«Հայ ձկնարտադրողների եւ ձկնարտահանողների միություն» ՀԿ նախագահ Արթուր Աթոյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ այս տարվա սկզբից արդեն իսկ փակվել են մոտ 25 ձկնարտադրական ընկերություններ: Նրա կանխատեսումներով` արդեն աշնանը հնարավոր է՝ եւս 35-40 տնտեսություն փակվի, կապված ռիսկային շրջանի հետ: Սակայն չնայած դրան՝ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ձկնորսության ոլորտում արձանագրվել է 2.6 տոկոս աճ:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ Հայաստանում այս տարվա առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, գյուղատնտեսության եւ ձկնորսության համախառն արտադրանքը 4 տոկոսով աճել է՝ կազմելով 129 մլրդ 649 մլն 200 հազար դրամ: Իսկ ձկնորսության համախառն արտադրանքը այս տարվա առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 2.6 տոկոսով՝ կազմելով 11 մլրդ 939 մլն 100 հազար դրամ:
Ուշագրավն այն է, որ 2016 թվականի առաջին եռամսյակի ընթացքում ձկնորսության ոլորտում արձանագրված աճը 2015 թվականի նույն ժամանակահատվածում գրանցված աճի համեմատ փոքր է: Այսպես՝ եթե 2015 թվականին ձկնորսության ոլորտում 2014-ի համեմատ արձանագրված աճը կազմել է 31.4 տոկոս՝ 11 մլրդ 986 մլն 900 հազար դրամ, ապա այս տարվա առաջին եռամսյակում արձանագրվել է 2.6 տոկոսի աճ եւ կազմել 11 մլրդ 939 մլն 100 հազար դրամ:
Ներկայացված թվերի հետ համաձայն չէ «Հայ ձկնարտադրողների եւ ձկնարտահանողների միություն» ՀԿ նախագահ Արթուր Աթոյանը: Նրա համոզմամբ՝ ձկնորսության ոլորտում ԱՎԾ-ի արձանագրած աճը հորինված է:
«Բոլորովին համաձայն չեմ այդ թվերի հետ: Իսկ եթե դրանք հորինված կամ ստեղծագործված չեն, ապա դրանք լիկվիդացիոն վաճառքի հաշվին գոյացած թվեր են, որովհետեւ ձկնային տնտեսությունները փակվում են, եւ իրենց ունեցածը լիկվիդացիոն գնով վաճառում են: Բացի այդ, այս պահին առնչվում ենք գյուղնախարարության նախաձեռնությամբ մենաշնորհացման դասական օրինակի հետ:
Այսինքն՝ գյուղնախարարությունը հայտարարում է, որ աճ է գրանցել, ԱՎԾ-ն այն ցույց է տալիս, բայց ստացվում է, որ փակվող տնտեսությունների հաշվին մի քանիսը հզորանում են: Եթե փակվում են, ու աճ կա, ապա դա մենաշնորհացման դասական օրինակ է: Եւ գյուղնախարարությունը այդպիսի մասնագիտական կարողություններ եւ հոտառություն չունի, որ հասկանա, թե ինչ է տեղի ունենում: Նրանց պետք են թվեր, հավաքում են, հորինում են, ստեղծագործում են ու ցույց են տալիս: Իսկ թե որտեղից են գտնում այդ թվերը, Աստծուն է հայտնի, բայց իրականում ոլորտը մենք կորցնում ենք»,- մեծ ափսոսանքով նկատեց Ա. Աթոյանը:
Մասնագետի կանխատեսումներով, ամառային սեզոնից մինչեւ աշուն տեղի է ունենում ձկան գնի նվազում: Ըստ նրա՝ սա ամենառիսկային շրջանն է ոլորտի համար: «Մայիսին սկսում է անկում այս ոլորտում: Սովորաբար տաք ամիսներին ձկան պահանջարկը նվազում է: Գրեթե վաճառք չկա: Եւ մենք արդեն փակվող տնտեսություններով մտնում ենք ռիսկային շրջան: Դա նշանակում է, որ աշնանն ավելի վատ տվյալներ կունենանք:
Բոլոր ձկնաբույծները, գլուխներն առած ձեռքների մեջ, ողբում են իրենց վիճակը, իսկ գյուղնախարարությունն ու ԱՎԾ-ն աճ են արձանագրում: Սա բարձր մակարդակով կազմակերպված մենաշնորհացման գործընթաց է»,- հայտարարեց Աթոյանը:
Մեր զրուցակցի խոսքերով՝ այս տարվա հունվարի երկրորդ կեսին փակվել է 3 ձկնային տնտեսություն, 5-ն էլ փակվել է փետրվարին, եւ այսպես շարունակ: «Այս տարվա ընթացքում առանց չափազանցնելու արդեն մոտ 25 ձկնային տնտեսություն ունենք փակված: Այս թվերը մեզ համար շատ ծանր են, տխրեցնող են, դրա համար էլ մենք այս թվերը ասում ենք ու անցնում: Պարզապես վիճակը շատ ողբալի է: Իսկ իրենք հիանում են, հպարտանում են ու այդպիսի թվային աճ ներկայացնում»,- վրդովվեց մասնագետը:
Ի դեպ, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հայտարարել է, որ շուրջ 70 տնտեսություններ իրենց արտադրանքը ԵՏՄ երկրներ արտահանելու թույլտվություն են ստացել: Սակայն ըստ Աթոյանի՝ փաստացի դեպի ՌԴ ձկնամթերք կարող է տեղափոխել ընդամենը 3-4 ընկերություն:
Ի դեպ, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հայտարարել է, որ շուրջ 70 տնտեսություններ իրենց արտադրնքը ԵՏՄ երկրներ արտահանելու թույլտվություն են ստացել: Սակայն ըստ Աթոյանի՝ փաստացի դեպի ՌԴ ձկնամթերք կարող է տեղափոխել ընդամենը 3-4 ընկերություն:
Հավելենք, որ գյուղնախարարության անասնաբուծության եւ անասնաբուժության վարչության ձկնաբուծության եւ մեղվաբուծության բաժնի պետ Տիգրան Ալեքսանյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում վերջերս հայտարարել էր, որ այս տարվա առաջին չորս ամիսների ընթացքում արդյունագործական ձկան արտադրության ու ձկնարտահանման ծավալներն ավելացել են 100 տոննայով` անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ: «Այդպիսի լուրջ խնդիր չկա, որ, ասենք, համատարած փակվում են, կամ փակվելու պրոբլեմ կա: Իհարկե, կան փակվածներ որոշակի քանակությամբ, բայց զուգահեռաբար կան նաեւ ավելացածներ: Մենաշնորհացման վտանգ ոլորտում չկա, մենք այսօր գրեթե բոլորի հետ աշխատանքներ ենք իրականացնում»,- հայտարարել էր Տ. Ալեքսանյանը:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ