցառումների կազմակերպումը և միջազգային օգնության ընդունման աշխատանքները: Ծավալված տարահանման հավաքակայաններում ճշտվում են տարահանման հաշվարկները և երթուղիները: Կենսաապահովման նպատակով ստեղծվեցին ջրի, սննդի, առաջին անհրաժեշտության իրերի բաշխման կետեր: Արտերկրից ժամանած փրկարարական թիմերը ներգրավվում են տարբեր տեղամասերում իրականացվող փրկարարական աշխատանքներին:
Ուսումնավարժությունում ընդգրկված են նաև ՀՀ բոլոր նախարարությունների լրատվական ծառայությունների ներկայացուցիչները:
Ուսումնավարժության կարևոր խնդիրներից էր նաև համատեղ լրատվական կենտրոնի աշխատանքների կազմակերպումը, որը հնարավորություն կտա իրավիճակի մասին հասարակությանը համակարգված և համակողմանի լրատվություն ապահովել:
Ուսումնավարժության մասնակիցները ծանոթացան ԱԻՆ շարժական լրատվական կենտրոնին, որը հագեցած է բոլոր անհրաժեշտ միջոցներով ու սարքավորումներով աղետի գոտուց լրատվամիջոցներին օպերատիվ տեղեկատվություն տրամադրելու և բնակչությանն իրազեկելու համար:
Շարժական լրատվական կենտրոնում տեղադրված է 3 կիլոմետր գործողության շառավղով կապի տիրույթ ստեղծող սարք, որը հնարավորություն է տալիս աղետի գոտուց ստանալ և տարածել տեղեկատվություն: Սարքը ԱԻՆ-ին տրամադրել է հայ-բրիտանական «WICASTR» ընկերությունը:
Միջոցառման ավարտին մասնակիցները քննարկում անցկացրեցին և ամփոփեցին ուսումնավարժությունը Գյումրու N23 հիմնական դպրոցում:
ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման վարչության պետի տեղակալ, փ/ծ գնդապետ Մկրտիչ Ուլիկյանը ներկայացրեց ուսումնավարժության ընթացքում կատարված աշխատանքները, ինչպես նաև ուժեղ երկրարարժի ժամանակ բնակչության պաշտպանության պլանը, դրանում ներառված նորամուծությունները, որոնք իրականացվել են նաև հաշվի առնելով այլ շահագրգիռ գերատեսչությունների առաջարկությունները:
Պլանը ներառում է նաև բնակչության իրազեկման գործընթաց: Նախագծի վերջնական տարբերակը մշակման փուլում է և շուտով կներկայացվի կառավարության հաստատմանը: