Ինչո՞ւ ՌԴ ԱԳՆ-ն խմբագրեց առաջիկա հանդիպման հաղորդագրությունը. Փարիզում կայանալիք Սարգսյան-Ալիև առաջիկա հանդիպման ժամկետներն ու օրակարգը դեռ չհստակեցված` նոր հայտարարություն արվեց. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ռուսական եւ ադրբեջանական լրատվամիջոցներով տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ առաջիկայում՝ մինչեւ հունիսի վերջ, հնարավոր է Սանկտ-Պետերբուրգում կայանա ՀՀ-ի, Ադրբեջանի եւ ՌԴ-ի նախագահների եռակողմ հանդիպում: Ավելին՝ հնարավոր հանդիպման մասին տեղեկատվություն հայտնվեց նաեւ ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքէջում:

ՌԴ-ի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Պիեռ Անդրիոյի եւ Ռուսաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Մորիս Ռիպերի հանդիպման մասին հաղորդագրությունում, մասնավորապես, նշված էր, որ հանդիպման ժամանակ քննարկվել են Ուկրաինայի ճգնաժամի կարգավորմանն ուղղված միջազգային ջանքերը, ինչպես նաեւ Սանկտ Պետերբուրգում ղարաբաղյան հակամարտության կարգավորման եռակողմ գագաթնաժողովի նախապատրաստումը:

Այս տեղեկատվությունը բավականին անսպասելի էր, քանի որ առայժմ, կարծես, մինչեւ վերջ համաձայնեցված չէին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերով Փարիզում կայանալիք Սարգսյան-Ալիեւ առաջիկա հանդիպման ժամկետներն ու օրակարգը:

Եվ դրանից առաջ ընկնելով՝ խոսակցությունն արդեն բացառապես ռուսական նախաձեռնությամբ Սանկտ-Պետերբուրգում Պուտին-Ալիեւ-Սարգսյան եռակողմ հանդիպման մասին փոքր-ինչ տարակուսելի թվաց:

Դժվար է ասել, թե որն էր իրական պատճառը, սակայն երեկ՝ ուշ երեկոյան, ՌԴ ԱԳՆ կայքէջում վերը նշված հաղորդագրությունը խմբագրված էր, այնտեղ Սանկտ Պետերբուգի եռակողմ գագաթնաժողովի մասին հիշատակումը բացակայում էր, թողնված էր միայն հանդիպման ընթացքում քննարկված հարցերի մասին նշումը. Ուկրաինայի ճգնաժամին վերաբերող միջազգային ջանքերի եւ ղարաբաղյան հակամարտության խնդիրներ շուրջ:

Սա, իհարկե, բավականին ուշագրավ է, հատկապես, եթե հաշվի առնենք նաեւ այն փաստը, որ հայկական կողմից եւս Սանկտ-Պետերբուրգի հանդիպման հնարավորությունը չէր հերքվել: Այդ մասին «Ազատության» հարցին ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը պատասխանել էր. «Բարձրաստիճան հանդիպումների եւ այցերի մասին պատշաճ ժամկետներում կտեղեկացվի»:

Թե, ի վերջո, որն է եղել նման վերանայման բուն պատճառը, եւ սպասվելիք գագաթնաժողովը ում պահանջով է չեղարկվել, դժվար է ասել: Սակայն արդեն իսկ այն փաստը, որ ՌԴ ԱԳՆ-ում այս հարցը քննարկվել է, խոսում է այն մասին, որ Ռուսաստանն ամենեւին էլ մտադիր չէ ղարաբաղյան հակամարտության կարգավորման «մենեջմենթը», թեկուզ ժամանակավորապես, զիջել ԱՄՆ-ին եւ Ֆրանսիային:

Մի տեսակետ, որը վերջին շրջանում փորձ է արվում առաջ քաշվել արեւմտամետ շրջանակների կողմից: Իրականում տեղի է ունենում հակառակը. Ռուսաստանը եւ Արեւմուտքը Ղարաբաղի հարցը քննարկում են Ուկրաինայի եւ Սիրիայի թնջուկների հետ մեկ «փաթեթում», եւ քանի որ ո՛չ Սիրիայի, ո՛չ էլ Ուկրաինայի հարցում ՌԴ-ի հետաքրքրություններն առավելագույնս չեն բավարարվում, ակնհայտ է, որ առնվազն Ղարաբաղի հարցում ՌԴ իր առաջնային, եթե չասենք՝ դոմինանտ դիրքերը ոչ մի դեպքում չի զիջի:

 




Լրահոս