Նժդեհի գաղափարախոսությունը կրող ՀՀԿ-ականների համար վիրավորակա՞ն չէ, որ ՌԴ-ում «լավ տեղեկացված չեն» Գարեգին Նժդեհի ով լինելու մասին. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 28-ին Երեւանում բացված Գարեգին Նժդեհի արձանի շուրջ կրքերը չեն հանդարտվում: Եթե բացման հաջորդ իսկ օրը ռուսական մամուլում հնչեցված շատ կոշտ գնահատականներին ու կոչերին արձագանքելով՝ ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասում էր, թե չի կարծում, որ դա կարող է լինել պաշտոնական Կրեմլի արձագանքը, ապա նախօրեին ՌԴ ԱԳՆ խոսնակ Մ. Զախարովայի արած հայտարարությունից հետո արդեն ՀՀԿ մամլո խոսնակը հայտարարում է, թե իր համար հասկանալի չէ՝ ռուս գործիչների անհանգստությունը որտեղից է գալիս, ապա կարծիք հայտնում, թե միգուցե դա ոչ ամբողջական ինֆորմացիայի արդյունք է: Իսկ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ հորդորում է լավ ծանոթանալ Նժդեհի կենսագրությանը:

Այն, որ Նժդեհի կենսագրությունում կան այնպիսի դրվագներ, որոնք կարող էին առաջացնել ռուսական կողմի՝ առնվազն ոչ միանշանակ վերաբերմունքը, գաղտնիք չէր որեւէ մեկի համար: Ավելին՝ Նժդեհի արձանի բացման հարցը տարիներ շարունակ հայկական իշխանությունների կողմից ձգձգվել է հենց ռուսական կողմի բացասական արձագանքի հետ կապված մտավախություններից ելնելով: Մասնավորապես, երբ Նժդեհի 100-ամյակին վաղուց ի վեր խոստացված արձանը չտեղադրվեց, ՀՀԿ-ականներից ոմանք անգամ հրապարակային մի դեբատի ժամանակ դա հենց ռուսական կողմի բացասական արձագանքով արդարացրին:

Հիշեցնենք, որ ռուսական մամուլում բավականին ջղաձիգ հրապարակումներ եղան նաեւ «Գարեգին Նժդեհ» ֆիլմի պրեմիերայից հետո: Այն, որ ռուսական կողմը հանգիստ չէր ընդունելու Նժդեհի արձանի բացման փաստը, որեւէ մեկի համար չպետք է անակնկալ լիներ: Եվ եթե ՀՀԿ-ում իսկապես անհանգստանում էին հայ-ռուսական անամպ հարաբերությունների համար եւ չէին ցանկանում, որ ադրբեջանական քարոզչամեքենան օգտագործեր այս առիթը, ինչպես իրենք են սիրում ասել՝ «սեպ խրելու համար հայ-ռուսական հարաբերություններում», ապա առնվազն այսքան տարվա ընթացքում պարտավոր էին իրենց ռուս գործընկերներին ներկայացնել Նժդեհի իրական գործունեությունն ու դերակատարությունը, այդ թվում եւ ֆաշիստների հետ համագործակցության մասով:

Ի վերջո, ինչ է նշանակում, թե ռուսները պարզապես «լավ տեղեկացված չեն»: Բա տեղեկացնեիք, բա ինչի համար են այդքան միջխորհրդարանական խմբերը, ԱԳՆ-ի համապատասխան վարչությունները, ԳԱԱ համապատասխան բաժինները, տարբեր կրթական ծրագրերը, Ռուսաստանում հայերի միությունը, տարատեսակ մեդալներ ստացող ու այստեղ պուտինյան ակումբներ բացող, կիսելեվներ տանող-բերող գործիչները, եւ վերջապես՝ ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը: Բա այսքան ժամանակ ձեր բոլորի բանուգործը որ՞ն է եղել:
Խոսքը հենց ձեր՝ ՀՀԿ-ականների գաղափարական հոր մասին է, եւ եթե հանրապետականներդ լինեիք Նժդեհի գաղափարախոսության եւ արժեքների իրական կրողները, ապա պիտի որ վիրավորական համարեիք այն, որ ՌԴ-ում «լավ տեղեկացված չեն» Գարեգին Նժդեհի ով լինելու մասին:




Լրահոս