Այսօր Մեծ Բրիտանիայում կանցկացվի ԵՄ-ից դուրս գալու հարցով հանրաքվեն, որի արդյունքները կարեւորագույն նշանակություն կունենան ինչպես Մեծ Բրիտանիայի, այնպես էլ Եվրամիության համար: Ինքը՝ Մեծ Բրիտանիան, ԵՄ-ից դուրս գալով, կամ, ինչպես ընդունված է ասել՝ brexit-ով լուրջ մարտահրավեր է նետում ոչ միայն եվրոպական միասնականության գաղափարին, այլեւ սեփական տնտեսությանը: Գաղտնիք չէ, որ Մեծ Բրիտանիան մշտապես էլ հատուկ կարգավիճակ է ունեցել ԵՄ-ում եւ որոշակի սկեպտիցիզմով է մոտեցել միասնական օրակարգի մի շարք կարեւոր հարցերին, ինչը ԵՄ անդամ երկրների շրջանում առաջացրել է խուլ դժգոհություն: Եվ, այդուհանդերձ, թե՛ Մեծ Բրիտանիան, թե՛ ԵՄ մնացած անդամները չեն ցանկացել թերագնահատել միմյանց կարեւորությունը ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական առումով:
Սակայն շուրջ երկու տարի տեւող այս գործընթացում, փաստորեն, կողմերը չկարողացան գալ համաձայնության, եւ ԵՄ ղեկավարությունն այդպես էլ չընդունեց Մեծ Բրիտանիայի կողմից պահանջվող բարեփոխումների անհրաժեշտությունը՝ այդպիսով գործը հասցնելով հանրաքվեի:
Նախօրեին բրիտանացիներին ԵՄ-ից դուրս գալու հետեւանքների մասին նախազգուշացրեց Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը՝ ասելով. «Եթե ընտրությունը կատարվի ԵՄ-ից դուրս գալու օգտին, ապա դա կլինի անդարձ։ Մեծ Բրիտանիայի համար լուրջ ռիսկ կլինի կորցնել մուտքը միասնական շուկա եւ մասնակցությունն այն ամենին, ինչ տեղի է ունենում եվրոպական տնտեսական գոտում»: Իհարկե, ԵՄ-ն եւս տնտեսական եւ, առավելապես, քաղաքական առումով մեծ բան կկորցնի brexit-ի դեպքում, սակայն դրա ազդեցությունը եւ ռիսկերը, թերեւս, զգալիորեն ավելի փոքր կլինեն: Հիշեցնենք, որ ներկայումս բրիտանական արտաքին առեւտրից ստացվող շահույթի կեսից ավելին գալիս է ԵՄ անդամ երկրներից: Բացի այդ՝ լուրջ խնդիր կառաջանա նաեւ ԵՄ-ում ապրող ավելի քան 1.4 միլիոն բրիտանացիների, ինչպես նաեւ Բրիտանիայում բնակվող 2.5 միլիոն քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքի, ինչպես նաեւ Անգլիայում արվող ներդրումների զանգվածային դուրս բերման հետ կապված:
Թե ինչպիսին կլինի բրիտանացիների վերջնական որոշումը, դժվար է ասել: Համենայնդեպս, վերջին սոցիոլոգիան հարցումների արդյունքներով կողմ եւ դեմ տեսակետ ունեցողների տարբերությունը շատ փոքր է հօգուտ վերջինի: Սակայն եթե հաշվի առնենք բրիտանացիների՝ գերակշռաբար պահպանողական մենթալությունն ու հիշենք նաեւ Շոտլանդիայի անկախացման հարցով հանրաքվեի արդյունքները, ապա կարող ենք ասել, որ ԵՄ-ից դուրս գալու հավանականությունը փոքր չէ:
Ամեն դեպքում, Եվրոպան հենց դրանով է ուժեղ, որ այստեղ գործընթացների զարգացման հիմքում քաղաքացու քվեն է՝ անկախ նրանից՝ դա երկիրը տանելու է հեշտ թե դժվար ուղով: Մի բան, որից, ցավոք, այնքան հեռու է իրեն եվրոպական մոդելի պետություն հռչակած Հայաստանը: