«Ես չեմ հասկանում տիկին Բիշարյանի ոգևորությունը. հանրությունը շատ լավ գիտի` ով է տառապում պոպուլիզմով»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվեց ՀՀ և Վերակառուցման զարգացման եվրոպական բանկի միջև 2016 թվականի մայիսի 11-ին ստորագրված «Գյումրիի քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագիրը, ըստ որի` նախատեսվում է այն վերակառուցել և վերանորոգել: Այս համաձայնագիրը ոգևորել էր հատկապես ծնունդով գյումրեցի պատգամավորներին: Նրանք իրենց գնահատականը հնչեցրին Ազգային ժողովի ամբիոնից:

Այդ հանգամանքը դուր չեկավ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանին, ով իր քննադատությունների սլաքն ուղղեց պայմանագրի մասին դրական արտահայտվողների ուղղությամբ: Նա ի մասնավորի հայտարարեց, որ Գյումրու բարեկարգմանն ուղղված վարկային համաձայնագիրը ոչ այլ ինչ է, քան ընտրություններից առաջ կատարվող քայլ, որից  որոշ քաղաքական գործիչներ ցանկանում են դիվիդենտներ շահել:

Նշենք, որ մինչ այդ ՀՀԿ խմբակցության պատգամավոր  Նաիրա Կարապետյանը, խոսելով իր ծննդավայր Գյումրու մասին, ասել էր, որ  30 տարի առաջ Գյումրին համարվում էր ծաղկուն և գեղեցիկ քաղաք: «Այն մշակութային մայրաքաղաք է, մշակութային մեծ արժեք է իրենից ներկայացնում, և շատ կարևոր է ունենալ բարեկարգ փողոցներ: Այսօր վիճակն այնպիսին է, որ Գյումրիում ընդամենը մի քանի բարեկարգ փողոցներ կան: Մնացածների վիճակն այնքան վատ է, որ տաքսիները չեն երթևեկում այդ փողոցներով, դրանցից են` Աթաբեկյան, Թումանյան փողոցները և այլն»,- նկատեց Նաիրա Կարապետյանը` հավելելով,- «Պետք չէ գյումրեցուն թշվառ ներկայացնել. գյումրեցին հպարտ, թասիբով մարդ է»:

ArmLur.am-ը փորձեց Նաիրա Կարապետյանից մեկնաբանություն ստանալ, թե ի վերջո ինչո՞ւ է Հեղինե Բիշարյանը քննադատում այդ համաձայնագիրը, քանի որ, բոլոր դեպքերում, այն ուղղվելու է Գյումրու բարեկարգմանը: Ի պատասխան` ՀՀԿ-ական պատգամավորը նշեց.

«Եթե անկեղծ ասենք, ես չեմ հասկանում տիկին Բիշարյանի ոգևորությունը: Եթե նախընտրական դիվիդենտներից ենք խոսում, ապա հանրությունը շատ լավ գիտի, թե ով է տառապում պոպուլիզմով: Ի դեպ, իր ելույթում ՕԵԿ խմբակցության ղեկավարը մի քանի անգամ թույլ տվեց շատ կոպիտ մեջբերում, թե իբր ամբիոնից տարբեր պատգամավորներ զբաղված են տարբեր պաշտոնյաների գովաբանությամբ, սակայն հավատացնում եմ Ձեզ, որ տիկինը, լինելով արմատներով Շիրակի մարզից, այդքան էլ լավ չի պատկերացնում Գյումրի քաղաքի ոգին ու կեցվածքը: Գյումրեցին այն մարդն է, ով մինչ օրս երանությամբ և երախտիքով է հիշում իր քաղաքի բարեկարգմանը մասնակցած բոլոր պաշտոնյաներին՝ սկսած Գրիգոր Հասրաթյանից և ընդհուպ մինչև որևէ բարերարի ներդրում: Եվ որևէ քաղաքական միտում այստեղ տեսնելը առնվազն անազնիվ է: Տիկինը նշեց նաև այն փաստը, թե եղել են պատգամավորների, ովքեր Երևանը և Գյումրին համեմատում են, կասեմ միայն, որ քաղաքային տնտեսությունը կենդանի մարմին է, և երբևէ որևէ բնագավառ չի կարող լինել անթերի և ավարտուն: Երևանում, ի տարբերություն Գյումրիի, բարեկարգ են երկրորդական, երրորդական փողոցները, ինչը Գյումրիին դեռ անհասանելի է»,- եզրափակեց Նաիրա Կարապետյանը:




Լրահոս