Մովսես Հակոբյանը տեղեկացնում է, որ մեր հրապարակումից հետո ՊՆ-ն էժան ձու է գնում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ ՊՆ, նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Մովսես Հակոբյանը, անդրադառնալով մատակարարների հետ հանդիպմանը եւ նրանց դժգոհություններին, ասաց. «Ես այստեղ որեւէ հեղափոխություն չեմ կատարելու, փորձելու եմ այն, ինչ օրենքը պահանջում է, կատարվի ամբողջական»:

Ինչպես արդեն հայտնի է՝ հունիսի 10-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում ՊՆ կարիքների համար ապրանքների մատակարարման, աշխատանքների եւ ծառայությունների մատուցման մրցույթների հնարավոր մասնակիցների հավաք հանդիպում էր կազմակերպվել: Սակայն հանդիպումը այդքան էլ լավ մթնոլորտում չէր անցել, քանի որ եղել էին գործարարներ, որոնք դժգոհություն էին հայտնել ՀՀ ՊՆ գնումների գործընթացից: Օրինակ՝ «Վագա Ֆարմ» ընկերության տնօրենը՝ Վահե Վարսանյանը, մտահոգություն էր հայտնել, որ դեղեր է մատակարարել նախարարությանը, սակայն գումարներն այդպես էլ չեն վճարվել, եւ խորհուրդ էր տվել ուսումնասիրել իրավիճակը: Ինչին ի պատասխան՝ Մովսես Հակոբյանն ասել էր. «Դու մեզ խորհուրդներ մի տուր»: Վարսանյանն էլ պատասխանել էր, թե. «Ես խնդրում եմ դու-ով իմ հետ չխոսաս»: Հակոբյանն էլ ընդունել էր նկատողությունը եւ հարցին լուծում առաջարկել. «Ներողություն եմ խնդրում, մեզ խորհուրդներ մի տվեք, եթե կա խնդիր, կդիմեք, ես Ձեզ կպատասխանեմ»:

Եվ, ահա, երեկ հերթական անգամ Մ. Հակոբյանը լսեց դժգոհ մատակարարներից մի քանիսին, որոնց մեջ էր նաեւ «Վագա Ֆարմ» ընկերության տնօրեն Վարսանյանը, ով ներկայացրեց չվճարված գումարի խնդիրը: ՊՆ աշխատակիցները պարզաբանեցին, թե ինչ խնդիր կա, իսկ Մ. Հակոբյանն էլ հանձնարարեց խնդիրը լուծել, որպեսզի «Վագա Ֆարմ» ընկերությունը չհայտնվի սեւ ցուցակում:

«Ժողովուրդ»-ը մատակարարների հետ հանդիպման, նրանց դժգոհությունների եւ առհասարակ ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց Մովսես Հակոբյանի հետ:

-Պարո՛ն Հակոբյան, ՀՀ պաշտպանության նախարարությունում ՊՆ կարիքների համար ապրանքների մատակարարման, աշխատանքների եւ ծառայությունների մատուցման մրցույթների հնարավոր մասնակիցների հավաք հանդիպումը միտված է գնումների գործընթացը թափանցիկ դարձնելուն: Սակայն նախկինում, երբ գնումների գործընթացի հետ կապված հարց էինք ուղղում, ասում էին, թե գաղտնիք է: Արդյո՞ք մատակարարող ընկերությունները ՊՆ-ում պետական գաղտնիքի տիրապետման մասին ինչ-որ փստաթուղթ են ստորագրում եւ այն չհրապարակելու խոստում տալիս:

-Որոշ նյութական միջոցներ եւ քանակական տվյալները գաղտնի են, եւ բոլոր մատակարարները դրա տակ ստորագրում են:

-Այդ դեպքում ինչո՞ւ որոշեցիք մատակարարների հետ հանդիպումը անցկացնել այսօրինակ ճանապարհով, ի՞նչ եք ուզում ապացուցել:

-Կարծում եմ՝ որեւէ բան չի փոխվել, ինչպես նախկինում զինված ուժերի մատակարարումը կատարվել է, մենք փորձելու ենք անընդհատությունը ապահովել, եւ որպես նորանշանակ պաշտոնյա փորձելու եմ իմ ներդրումն ունենալ թափանցիկության ապահովման եւ բանակին ժամանակին որակյալ ապրանք մատակարարելու համար: Ես այստեղ որեւէ հեղափոխություն չեմ կատարելու, փորձելու եմ անել այն, ինչ օրենքն է պահանջում է, կատարելու եմ ամբողջական:

-Ձեր եւ մատակարարող ընկերությունների ջրերը մեկ առվով չեն հոսում, նույնիսկ բանը հասել է այնտեղ, որ Ձեզ նկատողություն են անում, որ հարգալից չեք խոսում: Ի՞նչ նպատակ եք հետապնդում նրանց կոպտելով:

-Իհարկե, իմ նախկին պաշտոնը, որպես հրամանատար, իր ազդեցությունն ունի, բայց որեւէ նպատակ չեմ հետապնդել որեւէ մեկին վիրավորելու, եւ եթե ինչ-որ բառի սայթաքում է եղել, դրա համար ես բոլորի առջեւ ներողությում եմ խնդրել:

-Միգուցե ցանկանում եք Ձեր ազդեցությո՞ւնը ցույց տալ, վախեցնել:

-Իմ նպատակը եղել է այն, որ բոլորի համար հասկանալի լինի խոսքս, երկմտություն չպարունակի:

-«Ժողովուրդ»-ը հրապարակել էր, որ քառօրյա պատերազմից հետո ՊՆ-ին էին դիմել մի շարք մատակարարներ եւ հայտնել, որ 40 դրամով ձու կարող են մատակարարել ՊՆ-ին, որը ձվի ինքնարժեքն է, սակայն ընկերություններին մերժել էին՝ հայտնելով, որ ադեն մրցույթը կայացել է, եւ ՊՆ-ին ձու է մատակարարում «Արաքս» թռչնաֆաբրիկան, այն էլ 50-53 դրամով: Դուք ի՞նչ եք արել այս խնդրի հետ կապված: Վերոնշյալ ընկերությունը տասնապատիկ անգամ գերշահույթ է ստանում, մի՞թե օրենքն է ասում ՊՆ-ին թանկ ձու գնել:

-Արդեն կատարված է եղել, իմ նշանակումը որեւէ կապ չունի: Ասեմ՝ այն կազմակերպությունը, որը բանակի հետ պայմանագիր ունի կնքված բանակի մատակարարման հետ, Ձեր նշված գնով չի մատակարարում, այն մատակարարում է ավելի ցածր գնով:

-Մոտ երկու շաբաթ առաջ ՊՆ-ից պաշտոնապես հայտնել էին, որ մատակարար ընկերությունը ՊՆ-ի ձուն տրամադրում է 50-53 դրամով: Սա՞ է ցածր գին:

-Ե՞րբ եք ստացել պատասխանը

-Մոտ երկու շաբաթ առաջ:

-Երկու օր առաջ ստորագրել եմ նամակ, բանակցվել է, եւ գինը իջեցվել է այն գնին, որը առաջարկվում է: Դա ասեմ՝ որեւէ մեկի բարի կամքը չէ, դա օրենքի պահանջն է, եթե ինքը չհամաձայներ ավելի ցածր գնով մատակարարել տվյալ սննդամթերքը, ապա պայմանագիր էր կնքվելու այն կազմակերպության հետ, որը ավելի ցածր գին էր առաջարկել: Կոնկրետ այս պարագայում մատակարարող կազմակերպությունը համաձայնել է գինը իջեցրել այն գնի սահմաններում, որը առաջարկել է ուրիշ կազմակերպություն: Սրանով ուզում են անդրադառնալ, որպեսզի մնացածների համար այդպիսի տենդենց չդառնա մասնակցելու, քանի որ ձվի մատակարարումը որոշակի սեզոնային բնույթ ունի: Ձմեռն ավելի թանկ է, եւ այնպես չէ, որ մեկը կարող է պայմանագիրը կիսել եւ կեսից մտնել ու մրցույթը շահել:

-Բայց հիմա հաշվի առնելով իրավիճակը՝ որոշակի խնայողությունների պետք է գնալ: Անգամ այդ մասին ՀՀ կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետը:

-Դրա լուծումը արդեն ճարված է, եւ որոշումն արդեն կայացված է, որպեսզի հետագայում նման խնդիրներ չառաջանան, մենք այն սննդամթերքը, որը սեզոնային տատանումներ ունի, դնելու ենք ըստ սեզոնների գինը, որպեսզի հաթող կազմակերպությունը ըստ սեզոնների հաղթի:

-Այսինքն՝ հիմա ՊՆ-ին թանկ ձու մատակարարող Խաչիկ Խաչատրյանի ընկերությանը ասել են, որ իջեցնի՞ գինը:

-Չի ասվել, հրավիրել են բանակցությունների, որտեղ պայմանագիր է կնքվել, եւ գինը իջեցվել է:

-Հիմա կոնկրետ ինչքանո՞վ է ձուն ՊՆ-ին մատակարարվում:

-Եթե թույլ կտաք, հիմա ճշտեմ եւ կոնկրետ գինը ասեմ:

(Մ. Հակոբյանը մոտենում է հեռախոսին, զանգահարում եւ հարցնում է՝ ինչքան եք ձվի գինը իջեցրել, պատասխանում են, թե պարոն Հակոբյան 41, 45` հաշվի առնելով, որ իրենք են տեղափոխում ձուն իրենց տրանսպորտային միջոցներով պաշտպանության բանակ):

Մանրամասները`  տեսանյութում

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս