Հարց քաղաքացիներից` ո՞ւմ է վճարվում կենսաթոշակառուին հասանելի, բայց նրա մահվան պատճառով չստացված կենսաթոշակի գումարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Խնդրում ես ասեք՝ ո՞ւմ է վճարվում կենսաթոշակառուին հասանելի, բայց նրա մահվան պատճառով չստացված կենսաթոշակի գումարը:

Նելլի Հայրապետյան (63 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Կենսաթոշակառուի մահվան դեպքում չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է մահացածի ամուսնուն կամ 14 տարեկան եւ դրանից բարձր տարիքի անչափահաս երեխային՝ անկախ կենսաթոշակառուի մահվան օրվա դրությամբ նրա հետ համատեղ նույն վայրում (հասցեում) հաշվառված լինելու հանգամանքից, իսկ ընտանիքի այլ անդամին, եթե նա, ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների, կենսաթոշակառուի մահվան օրվա դրությամբ նրա հետ համատեղ հաշվառված է եղել նույն վայրում (հասցեում): Անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի մահվան դեպքում` չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է նաեւ նրա օրինական ներկայացուցչին` ծնողին, որդեգրողին կամ խնամակալին:
Այդ գումարը վճարվում է, եթե դիմումը եւ անհրաժեշտ փաuտաթղթերը կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում են ներկայացվում կենսաթոշակառուի մահվանից հետո՝ վեց ամսվա ընթացքում: Վեցամսյա ժամկետում չդիմելու դեպքում կենսաթոշակառուի մահվան պատճառով չվճարված կենսաթոշակի գումարը ենթակա է ժառանգման, եթե դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերը կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում են ներկայացվում կենսաթոշակառուի մահվանից հետո՝ տասներկու ամսվա ընթացքում:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ թաղման նպաստ նշանակելու եւ վճարելու կարգը, վճարելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը եւ թաղման նպաստի չափը սահմանում է ՀՀ կառավարությունը: Ի դեպ, ՀՀ կառավարության 2010թ. դեկտեմբերի 30-ի թիվ 1734-Ն որոշմամբ՝ կենսաթոշակառուի մահվան դեպքում վճարվող թաղման նպաստի չափը սահմանվել է 200.000 դրամ:




Լրահոս