Գյուղացին առանց Սերգո Կարապետյանի էլ շատ լավ գիտի «Սպայկայի» և՛ տեղը, և՛ առաջարկած պայմանները. այլընտրանք է հարկավոր. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն ութ օր է՝ ինչ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է. Թերեք գետի մակարդակի բարձրացման եւ փլուզումների արդյունքում ՀՀ-ից գյուղմթերք արտահանող հարյուրավոր փոխադրողներ եւ ՀՀ քաղաքացիներ արդեն քանի օր է՝ Լարսի անցակետում «պատանդ են» մնացել: Այս պատկերը տխուր դեժա վյու է առաջացնում, քանի որ արդեն որերորդ տարին է, հատկապես գյուղմթերքի արտահանման պիկի շրջանում, մենք ականատես ենք լինում նման իրավիճակի, ընդ որում, տարբեր պատճառներով. մեկ բնությունն է իր «սեւ գործն» անում՝ հերթական փլուզումների տեսքով, մեկ վրաց-ռուսական հարաբերություններն են լարվում, ինչի արդյունքում կողմերը որոշում են անորոշ ժամկետով «վերանորոգման աշխատանքներ» իրականացնել այդ ճանապարհահատվածում, մեկ էլ պարզապես թուրքիայից ՌԴ ուղեւորվող բեռնատարների հոսքն է չափից ավելի մեծ լինում եւ առաջացնում խցանումներ:

Միով բանիվ՝ Լարսի խնդիրը մշտապես լուրջ գլխացավանք է հայաստանցի բեռնափոխադրողների եւ արտահանողների համար:
Կոնկրետ ներկայիս իրավիճակի հետ կապված մեր իշխանավորները արդարանում են՝ թե բնական աղետ է եղել, եւ սա ֆորս մաժորային իրավիճակ է, որը իրենք ո՛չ կարող էին կանխատեսել, ո՛չ էլ կանխարգելել: Նրանք նույնկերպ արդարանում են նաեւ մնացած դեպքերում՝ ասելով, թե ռուս-վրացական հրաբերություններ են, իրենք ինչ կարող են անել, կամ Վրաստանի տարածքում իրենց գործողությունները սահմանափակ են եւ այլն, եւ այլն:

Այս ամենի արդյունքում, սակայն, տարիներ շարունակ հայ արտադրողներն ու արտահանողները մշտապես աշխատում են մեկ օրում սնանկանալու կամ մեծ վնասներ կրելու վտանգի ներքո: Չկա որեւէ ապահովություն կամ այլընտրանք, որը պետությունը կարող է առաջարկել Լարսի փակման դեպքում :
Իսկ որը կարող է լինել այդ այլընտրանքը. այն մեկն է՝ Փոթիի նավահանգստից լաստանավային փոխադրումը, ինչը բավականին թանկ հաճույք է: Հետեւաբար մեր իշխանավորները տարիներ շարունակ սեփական անգործությունը արդարացնող հայտարարություններ անելու փոխարեն՝ պարտավոր էին մտածել Փոթիի նավահանգստում գոնե մեկ խոշոր լաստանավ ձեռք բերելու եւ այն հայ արտահանողներին մատչելի գնով, եթե չասենք՝ ձրի տրամադրելու մասին:

Ի վերջո, եթե մեր կառավարությունում օրուգիշեր խոսում են հայկական գյուղմթերքի արտահանման կարեւորության մասին, հարկ է, որ նման տարրական խնդիրների լուծման ուղղությամբ քայլեր արվեն, եւ ոչ թե գյուղնախարար Սերգո Կարապետյանն իր սեփական ձեռնարկության մթերած ծիրանի, դեղձի կամ բանջարեղենի մթերման խնդիրը լուծելու մտահոգությամբ զբաղվի «Սպայկա» ընկերության գովազդով: Կարծում ենք՝ գյուղատնտեսության նախարարության խնդիրը գյուղմթերք արտահանողներին այս կամ այն մասնավոր ընկերությունից օգտվելու առաջարկ անելը չէ, նրանք առանց Սերգո Կարապետյանի էլ շատ լավ գիտեն «Սպայկայի» ե՛ւ տեղը, ե՛ւ առաջարկած պայմանները:




Լրահոս