Արթիկում մանկապարտեզը դեռ չի աշխատում. ինչ իրավիճակ է քաղաքում սելավից հետո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 24-ին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում ձնհալքի հետեւանքով սելավաջրերի մեծ հոսք է եղել դեպի քաղաք, ինչի հետեւանքով կեղտաջուրը լցվել է մարդկանց տները, գոմերը: Նախնական տվյալներով՝ վնասվել է 11 տուն, տարհանվել են 9 տան բնակիչ, Արթիկի թիվ 2 մանկապարտեզի սաներն ու աշխատակիցները, վնասվել են նաեւ 4 հիմնական ճանապարհները, ջրատար ու գազատար խողովակները, էլեկտրասյուներ:

Տեղեկացնենք, որ բացի Շիրակի մարզի Արթիկ քաղաքից՝ հեղեղումներ են եղել նաեւ Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղում: Կատարվածի վերաբերյալ երեկ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում անցակացված խորհրդակցության ժամանակ զեկույցներով հանդես եկան Շիրակի եւ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության պետերը:

Գեղարքունիքի ՄՓՎ պետ, փ/ծ գնդապետ Է. Գալստյանը զեկուցեց, որ հեղեղը ողողել է գյուղամիջյան ճանապարհները, ցանքերը, տնամերձ հողամասերը, տնտեսությունների անասնագոմերը, նկուղները, վնասել խմելու եւ ոռոգման ջրատարերը՝ հավելելով, որ վնասները շտկելու ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են տարվում: Իսկ Շիրակի ՄՓՎ պետ, փ/ծ գնդապետ Ա. Կարապետյանը նշեց, որ նախնական տվյալներով՝ վնասվել է 11 տուն, տարհանվել են 9 տան բնակիչ, Արթիկի թիվ 2 մանկապարտեզի սաներն ու աշխատակիցները, վնասվել են նաեւ 4 հիմնական ճանապարհները, ջրատար ու գազատար խողովակները, էլեկտրասյուներ:

Աշխատանքներ են տարվել վնասներն արագ շտկելու ուղղությամբ, ինչպես նաեւ՝ սելավատարների համար նոր ուղիներ են փորվել: Արթիկցիները «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեցին, որ սելավատարի մեջ լցվել են Արթիկ քաղաքի վերեւի մասում գտնվող Արթիկի տուֆի կոմբինատի հանքաքարերը: Իսկ Արթիկի քաղաքապետ Արսեն Աբրահամյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ Արթիկի տուֆի կոմբինատը արդեն 25 տարի է, ինչ չի գործում, այդ քարհանքը շահագործվել է 1930թ.-ից մինչեւ 1991-92թթ., եւ կոմբինատի շահագործման ժամանակ հանքի թափոնները լցվել են ձորը: «Այդ սելավը աննախադեպ տեղումների հետեւանքով է առաջացել, արդյունքում 60 տարվա կուտակված շինարարական հանքավայրի թափոնները սելավատարի միջով լցվել են քաղաք: Պատկերացնո՞ւմ եք՝ մինչեւ 30-40 սմ շերտով ձյան պես սարերում կարկուտ է նստած եղել: Իսկ մինչ այդ՝ սելավատարներն անցանելի էին: Գոնե ժայռերի այդ քարի կտորները չպոկեր, բերեր կամ տուֆի քարհանքի մնացորդները»,- ցավով նկատեց Արթիկի քաղաքապետը:

Միեւնույն ժամանակ նա վստահեցրեց, որ Արթիկում կյանքը պարալիզացված չէ, բոլոր հաստատությունները գործում են, բացառությամբ մանկապարտեզի: «Իրենք, ըստ էության, ուզում էին այսօր աշխատել, բայց ես թույլ չտվեցի, որովհետեւ այնտեղ դեռեւս խոնավացած է, բայց անձնակազմը տեղում աշխատում է»,- ներկայացրեց Արսեն Աբրահամյանը: Այնուամենայնիվ, աննախադեպ տեղումների դեպքում արդյո՞ք Արթիկը պատրաստ է դիմակայել՝ առանց լուրջ վնասներ կրելու:

Հարցին ի պատասխան՝ Արսեն Աբրահամյանն ասաց. «Մենք պատրաստ ենք, եթե հանկարծ այդպես լինի, այդ ուղղությունը ուղղորդենք դեպի հեղեղատարի ներքեւի մաս: Բայց հուլիսի 1-ի համար կանխատեսումներ կան արված, Աստված չանի, եթե այսպիսի տեղումներ լինեն, իհարկե, վտանգը կա ու կա: Բայց ժողովրդական խոսք կա՝ կարկուտը ծեծած տեղը չի ծեծում: Այսինքն՝ դժվար թե այստեղ այդքան տեղումներ լինեն»: Քաղաքապետից տեղեկացանք, որ վնասները հաշվարկող հանձնաժողովը այս պահին աշխատում է եւ արձանագրում է վնասի չափերը, որպեսզի կառավարությանը ներկայացվի:

«Ժողովուրդ»-ը պարզեց, որ Շիրակի մարզում սելավի արդյունքում ոչ միայն Արթիկն է վնասներ կրել, այլեւ հարեւան Նոր Կյանք գյուղը: Գյուղապետ Արա Սուքիասյանի խոսքերով՝ իրենց գյուղում մոտ 13 հա հողատարածք է մնացել ջրի տակ, ինչի արդյունքում Նոր Կյանքի բնակիչների հացահատիկի, գարու եւ հնդկաձավարի հողատարածքները վնասվել են. «Բնական արհավիրքի դեմ ոչ մեկ ոչինչ չի կարող անել»,-ափսոսանքով նշեց գյուղապետը:

Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության գնդապետ Արթուր Մուրադյանի հետ, ով ասաց, որ սելավատարի աղտոտվածության ստիճանը հնարավոր կլինի որոշել դրա միջի տիղմն ու քարը մաքրելուց հետո: «Իսկ սելավատարի եւ տնամերձ հողակտորների քարից, տիղմից մաքրման աշխատանքներն անելու համար վնասի գնահատումից հետո որոշակի նախագծանախահաշվային աշխատանքներ կիրականացնենք: Գումար պետք է հատկացվի, որովհետեւ դա մեծածավալ աշխատանք է»: ԱԻն պաշտոնյան նկատեց, որ նման խոշոր կուտակումով սելավային հոսքեր քիչ են պատահում, ապա հավաստիացրեց, որ սելավատարը մաքուր է եղել, ուղղակի սելավային ջրերի ծավալն է հսկայական եղել: Նաեւ փոխանցեց, որ կոնկրետ այդ տեղամասում կարկուտի շերտի մասին տեղեկատվություն չի եղել, դրա համար ծավալի մասին կանխատեսումներ հնարավոր չի եղել կազմել:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս