Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը համապատասխան օրենսդրական փոփոխություններն, ի վերջո, կատարելուց հետո ձեռնամուխ եղավ Թուրքիայի խորհրդարանի այլախոհ եւ իր ավտորիտար ռեժիմի համար ոչ ցանկալի պատգամավորների նկատմամբ քրեական հետապնդումների գործընթացի սանձազերծմանը: Թուրքական Cumhuriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը հայտարարել է, որ դատախազություններին երեկ ուղարկվել են պատգամավորական անձեռնմխելիության զրկման մասին 117 թղթապանակ, որոնք առնչվում են 152 պատգամավորի:
Բոզդաղն ընդգծել է, որ արդեն իսկ բաց է նրանց դատարանի առջեւ կանգնեցնելու ուղին: Նրա խոսքով՝ սահմանադրական փոփոխությունը թույլ է տվել վերացնել 152 պատգամավորի նկատմամբ 799 քրեական հետաքննության ու դրանք իրագործելու դեմ եղած խոչընդոտները, եւ թուրքական խորհրդարանի ղեկավարության ձեռքի տակ եղած այդ նյութերը մոտ ժամանակում կուղարկվեն հանրապետական դատախազություն: Նկատենք, որ նշված 117 քրեական գործերի զգալի մասը վերաբերում է Թուրքիայի խորհրդարանում 80 պատգամավորական աթոռներ զբաղեցնող միակ քրդական՝ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ) եւ գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ) խորհրդարանական խմբակցությունների պատգամավորներին:
Այդպիսով՝ Էրդողանը շեշտակիորեն գնում է երկրում բռնատիրական կառավարման ամրապնդման՝ սկսելով քաղաքական հետապնդումների մի աննախադեպ ալիք: Թե իրեն եվրոպական քաղաքակրթության մաս համարող Թուրքիայի ղեկավարի այս քայլին ինչպես կարձագանքեն Եվրամիության ղեկավարները, պարզ կդառնա առաջիկա օրերին: Նկատենք, սակայն, որ մինչ օրս Էրդողանի այս քաղաքականության նկատմամբ եվրոպական կառույցների քննադատությունը բավականին թույլ է եղել մի շարք գործոնների պատճառով, որոնցից վերջինը /ոչ կարեւորությամբ/ վերաբերում էր փախստականների խնդրին:
Հերթական անգամ Թուրքիայում քաղաքական հետապնդումների, ազգային փոքրամասնությունների նկատմամբ տարվող խայտառակ քաղաքականության վրա աչք փակելով՝ ԵՄ-ն հույս ուներ լուծել իր ամենամեծ գլխացավանքներից մեկը, սակայն, արդյունքում ԵՄ երկրները, եւ հատկապես Գերմանիան հասկացան, որ Թուրքիայի վրա հույս դնել չի կարելի, եւ Էրդողանի «շանտաժային» քաղաքականությանը տուրք տալով՝ դիմացը ոչինչ չեն ստանալու:
Արդեն իսկ հայտնի է, որ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը (ԺԴԿ) դիմելու է ՄԻԵԴ՝ կապված երկրում պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու մասին օրենքի ընդունման հետ: Արդյոք դա կունենա որոշակի զսպիչ դեր՝ դժվար է ասել: Ամեն դեպքում Թուրքիան կամաց-կամաց աշխարհին ի ցույց է դնում իր իրական՝ ցեղասպան դեմքը, եւ դրանով, թերեւս, սահուն կերպով փակում դեպի ԵՄ իր մուտքի դուռը: