Ինչպես հայտնի է՝ հունիսի 24-ին Շիրակի մարզի Արթիկ քաղաքում տեղի ունեցած ջրհեղեղի արդյունքում արթիկցիները մեծ վնասներ են կրել: ՀՀ կառավարությունը մինչեւ 4.6 մլն դրամ կհատկացնի` հեղեղի հետեւանքով տուժած յուրաքանչյուր ընտանիքի բնակարանները նորոգելու եւ խնդիրները վերացնելու համար: Սակայն արթիկցիները դժգոհ են կառավարության սահմանած փոխհատուցման չափից:
«Ժողովուրդ»-ը ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր, արթիկցի Մուշեղ Պետոյանից հետաքրքրվեց, թե նա ինչով է օգնել արթիկցիներին:
-Պարո՛ն Պետոյան, Դուք կոնկրետ ինչո՞վ եք օգնել արթիկցիներին:
-Ես կոնկրետ ինչո՞վ կարող եմ օգնել: Ես օգնելու ի՞նչ տարբերակ ունեմ:
-Գուցե՞ դրամական աջակցություն եք ցուցաբերել…
-Միայն հոգեպես:
-Հոգեպե՞ս…
-Կողքներին եմ կանգնել: Ես ժողովրդի կողքին եմ, իրենց հետ եմ: Ամեն օր էլ ես իրենց հետ եմ: Մեր տունն էլ է ավերվել: Նույն վիճակում մեր տունն է: Ֆինանսական ինչ կարգի օգնություն կարող եմ ես տալ: Ես որտեղից գումար վեր ունեմ, որ իրենց տամ: Այս ամսվա աշխատավարձս բաժանելու եմ 12 տան վրա:
-Որքա՞ն է կազմում Ձեր աշխատավարձը:
-600 հազար դրամ: Այդ նույն վիճակում էլ ես եմ: Այն 12 ընտանիքները, որոնք առավել շատ վնաս են կրել, նրանցից մեկն էլ մենք ենք: Այսինքն՝ իմ հայրական տան առաջին հարկը կիսով չափ ջուրը լցվեց, գույքը վնասվեց: Դուք տեղյա՞կ եք:
-Այսինքն՝ ՀՀ կառավարությունը Ձեզ նույնպես փոխհատուցելո՞ւ է, թե՞ հրաժարվելու եք կառավարության փոխհատուցումից՝ հորդորելով այն բաշխել մնացած տուժող ընտանիքներին:
-Ես չգիտեմ, դա ծնողներիս տունն է, իրենք կորոշեն:
-Պարո՛ն Պետոյան, համառորեն լուրեր են շրջանառվում, որ Դուք առաջադրվելու եք Արթիկի քաղաքապետի առաջիկա ընտրություններում: Ճի՞շտ են այդ տեղեկությունները, թե՞ ոչ:
-Դեռ որոշված չէ:
-Բայց մտածո՞ւմ եք այդ ուղղությամբ:
-Չի բացառվում: Դեռ վերջնականապես որոշում կայացված չէ: Մեր արթիկցիների հետ պետք է քննարկեմ եւ վերջնական որոշում կայացնեմ, ապա Ձեզ տեղյակ կպահեմ:
Հ.Գ. Ի դեպ, տեղեկացնենք, որ Արթիկում տարածված լուրերի համաձայն՝ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Մուշեղ Պետոյանը Ռուսաստանի Անապա քաղաքում շքեղ ռեստորանային համալիր է կառուցել: Բացի այդ, նրա տարեկան հայտարարագրից տեղեկանում ենք, որ Պետոյանը նախորդ տարի հայտարարագրել է 140 հազար դոլար և 106 մլն դրամ: Իսկ մեկ տարվա ընթացքում պատգամավորը աշխատանքի վարձատրությունից և շահաբաժիններից վաստակել է ավելի քան 34 մլն դրամ…. ահա թե ինչպես գումար չեն ունենում:
զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ