Սահմանային անդորրը վաղվա ամենամեծ վտանգն է. Ադրբեջանն անթաքույց կերպով պատրաստվում է նոր պատերազմի. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին Սանկտ Պետերբուրգում կայացած Սարգսյան-Պուտին-Ալիեւ հանդիպումը թե հայկական, թե ադրբեջանական կողմից դրական է գնահատվել: ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այն բնութագրել է «օգտակար», իսկ ադրբեջանցի նրա գործընկեր Մամեդյարովը՝ «կառուցողական»: Այդ հանդիպումից կարծես թե գոհ էին նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, թեեւ նրանց այդ հանդիպմանը մասնակցելու իրավունքից, ըստ էության, զրկել էին, եւ ինչպես երեկ նկատեց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը՝ այդպիսով ԱՄՆ-ին եւ Ֆրանսիային դրել էին նույն վիճակում, ինչ վիճակում որ բանակցային սեղանից դուրս մղված Լեռնային Ղարաբաղի իշխանություններն են:

Ընդհանուր առմամբ, եթե Վիեննայի հանդիպումից հետո դեռ առկա էին որոշ շեշտադրումներ, որոնք, ի վերջո, հիշեցնում էին, որ դրան նախորդել է քառօրյա պատերազմ՝ հարյուրավոր զոհերով, ապա Սանկտ Պետերբուրգի հանդիպմանը հետեւած հայտարարություններից այնպիսի տպավորություն էր, ասես խոսքը մինչ ապրիլը տարիներ շարունակ տեղի ունեցող հանդիպումների մասին էր, որոնցից հետո կողմերը դարձյալ կիրառում էին «կառուցողական», «օգտակար, դրական» որակումները՝ յուրաքանչյուր անգամ հույսեր հայտնելով, որ հաջորդ հանդիպումը կլինի «կես քայլ առաջ»:

Սակայն ակնհայտ է, որ Սանկտ Պետերբուրգի հանդիպումն այդպիսին չէր կարող լինել նախ եւ առաջ այն պատճառով, որ ապրիլից հետո աննախադեպ կոշտացել է Ադրբեջանի դիրքորոշումը, որը զավթած 800 հա տարածքը ներկայացնելով որպես մեծ հաղթանակ՝ այլեւս լսել չի ցանկանում փոխզիջման մասին եւ չնայած այս ողջ դիվանագիտական պաճուճանքին՝ անթաքույց կերպով պատրաստվում է նոր պատերազմի:

Չտեսնել դա, կնշանակի պարզապես կույր լինել: Իսկ տեսնելով ու հասկանալով այդ ամենը՝ ոչ մի առարկայական քայլ չանելն արդեն շատ հստակ եւ ծրագրված դավաճանություն է: Այնպիսի տպավորություն է, որ մեզանում կույրերի ու դավաճանների պակաս չկա, ինչպես եւ չկա հերոսների եւ հեռուն տեսնողների կարիք: Հակառակ դեպքում չպետք է որ իրեն ընդդիմադիր համարող ուժի առաջնորդի կողմից հնչեին հեռուն չտեսնողներին սատարելու եւ բանակցային սեղանի մոտ ուժեղացնելու կոչեր, իսկ, ահա, հերոսներին ձերբակալելով՝ նրանց կոշտ դիրքորոշումը բանակցային առեւտրում օգտագործելու փորձերն էլ պետք է որ ընդվզման մեծ ալիք բարձրացնեին:

Ինչեւէ: Ունենք այն, ինչ ունենք ե՛ւ իշխանությունների, ե՛ւ ընդդիմության, ե՛ւ միջնորդների, ե՛ւ դաշնակիցների առումով: Եվ, ինչպես երեկ նկատեց արդեն իսկ հիշատակված քաղաքագետ Ս. Գրիգորյանը, այսօրվա սահմանային անդորրը վաղվա ամենամեծ վտանգն է, քանզի եթե այս խաբուսիկ անդորրը շարունակվի, կնշանակի՝ մեզ տանում են դեպի Կազան-2, իսկ եթե Ադրբեջանը վերսկսի իր սահմանային լոկալ ոտնձգությունները, կնշանակի, որ հայկական կողմին, այդուամենայնիվ, չի հաջողվել պարտադրել գնալ դեպի Կազան-2:




Լրահոս