Սերժ Սարգսյանը չի կարող իրեն թույլ տալ մերժել Արևմուտքի նախաձեռնությունը. մտահոգիչն այն է, որ Ալիևին կարգի չեն հրավիրում նաև արևմտյան խաղացողները. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, կարծես թե, գերտերությունների մրցակցությունը նոր թափ է հավաքում: Սանկտ Պետերբուրգում բացառապես Ռուսաստանի հովանու ներքո հունիսի 20-ին կայացած հանդիպման հաջորդ իսկ օրը Հայաստանում եւ Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանները միաժամանակ հայտարարեցին Ֆրանսիայի պատրաստակամության մասին՝ հաջորդ հանդիպումը Փարիզում կազմակերպելու շուրջ: Եվ, ահա, երեկ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հաստատեց տեղեկությունը, որ հաջորդ հանդիպումը տեղի է ունենալու հենց Փարիզում: Նա առայժմ չի հայտնել հանդիպման օրը, սակայն ընդգծել է, որ Ադրբեջանը տվել է իր համաձայնությունը:

Ու թեեւ հայկական կողմից դեռեւս չկա նոր հանդիպման մասին տեղեկատվություն, կասկածից դուրս է, որ պաշտոնական Երեւանը եւս կհաստատի հանդիպելու իր պատրաստակամությունը: Նախ՝ քանի որ անգամ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո հայկական կողմն այդպես էլ չկարողացավ տեր կանգնել բանակցությունների վերսկսման համար իր իսկ առաջադրած նախապայմաններին եւ փութաց Վիեննա, իսկ հիմա առավել եւս չկան ծանրակշիռ պատճառներ՝ մերժելու նոր հանդիպման առաջարկը, ապա եւ Սերժ Սարգսյանը չի կարող իրեն թույլ տալ մերժել Արեւմուտքի նախաձեռնությունը բանակցային գործընթացի շարունակության հարցում:

Ընդհակառակը՝ հայկական կողմը մեծապես շահագրգռված է, որպեսզի կարգավորման հարցում ռուսական դերակատարությունը դոմինանտ չդառնա: Եւ այս առումով ուշագրավ է, որ երեկ ամերիկյան կողմի նախաձեռնությամբ կայացել է հեռախոսազրույց Սերժ Սարգսյանի եւ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի միջեւ, որի ընթացում զրուցակիցներն անդրադարձել են Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումների ժամանակ ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին:

Սրան զուգահեռ՝ եռօրյա այցով տարածաշրջանում գտնվող Գերմանիայի արտգործնախարար Վ. Շտայնմայերը նախօրեին Երեւանում, ապա Բաքվում ունեցած հանդիպումների ընթացքում կընդգծի ԵԱՀԿ նախագահող երկրի հետաքրքրվածությունը ղարաբաղյան հիմնախնդրով:

Միով բանիվ՝ Սանկտ Պետերբուրգից հետո Արեւմուտքը տեսանելի կերպով ի ցույց է դնում խնդրի լուծման հարցում իր ակտիվությունը: Թե ինչ կտա Ռուսաստան-Արեւմուտք դերակատարության պարիտետի այս նոր հերթափոխը, պարզ կդառնա առաջիկայում:

Առայժմ, սակայն, մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ Իլհամ Ալիեւը տորպեդահարում է Արեւմուտքի նախաձեռնությունը՝ հետաքննության մեխանիզմների տեղադրման շուրջ, եւ դժվար չէ հասկանալ, որ դա արվում է Թուրքիայի հետ հարաբերությունները շեշտակիորեն կարգավորող եւ Հայաստանի ՀՕՊ համակարգի վերահսկողությունն իր ձեռքը վերցնող Ռուսաստանի քաջալերանքով: Այստեղ մտահոգիչը, սակայն, այն է, որ այդ հարցում Ալիեւին առանձնապես կարգի չեն հրավիրում նաեւ արեւմտյան խաղացողները:




Լրահոս