«Հայաստան Արցախ» հիմնադրամը 5 մլն դոլարի մարդասիրական օգնություն է հավաքագրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայաստան Արցախ» հիմնադրամն ապրիլ­-մայիսին 5 մլն դոլարի մարդասիրական օգնություն է հավաքագրել: Հայաստանին ու Արցախին օժանդակելու նպատակով հիմնադրամը հավաքագրել է 4 մլն դոլար արժողությամբ դեղորայք և այլ մարդասիրական ապրանքներ, իսկ 1 մլն դոլարի չափով արժեքավոր իրեր: Այս մասին տեղեկացնում  են «Հայաստան Արցախ» հիմնադրամից: Հիմնադրամի նախագահ Հարութ Սասունյանը հայտնել է, որ ապրիլին և մայիսին «Հայաստան Արցախ» հիմնադրամի տեղ հասցրած օժանդակությունը ներառում է անհրաժեշտ դեղորայք` քաղցկեղի, սրտի, աղիքային և մտավոր հիվանդությունների բուժման համար, ինչպես նաև դեղեր և բժշկական պարագաներ` պատերազմի պատճառով ստացված վերքերի բուժման համար: 2015 թվականից «Հայաստան Արցախ» հիմնադրամը 14,1 մլն ԱՄՆ դոլարի մարդասիրական օժանդակություն է հավաքագրել Հայաստանի ու Արցախի բնակչության համար:

«Հիմնադրամին կանոնավոր կերպով առաջարկվում են միլիոնավոր դոլարների արժողությամբ կյանք փրկող դեղեր և բժշկական պարագաներ` Հայաստանին ու Արցախին օժանդակելու համար: Քաջալերում ենք հայ անհատներին ու կազմակերպություններին առատաձեռնության համար, որպեսզի կարողանանք շարունակել մեր առաքելությունը` անհետաձգելի նպաստ տրամադրելով Հայաստանի ու Արցախի բոլոր բժշկական կենտրոններին»,- ­ասաց Հարութ Սասունյանը:




Լրահոս