«Լավրովի պլանի» շուրջ մտահոգությունները վերաթարմանում են. Սանկտ Պետերբուրգում կարող է սկսվել վտանգավոր նոր գործընթաց՝ «Կազան 2». խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ հատնի դարձավ, որ հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք Սարգսյան-Ալիեւ-Պուտին հանդիպմանը չի մասնակցելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում միջազգային մանդատ ունեցող միակ կառույցը՝ ԵԱՀԿ-ն: Այդ մասին ռուսական ՏԱՍՍ-ին ասել է ԵԱՀԿ-ի մամուլի հետ կապերի բաժնի ղեկավար Ն. Ռաջակովիչը։ Ուշագրավ է, որ վերջինս որեւէ կերպ չի ցանկացել մեկնաբանել կամ պատճառաբանել այդ փաստը. «ԵԱՀԿ-ն ներգրավված չէ Ղարաբաղի հարցով Սանկտ Պետերբուրգում կազմակերպվող հանդիպմանը, եւ մենք չենք կարող այն մեկնաբանել: Որքանով որ մենք տեղյակ ենք, այն տեղի է ունենում Ռուսաստանի նախաձեռնությամբ։ Դուք պետք է ձեր հարցերը ռուսաստանյան իշխանություններին ուղղեք»,- ասել է ԵԱՀԿ ներկայացուցիչը:

Իհարկե, Վիեննայում մայիսի 16-ին կայացած հանդիպումը ԱՄՆ նախաձեռնությամբ իրականացվեց, ինչի մասին հիշատակեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, եւ այս իմաստով կարելի է Սանկտ Պետերբուրգում սպասվող հանդիպումը համարել ռուսական պատասխան նախաձեռնությունը՝ պարիտետի պահպանման սկզբունքով: Սակայն այն, որ այդ հանդիպմանը չի մասնակցելու ԵԱՀԿ-ն, արդեն իսկ բավականին մտահոգիչ է: Ստացվում է, որ ՌԴ հայտ է ներկայացնում՝ միանձնյա իր ձեռքը վերցնելու հակամարտության կարգավորման ղեկը: Եվ այս իրավիճակում դժվար է ասել՝ արդյոք Սանկտ Պետերբուրգում քննարկումները կլինեն Վիեննայում ձեռք բերված համաձայնությունների շուրջ, թե ռուսական կողմը առաջ կբերի բոլորովին նոր բանակցային օրակարգ՝ նոր սկզբունքների, կամ ինչպես օրերս նշել էր Ադրբեջանի ԱԳ նախարար Է. Մամեդյարովը՝ «կարգավորման նոր ուղենիշների» շուրջ:

Պարզ ասած՝ բացառապես ռուսական նախաձեռնությամբ եւ ռուսական մասնակցությամբ անցկացվելիք այդ հանդիպման հետ կապված վերաթարմանում են, այսպես կոչված, «Լավրովի պլանի» շուրջ մտահոգությունները, առավել եւս, որ ադրբեջանական կողմը անթաքույց ոգեւորությամբ է խոսում այդ պլանի գործարկման հնարավորության մասին:

Ի վերջո, չմոռանանք, թե ինչ եղավ տարիներ առաջ, երբ դարձյալ բացառապես ռուսական նախաձեռնությամբ Սոչիում անցկացվեց նման մի հանդիպում, որին ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի եւ ֆրանսիացի համանախագահներն ընդամենը դիտորդի կարգավիճակով ներկա էին, սակայն որեւէ կերպ չէին մասնակցում… դրան հաջորդեց Կազանի գագաթնաժողովը, որի ընթացքում, ինչպես հայտնի դարձավ Սերժ Սագսյանի՝ «Բլումբերգին» տված հարցազրույցից, բանակցային սեղանին էր դրվել մի փաստաթուղթ, որով ՀՀ-ը պետք է վերադարձներ ազատագրված մի քանի շրջաններ՝ առանց ԼՂՀ-ի կարգավիճակի հստակեցման: Բարեբախտաբար այն ժամանակ այդ փաստաթուղթը տորպեդահարվեց Ադրբեջանի կողմից: Սական արդյոք նույնը կկրկնվի նաեւ այս անգամ: Դատելով մի շարք աշխարհաքաղաքական եւ տնտեսական գործոններից՝ ոչ: Այնպես որ, Սանկտ Պետերբուրգում կարող է սկսվել մեզ համար չափազանց վտանգավոր նոր գործընթաց՝ «Կազան 2»:




Լրահոս