Կառավարության հերթական չիրականացված խոստումը. համայնքների խոշորացումից հետո մարդկանց կյանքում որևէ դրական փոփոխություն չի եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ այս տարվա փետրվարի 14-ից ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի ղեկավարության տակ է մտել 6 գյուղ: Դրանք են Հաղարծինը, Գոշը, Թեղուտը, Աղավնավանքը, Խաչարձանը եւ Հովքը: Հիշեցնենք, որ նախորդ տարվա մայիսի 17-ին Դիլիջան համայնքի խոշորացման նպատակով տեղական հանրաքվեներ անցկացվեցին:

Տավուշի մարզի նշված համայնքների խոշորացումից հետո անցել է շուրջ 5 ամիս, սակայն նշված գյուղերում կյանքը ամենեւին էլ չի փոխվել: Տեղաբնակների խոսքերով, դրական փոփոխություններ չեն արձանագրվել:

Այնուամենայնիվ, ArmLur.am-ը այս թեմայի շուրջ զրուցեց Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանի հետ եւ հետաքրքրվեց, թե կոնկրետ ինչ դրական փոոխություններ են գրանցվել վերոնշյալ գյուղերում խոշորացվելուց հետո: «Խոշորացման ծրագիրը գյուղերի համար շատ լավ ծրագիր է: Այս նախագծի շրջանակում մեծ ներդրումներ է իրականցվում»,- հիացմունքով ներկայացրեց Դիլիջանի քաղաքապետ Սանթրոսյանը:

Սակայն ArmLur.am-ի հարցին, թե կոնկրետ ինչ ներդրում է իրականացվել, քաղաքապետը դժվարացավ նշել: Միայն ասաց. «Չնայած՝ այս երկու-երեք ամիսների ընթացքում որևէ փոփոխություն չի եղել, բայց համենայն դեպս մինչև տարեվերջ շատ մեծ ներդրումներ կլինեն, որոնք կիրականացվեն և՛ մեր ժողովրդի, և՛ մեր գյուղերի համար»:

Մեզ հետ զրույցում քաղաքապետը ներկայացրեց նաեւ, որ այս պահին աշխատանքներ են տարվում գյուղերի աղբահանության, փողոցային լուսավորության ուղղությամբ:

Ի դեպ, տեղեկացնենք, որ Դիլիջանի հետ խոշորացված գյուղերի բնակիչները փոխանցեցին, որ իրենց գյուղերում առաջնային խնդիրը կապված է գյուղատնտեսական տեխնիկայի հետ: Այս հարցի շուրջ նույնպես ArmLur.am-ը զրուցեց Դիլիջանի քաղաքապետ Սանթրոսյանի հետ, ով խոստացավ հետեւյալը. «Առաջիկայում գյուղերը կապահովվեն տեխնիկայով, նաեւ՝ հողային ճանապարհները կվերականգնվեն: Կարծում եմ, որ ահագին կբարելավվի մեր գյուղերի վիճակը»:

Իսկ ահա Հաղարծին վարչական շրջանի պատասխանատու Գևորգ Թամրազյանը ArmԼur.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ գնումների հետ կապված կան խնդիրներ: «Դրական արդյունքների մասին չեմ կարող խոսել, քանի որ խոշորացման ծրագիրը դեռեւս ավարտված չէ: Համայնքի բյուջեն նոր է ընդունվել: Գնումների հետ կապված կան խնդիրներ. այդ գործընթացը դեռ ձևավորված չէ, որով կկարողանանք լիարժեք գործել»,- նշեց Հաղարծինի ներկայացուցիչ Թամրազյանը:

Զրույցի ընթացքում նա նկատեց, որ համայնքների խոշորացումից հետո գյուղացիները նույնպես էական տարբերություն չեն զգում: Ավելին՝ Հաղարծինի վարչական ներկայացուցիչը բարձրաձայնեց եւս մեկ խնդրի մասին՝ կապված կնիքների հետ:

Եւ չնայած սրան՝ հաղարծինցի Թամրազյանը լավատեսորեն է տրամադրված եւ հույս ունի, որ առաջիկայում դրական արդյունքերը բոլորի համար տեսանելի կլինեն:

Եւս մեկ անգամ արձանագրենք, որ վերոնշյալ գյուղերի խոշորացումից հետո մարդկանց կյանքում դրական փոփոխություններ չեն եղել: Չնայած սրան՝ ՀՀ կառավարությունը խոստանում էր, որ խոշորացման արդյունքում մի շարք բարեփոխումներ են իրականացվելու՝ միջհամայնքային ճանապարհներ են ասֆալտապատվելու, ջրագծեր են նորոգվելու եւ այլն: Սակայն խոշորացման արդյունքում նշված 6 գյուղերում բացի գյուղապետարանների մի քանի աշխատակիցների կրճատումից, ոչ մի փոփոխություն:

Լիդա Եղիազարյան




Լրահոս