Մեր երկրի ապագան տնօրինում են արդարանալու վարպետները, ովքեր ամենափոքր բանից պատրաստ են չպատճառաբանված հրճվանքի մեջ ընկնել. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուս-թուրքական հարաբերությունների սրընթաց բարելավման ֆոնին Հայաստանում որոշ իշխանական գործիչներ հանդես են գալիս բավականին անհեթեթ հայտարարություններով, թե միեւնույն է` ռուսներն ու թուրքերը չեն կարող երկարաժամկետ հեռանկարում բարեկամներ լինել:

Նկատենք, որ նույն այդ մարդիկ անցած նոյեմբերից հետո մեծագույն հրճվանքով ամպագոռգոռ հայտարարություններ էին անում այն մասին, թե հեսա-հեսա, ուր որ է՝ Ռուսաստանը վերանայելու է անգամ Կարսի պայմանագիրն ու քրեականացնելու է Հայոց ցեղասպանության ժխտումը: Հիմա էլ, չնայած ակնհայտ իրողություններին, փաստորեն նրանք չեն ցանկանում ընդունել, որ իրենց ուտոպիստական հայտարարություններում սխալվել են:

Ընդ որում, նկատենք, որ այդ նույն իշխանական շրջանակները ոչ պակաս ոգեւորությամբ հայտարարում էին, թե ռուս-թուրքական հարաբերությունների խզումը հսկայական օգուտ է բերելու հայկական գյուղատնտեսությանը: Մինչդեռ հիմա արդարանում են, թե յոթ ամիս ժամանակը շատ քիչ է՝ որեւէ գործընթացից օգուտ քաղելու համար, եւ շատ իմաստուն դեմքով արձանագրում, որ ռուս-թուրքական հարաբերությունների ո՛չ խզումից, ո՛չ էլ վերականգնումից հայկական կողմը ոչինչ չէր էլ կարող շահել:

Իրականում սա ողբերգություն է, քանի որ մեր երկրի ապագան տնօրինում են հենց այդ մարդիկ, որոնք ամենափոքր բանից պատրաստ են չպատճառաբանված հրճվանքի մեջ ընկնելով՝ ոսկու սարեր խոստանալ ժողովրդին, ապա սեփական հաշվարկների սնանկությանը բախվելով՝ առանց դույզն-ինչ անհարմար զգալու նոր, հորինած փաստարկներով արդարանալ եւ այդպես շարունակ՝ մեր երկիրն ու բարեկեցությունը գերի դարձնելով սեփական անհեռատես ու ծանծաղամիտ գործունեությանը:

Եվ երբ հիմա հայտարարում են, թե յոթ ամիս ժամանակը շատ քիչ է՝ տնտեսական օգուտ քաղելու համար, դժվար է չհարցնել՝ իսկ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության դեպքում ինչ փաստարկ պիտի բերեն: ժամանակին ԵՏՄ-ի դեպքում էլ էին մեծ-մեծ խոսում, թե Հայաստանի առջեւ բացվում է 175 միլիոնանոց շուկան, գյուղատնտեսւթյան նախարարը օրումեջ հարցազրույցներ էր տալիս՝ հայտարարելով, թե այդուհետ հայ գյուղացու բերքը դեռ չհասունացած արդեն վաճառված է լինելու, մինչդեռ ԵՄ-ին անդամակցելուց հետո մթերող գործարանների առաջ գոյացող անվերջանալի հերթերն ու արտերում տոննաներով չհավաքված բանջարեղենը լավագույնս ցույց են տալիս այդ հայտարարությունների արժեքը:

Եվ մի բան էլ. այդ ինչպես է պատահում, որ հայկական գյուղմթերքի արտահանման դեպքում յոթ ամիսը քիչ ժամանակատված է, իսկ, օրինակ, իրանական գյուղմթերքի համար երկու-երեք ամիսն էլ բավական է՝ ռուսական շուկան գրավելու համար: Իրականում սա այն դեպքն է, երբ դժվար է չմեջբերել Ռոբերտ Քոչարյանի սիրած ասացվածքներից՝ վատ պարողին խանգարող համապատասխան հանգամանքի մասին:




Լրահոս