Արդյոք մենք չափից ավել չե՞նք կարևորում օտար պաշտոնյաների կամ նրանց խոսնակների տեսակետը. ժամանակն է ավելի կաևոր գործերի մասին մտածելու. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, ով վերջին շրջանում կարծես թե դարձել է հայաստանյան լրատվական դաշտի գլխավոր «նյուզմեյքերներից» մեկը, երեկ ՀԱՊԿ ԱԳՆ ղեկավարների խորհրդի նիստի առիթով Երեւանում էր եւ պատասխանելով Գարեգին Նժդեհի արձանի տեղադրման հետ կապված իր նախկին հայտարարության մասին լրագրողների հարցին՝ ասել է. «Գարեգին Նժդեհի արձանի տեղադրումը Հայաստանի ներքին գործն է: Մենք ոչ միայն հարգում ենք, այլեւ աշխատում ենք Հայաստանի հետ ՄԱԿ-ի միջազգային հարթակում՝ նացիզմի հերոսացման որեւէ հնարավորություն թույլ չտալու համար, զգում ենք այս հարցում մեր հայ գործընկերների հուսալի թիկունքը: Այստեղ չի կարող լինել որեւէ երկակի ստանդարտ»,-ընդգծել է Զախարովան՝ կոչ անելով իր՝ նախկինում արած հայտարարությունը չխեղաթյուրել, քանի որ դա, ըստ նրա, «այն մարդկանց օգտին է, ովքեր Հայաստանի բարեկամները չեն»:

Մի կողմ թողնելով այն, թե ինչ էր նախկինում այդ հարցի շուրջ ասել Զախարովան եւ ինչպես փորձեց սրբագրել դա, անդրադառնանք նրա կողմից երեկ այդ կապակցությամբ արված շատ կարեւոր մի հարցադրման՝ միթե Հայաստանն այժմ չունի ավելի հրատապ խնդիր: Եվ, իսկապես, միթե մենք այսօր եւ մեկ ամիս առաջ, երբ Զախարովան հայտնեց իր զարմանքը Գարեգին Նժդեհի արձանի տեղադրման կապակցությամբ, չունեինք եւ չունենք ավելի հրատապ խնդիր, քան որեւէ այլ պետության գերատեսչական խոսնակի կարծիքը՝ մեր ազգային հերոսի արձանի մասին: Արդյոք մենք իսկապես չափից ավել չենք կարեւորում օտար պաշտոնյաների կամ նրանց խոսնակների տեսակետը եւ դրա արդյունքում ակամայից սկսում մեր քայլերը պայմանավորել նրանց կողմից այպանանքի չարժանանալու մտավախություններով:

Իրականում այս խնդիրն առկա է ոչ միայն քաղաքական, այլեւ հանրային մակարդակներում: Դա, իհարկե, մեծապես գալիս է մեր իշխանությունների վասալային գործելակերպից, սակայն այս հարցում ոչ փոքր դեր ունի նաեւ մեր մտավորականությունը, որի մոտ այդպես էլ արմատախիլ չի եղել խորհրդային տարիներից մնացած «կենտրոնական կառավարման սինդրոմը»:

Եվ այս առումով Զախարովայի երեկվա «զարմանքը»՝ թե արդյոք ավելի հրատապ հարց չունենք, շատ ավելի վիրավորական է նրա նախորդ՝ Նժդեհի արձանի տեղադրման շուրջ արտահայտած «զարմանքից», բայց դրանից մենք, չգիտես ինչու, չենք վիրավորվում: Եվ հենց դա է խնդիրը: Զախարովան իրավացի է. մենք ունենք շատ ավելի հրատապ հարցեր, քան իր եւ իր պես որեւէ այլ երկրի որեւէ գերատեսչության խոսնակի կարծիքներն ու զարմանքներն են: Եվ որքան շուտ մենք դա հասկանանք եւ մեր քայլերն անենք՝ ուշադրություն չդարձնելով այդ ամենին, այդքան շատ մեզ կհարգեն եւ զերծ կմնան իրենց կարծիքներն արտահայտելու անհարկի եւ անհեթեթ փորձերից:




Լրահոս