Ինչպես ArmLur.am-ն արդեն հայտնել է, հունիսի 24-ին Շիրակի մարզի Արթիկ քաղաքում ձնհալքի հետևանքով սելավաջրերի մեծ հոսք է եղել, ինչի հետևանքով կեղտաջուրը լցվել է մարդկանց տները, գոմերը: Պարզվել է, որ սարերից եկած տիղմը և քարերը խցանել է Արթիկի սելավատարը, ապա սելավը փոխել է հունը: Ջուրը դուրս է եկել սելավատարից և լցվել փողոցները, սելավատարին հարակից տների բակերը և տները: Այս առնչությամբ քաղաքապետարանից ArmLur.am-ին հայտնեցին, որ առաջիկա օրերին կավարտվի աղետից տուժածների վնասների գույքագրումը: Կհաշվառվի՝ ով-ինչ է կորցրել: Ապա կհստակեցվի` որքան գումարի և ծավալների մասին է խոսքը:
Հիշեցնենք, որ հունիսի 25-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանը եղել է Արթիկում, տեղում ծանոթացել քաղաքում տիրող իրավիճակին: Վարչապետի հանձնարարականով կազմվել է հանձնաժոողով` տարածքային կառավարման նախարարի տեղակալ Կարեն Միրզախանյանի նախագահությամբ: Հանձնաժողովի անդամներն են Արթիկի քաղաքապետ Արսեն Աբրահամյանը, տարածքային իշխանության և համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչներ:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կան վնասված տներ, որոնք այլևս պիտանի չեն օգտագործման:
Քաղաքապետարանից մեզ հաջողվեց պարզել նաև, որ սարերում դեռևս տեղումներ կան: Եղանակը տաք է, ձյան շերտը նորից հալվում է: Տարվում են աշխատանքներ որպեսզի նորից ջուրը քաղաք չլցվի: Ճանապարհներ կան, որոնք խիստ վնասված են և հիմնանորոգման կարիք ունեն, որովհետև բացի Մովրովի և Բմբուլենց սելավատարերից, քաղաքի տակից նույնպես ջուր է հոսում:
Լիդա Եղիազարյան