Ռուսական կողմը պետք է խնդրի, որ համանախագահները մասնակցեն եռակողմ հանդիպմանը. Ստյոպա Սաֆարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի զրուցակիցն է քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը:

– Պարոն Սաֆարյան, օրեր անց կայանալիք Սարգսյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպմանը ԵԱՀԿ-ն չի մասնակցելու: Ի՞նչ վտանգներ կարող է սա պարունակել:

-Ես կարծում եմ, որ ռուսական կողմն ինքը կխնդրի, որպեսզի համանախագահները մասնակցեն, հակառակ դեպքում կստացվի, որ դա միջազգային որևէ լեգիտիմություն չունեցող մի բան է: Ես դա ոչ թե մտահոգիչ եմ համարում, այլ ԵԱՀԿ-ն արժեզրկել է պրոցեսը, եթե ռուսական կողմն ինքը չխնդրի մասնակցել: Իսկ եթե դա լեգիտիմ հանդիպում չէ, ապա որևէ կարգավորման հեռանկարի պետք չէ սպասել: Ռուսաստանին, կարծես թե, հասկացնում են, որ ինքը զրկված է կարգավորման որևէ պլան կյանքի կոչելու հնարավորությունից:

– Բայց արդյոք սա չի՞ նշանակում, որ ռուսական կողմը ցանկանում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ղեկն իր ձեռքը վերցնել:

– Միանշանակ ցանկանում է. անունը թողնել ԵԱՀԿ-ի Մինսկի խումբ, բայց դրա տակ մնալ առաջատար: Կարծես թե, Ֆրանսիան և ԱՄՆ-ն հասկացել են դա և թույլ չեն տալիս: Հիմա ռուսական կողմը երկու տարբերակ ունի. կա’մ անպտուղ մի հանդիպում կազմակերպել, կա’մ ինքը խնդրի Մինսկի խմբին, որպեսզի վերականգնվի լեգիտիմությունը:

– Իսկ բանակցությունները կշարունակվե՞ն Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունների համատեքստում, թե՞ ռուսական կողմը նոր ծրագիր կբերի:

– Ռուսական կողմը չի կարող նոր օրակարգ բերել, քանի որ մանդատ է պետք: Կարծեք թե, արևմուտքը չի թողնում, որ կազանյան-2 հանդիպում տեղի ունենա:

զրուցեց Արփինե Թովմասյանը




Լրահոս