ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան երեկ շատ կոշտ կերպով քննադատել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ն. Մամեդովի հայտարարությունը՝ կապված Սանկտ Պետերբուրգում իբրեւ թե ձեռք բերված համաձայնության հետ: Մամեդովը, հիշեցնենք, ասել էր, թե փուլային տարբերակով հայկական կողմը սկզբնական շրջանում հանձնելու է 5 շրջան, ապա եւս 2-ը, որից հետո քննարկվելու է միջանցքի եւ ԼՂՀ կարգավիճակի հարցը: Եվ, ահա, Զախարովան այդ հայտարարությունը բնորոշել է դիվանագիտական բառապաշարում խիստ հազվադեպ կիրառվող ձեւակերպումներով. «Պետք է առաջնորդվել հայտարարության օրիգինալ տեքստով, ոչ թե այն բավականին ոչ բարեխիղճ, խեղաթյուրված հայտարարություններով, որոնք մենք լսեցինք: Կա կոնկրետ հայտարարություն, այն հրապարակվել է եւ հանդիսանում է պաշտոնական փաստաթուղթ: Հենց դա էլ պետք է հիմք ընդունել, այլ ոչ թե որեւէ մեկի կամայական ընթերցանությունը կամ այլասերված մեկնաբանությունը»,-ասել է Զախարովան:
Դժվար է ասել, թե երբ էր վերջին անգամ ՌԴ որեւէ բարձրաստիճան պաշտոնյա նման կոշտ գնահատական տվել ադրբեջանցի որեւէ գործչի գործողությւններին, առավել եւս ՌԴ ԱԳՆ-ն Ադրբեջանի աշխատակազմի ամենաազդեցիկ պաշտոնյայի հայտարարությանը: Իհարկե, մեզ միայն կարող է ուրախացնել այն, որ ադրբեջանական կողմի այդ հայտարարությունը որակվեց որպես «այլասերված մեկնաբանություն», ինչից կարելի է եզրակացնել, որ ինքնին, կարգավորման քայլերի նման հաջորդականությունն է պաշտոնական Մոսկվայի կողմից որակվում որպես «խեղաթյուրված եւ այլասերված»:
Այդուամենայնիվ, նկատի առնելով 2011թ հունիսին՝ ճիշտ 5 տարի առաջ, Կազանում կայացած գագաթնաժողովում սեղանին դրված փաստաթղթի էությունը եւ դրանում ներկայացված քայլերի հաջորդականությունը՝ Զախարովայի հայտարարությունից ոգեւորությունը կտրուկ սառչում է: Հիշեցնենք, որ ինչպես «Բլումբերգին» տված հարցազրույցում խոստովանեց Ս. Սարգսյանը, Կազանյան փաստաթղթով հայկական կողմը պարտավորվում էր հանձնել ԼՂՀ հարակից շրջանները, եւ պաշտոնական Երեւանը համաձայնել էր ստորագրել այդ փաստաթղթի տակ: Իսկ այդ փաստաթղթով, ըստ մինչ օրս եղած արտահոսքերի՝ տարածքների վերադարձին զուգահեռ չէր լուծվում ԼՂՀ կարգավիճակի հարցը, այլ ի սկզբանե տրվում էին տարածքները, ապա քննարկվում էր որոշ ժամանակ անց /իսկ այդ ժամանակի հարցում անորոշությունը հենց ամենամեծ խնդիրներից մեկն է/, հանրաքվեի անցկացման հարցը:
Այնպես որ՝ լավ է, որ Զախարովան հերքեց Մամեդովի հայտարարությունը, սակայն դա բավարար չէ՝ պնդելու համար, որ նման հարց Սանկտ Պետերբուրգում չի քննարկվել եւ, առավել եւս, չի քննարկվի առաջիկայում: Համենայն դեպս, սա այն հարցն է, որի շուրջ թե՛ լրագրողների, թե՛ հանրության կողմից ավելորդ կասկածամտությունն ու իշխանություններից գործողությունների թափանցիկության հարցում պահանջատիրությունը հաստատ չեն խանգարի: