ԱՄՆ եւ ՌԴ նախագահները երեկ քննարկել են Ղարաբաղի հիմնախնդիրը: Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ կայացած հեռախոսազրույցի ընթացքում, ըստ Կրեմլի տարածած պաշտոնական հաղորդագրության, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման բարձր է գնահատել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով ՌԴ-ի ձեռնարկած ջանքերը: Վլ. Պուտինն ամերիկյան պաշտոնակցին տեղեկացրել է ղարաբաղյան հակամարտության հարցով հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում ՀՀ-ի եւ Ադրբեջանի նախագահների հետ եռակողմ հանդիպման արդյունքների մասին: Պուտինն ընդգծել է, որ բանակցությունները կազմակերպելիս Ռուսաստանն ուղղորդվել է հակամարտության գոտում իրադրության անհապաղ կայունացմանը նպաստելու եւ խաղաղ գործընթացի առաջխաղացման համար պայմաններ ստեղծելու անհրաժեշտությամբ: Կողմերը պայմանավորվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում շարունակել համատեղ ակտիվ աշխատանքն այդ կարեւոր ուղղությամբ»,- ասված է Կրեմլի հաղորդագրությունում:
Իհարկե, ինչպես եւ վերջին ամիսներին ռուս-ամերիկյան բոլոր բարձրաստիճան շփումներում՝ Ղարաբաղյան հիմնախնդիրը քննարկվել է սիրիական եւ ուկրաինական թնջուկների հետ համատեղ, այսպես ասած՝ մեկ փաթեթում, սակայն դատելով հաղորդագրության տեքստից՝ այն այս անգամ եղել է առաջնայինը: Ըստ ամենայնի՝ այս հեռախոսազրույցով ամերիկյան կողմը փորձեց ընդգծել, որ կարգավորման գործընթացում իր միանձնյա դերակատարությունը Ռուսաստանը գերագնահատում է եւ առանց ԱՄՆ հետ համաձայնեցնելու՝ ոչինչ չի կարող լինել:
Սանկտ Պետերբուրգում կայացած վերջին հանդիպումից հետո, երբ նշվեց, որ կողմերը շարունակելու են երեք երկրների նախագահների ձեւաչափով հանդիպումները՝ «ի հավելումն ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացի», ոչ միայն հայ-ադրբեջանական, այլեւ միջազգային մամուլն արձանագրեց. Ղարաբաղի հարցով Ռուսաստանը փորձում է նոր ֆորմատ ձեւավորել՝ ԵԱՀԿ գործընթացին զուգահեռ: Իհարկե, դրանից հետո եղան դիվանագիտական հայտարարություններ, թե մեկը մյուսի լրացումն է, եւ ամեն ինչ համաձայնեցված է, սակայն ինչպես ԱՄՆ նախագահի այս հեռախոսազրույցը, այնպես էլ դրանից առաջ ֆրանսիական կողմի ակտիվությունը ցույց են տալիս, որ Մինսկի խմբի Արեւմտյան համանախագահները անհանգստացած են Ռուսաստանի՝ կարգավորման հարցում դոմինանտ դերակատարություն ունենալու ձգտումներից:
Ի վերջո, արդեն իսկ այն, որ Սանկտ Պետերբուրգում ընթացած փակ խոսակցության մասին տեղեկատվությունը ԱՄՆ-ն եւ Ֆանսիան ստանում են ոչ թե իրենց ներկայացուցիչներից՝ այդ եռակողմ խոսակցությանը չմասնակցած Մինսկի համանախագահներից, այլ ստիպված են լինում դիմել ռուս պաշտոնյաներին՝ որոշակի անհարմարություն է ստեղծում նրանց մոտ: Եվ Օբամա-Պուտին երեկվա հեռախոսազրույցի ընթացքում հնչած եւ Կրեմլի կողմից մեջբերված միտքը, թե ԱՄՆ-ն բարձր է գնահատում Ռուսաստանի ջանքերը, պետք է ընկալել որպես ավելին թույլ չտալու մասին զգուշացում: